Իր ներկայությունն է տարիքն ընդգծել
Իմ մեջ ինչ-որ տեղ
(չգիտեմ որտեղ)
Իրոք որ, զգո՜ւմ եմ,
Զգո՜ւմ եմ թե իմ մեջ
Ինչպես է արյունս թանձրացել…
Եվ ապրումնե՜րս են մի քիչ ծանրացել,
Եվ երազնե՜րս են դարձել ծակծկող,
Ապրելու ծարա՜վն էլ կարծես հագեցել
Ու խռովքներս
Դարձրել է Կարոտ…
Անգո կենցաղի սուր ճիրաններից
Օրորոցի է կյանքը վերածվել,
Ինձ ճիշտ հասկացեք – չե՛մ կառչել կյանքից,
Հեռվից լսվում են ինձ կանչող ձայներ…
Մի՞գուցե ես էլ Հարություն կառնեմ
Ի՜նչ-որ ժամանակ,
Ի՜նչ-որ սրտի մեջ,
Բայց ես հիմա՛ եմ ուզում բարբառել -
Այլ ոչ թե հետո՜-
Ինչ-որ մեկի մեջ…
Է՜հ, ինչ լինելու է, թող լինի՛ այսօր-
Մինչ մթնշաղը՝
Գեղեցիկ մի օր ծնված արևից,
Վա՞ղը,
Վաղը այնքան էլ հարազատ չէ ինձ…
Չե՜մ սիրում վաղը…
Այսօր արդա՜ր եմ
Քան թե երբևէ,
Կարո՛տն է հոսում երակներով իմ,
… Եվ բարբառում եմ ինչպես մարգարե
Կյանքի ու մահվան սահմանագծին…
Այսօ՛ր կարող եմ խոսել թղթի հետ,
Վիճել գրիչիս ծայրով անողոք,
Այսօ՛ր կարող եմ ինքս ինձ մասնատել՝
Մաս-մաս ուղարկել եդեմ ու դժոխք…
Քիչ չափազանց են տողերս գրված
(Երևակայության պայծառ պատկերներ)
Մեկ անգա՛մ է մեզ կյանքը տրված,
Իսկ մահը՝
Հազա՜ր ու մի անգամներ…