Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Հոդվածներ

Ձեռքը՝ որպես խորհրդանշան

11:22, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ձեռքը՝ որպես խորհրդանշան

Օրինակ՝ ամպերի միջից «հայտնված» Ձեռքը եղել է Երրորդության առաջին դեմքի պատկերման վաղ ձևը: Գավազանը, սուրը կամ աշխարհագունդը բռնած ձեռքն իշխանություն է խորհրդանշել:

Ձեռքի քրիստոնեական խորհրդանշանները շատ ինքնատիպ են: Օրինակ՝ Հիսուսին հարվածող ձեռքը դարձել է Հիսուսի Տառապանքների գործիքներից մեկը, իսկ փող տվող ձեռքը մատնանշում է Հուդայի մատնությունը: Լվացվող ձեռքերը (խորհրդանշանը ծագել է Պիղատոսի գործողությունից) դարձել է անմեղության խորհրդանիշ, այդ պատճառով է, որ իր ձեռքերը լվացող երիտասարդ կինը խորհրդանշում է անհատականացված Անմեղությունը: Քրիստոսի ներկայությամբ քողով ծածկված ձեռքերը, համաձայն հին արևելյան սովորույթի, հանդիսանում են հարգանքի նշան:

Հնդկական ավանդությունում աստվածների ու աստվածուհիների բազմաձեռությունը նշանակել է նրանց հզորության և ուժի բազմապատիկ զորացում:

Եգիպտոսում կին աստվածուհին միշտ սրբազան ձեռքով է պատկերվել: Դա հատկանշական է հատկապես Իսիդա աստվածուհու դեպքում, որի պաշտամունքը սերտորեն կապված է եղել այն առասպելի հետ, որ նա կտրել ու գետն է նետել իր որդի Հորոսի ձեռքը՝ այն բանից հետո, երբ նա պղծվել է Սեթի հետ հարաբերվելով, որը կնոջ կերպարանք էր առել: Համաձայն առասպելի՝ Բաբելոնի վերջին թագավոր Բաղդասարը Բաբելոնի գրավման գիշերը խնջույք է կազմակերպում, որի ժամանակ երկնքում ձեռք է հայտնվում, որը խորհրդավոր բառեր է գծագրում: Այդ բառերը չեն կարողանում կարդալ բաբելոնական քրմերը, բայց Դանիելը դրանք մեկնաբանում է որպես Բաբելոնի կործանման կանխասացություն:

Ձեռքի ափը յուրօրինակ ծածկագրված լանդշաֆտ է՝ պատված լեռներով, գետերով ու հարթավայրերով: Յոթ բլուրները յոթ մոլորակներին են համապատասխանում: Համարվում է, որ դրանցով ձևավորված ռելիեֆը շատ բան կարող է ասել մարդու մասին: Օրինակ՝ Վեներայի բլուրը (բթամատը) առնչվում է հուզական ոլորտին և, մասնավորապես, սիրային գործերում հաջողություններին: Արևի բլուրը (մատնեմատ) կապված է ստեղծագործական կարողությունների հետ և այլն:

Մուրճ բռնած կոշտուկապատ ձեռքը հեղափոխական պրոլետարիատի խորհրդանշանն է եղել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանի խորհրդանիշը զենքն ամուր բռնած ձեռքն է եղել:

«Ձեռքի իշխանություն» -ը հաճախ հանդիպում է խեթական պետական պայմանագրերում, որտեղ ձեռքը գրկում է դաշնակցին: Ձեռքսեղմումը որպես դաշնության ու բարեկամության խորհրդանիշ առաջին անգամ ի հայտ է եկել 1696 թվականին հիմնադրաված «Hand in Hand Fire Office» ընկերությունում:

«Ձեռք» բառը խորհրդանշական հնչեղություն ունի մի շարք արտահայտություններում: Օրինակ՝ «ձեռքը ձեռք է լվանում», «իշխանությունն իր ձեռքը վերցնել», «Մոսկվայի ձեռքը»:

Ձեռքը խնդրելն ամուսնական կոդեքսում ապագա ամուսնության խորհրդանշանն է եղել:

Որպես մարդու կատարյալ զենք՝ ձեռքը մարմնավորում է ֆիզիկակական ու հոգևոր հզորություն: «Ոսկե ձեռքեր» արտահայտությունը վարպետության խորհրդանիշ է: Օրհնությունը բարձրացված ձեռքով է տրվում, իսկ գեղձախտը միջնադարյան Ֆրանսիայում «բուժել են» թագավորի ձեռքի հպումով: Վաղքրիստոնեական արվեստում հաճախ է պատկերվել վեր պարզած ձեռքերով կերպարանքի աղոթքը, իսկ Միջնադարում ձևավորվել է Տիրամոր սրբապատկերային տեսակը՝ «Օրանտա» -ն:

Ձեռքի շուրջ 2000 խորհրդանշական շարժում գոյություն ունի: Սեմանտիկայի ամենաառաջին ուսումնասիրողներից մեկը՝ Ֆրանսու Դելսարտը, կազմել է ժեստերի առաջին աղյուսակը: Ձեռքի մատների յուրաքանչյուր մասն իր նշանակությունն ունի: Օրինակ՝ մատների ծայրը՝ խելք (այստեղից էլ ցուցամատի շարժումը քունքին, որը նշանակում է, թե «խելքը գլուխը չէ») է նշանակում: Որքան մոտ է ձեռքի շարժումը մարմնին, այնքան առավել է այն կոնկրետ նշանակություն ձեռք բերում՝ պայմանավորված մարմնի որևէ մասի մոտիկությամբ: Ձեռքը որքան հեռու է մարմնից, այնքան ժեստը վերացական է և խորհրդանշական բնույթ է ձեռք բերում:

Ձեռքը մարդու ամենախոսուն օրգանն է: Օրինակ՝ մերժման շարժումը: Կրծքին խաչած ձեռքերը քողարկված սպառնալիք են իրենց մեջ ամփոփում, իսկ ուսի հատվածից սկսվող ձեռքի շարժումը «հեռացիր» է նշանակում: Բաց ձեռքն անկեղծություն է նշանակում: Մարդու ձեռքը բռնելը բարեկամություն է նշանակում, իսկ խոստում տալուց կամ գործարք կնքելուց հետո ձեռքը սեղմելը վերոնշյալների հաստատում է խորհրդանշում: Որպես հնազանդության նշան վասալն իր ձեռքերը դրել է այն սենյորի ափերի մեջ, որին հավատարմության երդում է տվել: Հին սաքսերի մեջ «ձեռնակապ ամուսնության» սովորություն է եղել, երբ ամուսնացողներն իրեր ձեռք են բռնել ու երդվել են մեկ տարով իրար հավատարիմ մնալ, որից հետո ամուսնությունը կարող էր քակվել կամ պաշտոնապես կնքվել եկեղեցում:

Տարածուն մատներով ձեռքի ափը հնուց ի վեր չար աչքի դեմ թալիսման է ծառայել: Այս նպատակով մետաղից, փայտից կամ փղոսկրից պատրաստրաստված թալիսմաններ են կրել: Հնում անգլիական Բարեմ կոմսությունում լավ նշան է համարվել ձախլիկին շաբաթվա ցանկացած օրը (բացի երեքշաբթիից) տեսնելը: Հնարավոր է, որ այդ ավանդույթը կապված է սկանդինավյան Տյուր աստծու հետ, որն իր ձախ ձեռքը զոհաբերում է գայլին, որպեսզի մյուս աստվածները կարողանան նրան կախարդական շղթայով շղթայեն: «Փառքի ձեռք» է անվանվում այն հմայիլը, որն օգտագործել են եվրոպական շատ երկրների ավազակներներն ու կախարդները: Կախաղան հանված հանցագործի չորացած ձեռնաթաթը հաճախ որպես մոմակալ են գործածել:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2260 | 0 | 0
Facebook