Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասիս սարը Հին կտակարանում հիշատակված Արարարտը չէ

19:19, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
Մասիս սարը Հին կտակարանում հիշատակված Արարարտը չէ

Մասիս սարին Արարատ անունը միջին դարերում է տրվել: Սկզբում այդ լեռան անունը տալիս նկատի չեն ունեցել ներկայիս Արարատ=Մասիս լեռը: Նկատի են ունեցել Կորդվաց նահանգի մի ուրիշ լեռ կամ տեղանք: Պատահական չէ, որ այդ մասին շատ պարզ, հստակ վկայում է Փավստոս Բուզանդը: «Մծբինի Հակոբ եպիսկոպոսի մասին» գլխում կարդում ենք.

«Այն ժամանակները Մծբինի մեծ եպիսկոպոսը` մի սքանչելի ծերունի, ճշմարիտ գործերի մեջ վաստակավոր, որի անունն էր Հակոբ, Զգոն կոչված, աստվածընտիր մի մարդ (պարսիկ լինելով հանդերձ), վեր կացավ իր քաղաքից, որպեսզի գա հասնի Հայոց լեռները, Սարարադ լեռը, որ գտնվում էր Արարատյան թագավորության սահմաններում, Կորդվաց գավառում (հետազոտողները պարզել են, որ այս «Սարարադ» ձևն առաջացել է երկու կից բառերի սխալ տրոհումից. հնում երկաթագրերում բառերն իրար կից են գրել, օրինակ, ԻԼԵՐԻՆՍ ԱՐԱՐԱՏԱՅ-ը տրոհել են «ի լերին սարարատայ, փոխանակ գրեին «» ի լերինս Արարատայ»):

Նա լի էր Քրիստոսի շնորհներով, այնպես որ նրա ձեռքով հրաշքներ էին կատարվում: Նա եկավ մեծ փափագով ու ցանկությամբ և աղաչում էր Աստծուն, որ կարողանա տեսնել Նոյի փրկական տապանը, որ ջրհեղեղից հետո այս լեռան վրա հանգրվանեց, որովհետև ինչ որ նա Աստծուց խնդրում էր, ստանում էր: Արդ` երբ նա բարձրանում էր Սարարադյան լեռան անջրդի անապատ, քարաքարոտ տեղերով, ինքը և իր հետ եղողները հոգնեցին և ծարավեցին: Այդ ժամանակ մեծ Հակոբը ծունկ չոքեց գետնի վրա և տիրոջն աղոթեց: Եվ այն տեղից, որտեղ դրել էր իր գլուխը, մի աղբյուր բխեց. և ինքն ու իր հետ եղողները խմեցին: Մինչև այսօր էլ այդ աղբյուրին ասում են Հակոբի աղբյուր: Եվ ինքն իր չարչարալից գործը շարունակում էր, տիրոջն աղոթում էր, որպեսզի ցանկացածն անհապաղ տեսնի:

Արդ` երբ նա հոգնած էր վերը, կատարի մոտ, դժվար տեղում, խիստ տանջված էր, քունը տարավ: Եվ Աստծու հրեշտակը եկավ ու նրան ասաց. «» Հակո'բ, Հակո'բ»: Եվ նա ասաց. «» Այստե'ղ եմ, Տե'ր»: Եվ հրեշտակն ասաց. «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. Այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանակի փայտերից է. ահա բերի քեզ համար. այնտեղ է այդ: Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև Տերն այդպես կամեցավ»: Նա մեծ խնդությամբ ոտքի կանգնելով երկրպագեց Տիրոջը մեծ գոհունակությամբ և տեսավ տախտակը, որ կարծես կացնով կտրած` ճեղքած հանած էր ինչ-որ մեծ փայտից: Առնելով շնորհատուր պարգևը` ինքը և հետը եղողները այնտեղից ետ դարձան ու գնացին իրենց ճանապարհը»:


     Տապանակիր լեռ լինելու պատիվը, ինչպես վերն ասվեց, Մասիսին է «փոխանցվել» միջնադարում, միայն թե հայտնի չէ, թե կոնկրետ երբ և ինչ ապացուցողական փաստի հիման վրա: Միջնադարից ի վեր այս կարծիքն այն աստիճան է արմատավորվում ու ամրապնդվում, որ երբ Ռուսաստանի Եկատերինա Մեծ կայսրուհին իր գահակալության վերջին տարիներին գայթակղություն է ունենում Հայոց թագավորություն ստեղծել ու իր սիրեկան Պոտյոմկինին այդ թագավորության միապետ նշանակել, կարգադրում է այդ թագավորության համար զինանշան պատրաստել: Զինանշանի կենտրոնում Մասիս սարն էր` վրան Նոյի տապանը: Դրանից հետո էլ ավելի տարածվեց ու ամրապնդվեց այն կարծիքը, թե Նոյան տապանի լեռը Մասիսն է: Ինչպես Կորդուքի լեռներից Մասիսին է անցնում տապանակիր լեռան պատիվը, այնպես էլ Փավստոսի հիշատակած աղբյուրը փոխադրվում է Մասիսի վրա: Սարի աղբյուրներից մեկը «սուրբ Հակոբի աղբյուր» է հռչակվում ու մի առասպել է հորինվում, թե այդ աղբյուրի մոտ մորեխների ոխերիմ թշնամի` «տարմա» անունով թռչուններ են ապրել: Երբ մի տեղանքում անչափ բազմացել են մորեխները, և այդտեղ ապրողներն առվով ջուր են տարել, թռչուններն էլ առվի հետ գնացել են տվյալ տեղանք, հարձակվել են մորեխների վրա ու անխնա կոտորել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
17112 | 0 | 0
Facebook