Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծարավ չեմ թողնի.Իրական դեպք

Նինա Սարգսյան
12:16, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Ծարավ չեմ թողնի.Իրական դեպք

Ծարավ չեմ թողնի
    
    
Մեր փոքրիկ քաղաքում մի փոքրիկ մարդ էր ապրում: Այնքան փոքր էր, որ չէին նկատում:

Նրան ոչ ոք չէր տեսնում, միշտ անցնում էին անտարբեր ու քմծիծաղով: Կամ լուսանկարում էին իր փոքրության համար, երբեմն տրորում, երբեմն հոգին էին ուտում իրենց անհամ հումորներով ու այդպիսով ավելի խոցում նրան:

Բայց ավելի խոցելի էր նա, քանզի իրեն լսող, ընկեր չուներ: Միշտ ուզում էր, ինչ-որ կերպ մեծ երևալ:

Նա միայն մի տեղ գիտեր, որտեղ իրեն տեսնում էին, հասկանում ու նա առավել ապահով էր զգում: Դա մի անկյունում գտնվող փոքրիկ խանութն էր:

Այստեղ կային մարդիկ, որ նրան օգնում էին մեծանալ՝նրան պարբերաբար ջուր էին տալիս: Հենց ծարավում էր, միշտ հենց այդտեղ էր գնում, այնտեղ լսում էին նրա պատմությունները, գուցե մի քիչ խենթ, մի քիչ անիրական, բայց դա նրանց չէր խանգարում մի լավ ծիծաղել:

Մի անգամ, երբ նորից այդ փոքր մարդը մտավ խանութ ջուր խնդրելու, նա տեսավ, որ այնտեղ ջուր չկար: Առանց բառ ասելու դուրս եկավ խանութից: Խանութի մարդիկ շատ էին զարմացել, ինչու՞ նա անգամ չխոսեց իրենց հետ: Անցավ մի քանի րոպե ու վերադարձավ ծանր քայլերով՝ ջրի մեծ տարրան մեջքին շալակած ու ասաց.

-Որքան էլ ես փոքր ու անկարող լինեմ ինձ այսպիսի ճոխություն թույլ տալ՝այսքան մեծ տարրայով ջուրը կարողանալ կրել, միևնույնն է ես պարտավոր եմ դա անել: Ես ուզում եմ խոստովանել: Ճշմարտությունն այն է, որ այստեղից ջուր խմելը լոկ միայն պատրվակ է՝ ձեզ մոտ լինելու: Այստեղ ես ինձ լավ եմ զգում, ինձ՝ ձեզ հավասար եմ զգում:
     Ու հուզմունքից լաց եղավ:

Իսկ այսօր դուք իմ օգնության կարիքն ունեք: Ահա՛, խնդրում եմ վերցրե՛ք ջուրը, հո ծարավ չեմ թողնելու, կամ գուցե թեյ, սուրճ պատրաստել ուզենայիք:

Ու հենց այդ պահին նա այնքա՜ն «մեծացավ» , որ իր հասակով մեկ գերազանցեց բոլոր մարդկանց: Խանութի մարդիկ տեսան և շատ ուրախացան, որ նա այլևս փոքր մարդ չէր ու նրան արդեն բոլորն էին տեսնում:

Իրականում խոսքը մի մուրացիկ երիտասարդի մասին է, ով պարբերաբար ջուր է խնդրում Օպերայի տարածքում գտնվող մի խանութից, քանզի միայն այնտեղ են նրան թույլ տալիս ջուր վերցնել: Նրան իրոք շատ վատ են վերաբերվում անցորդները: Ու այն, որ նա իրոք ի սրտե մեծ քայլ էր արել ու հուզել բոլորին, դա փաստ է: Առակս ինչ կցուցանե, որ մարդիկ մեծ ու տեսանելի են իրենց արարքներով, այլ ոչ չափսերով կամ ունեցվածքով: Բարի ապրենք էս փուչ աշխարհում, ինչ ունենք տանելու:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3723 | 0 | 0
Facebook