Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դարձյալ յանկիների մասին` զվարճապատումներով համեմված

19:18, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Դարձյալ յանկիների մասին` զվարճապատումներով համեմված

18-րդ դարի կեսերին Նոր Անգլիայի կամ «Յանկիլենդ» -ի բնակիչները սիրել են պարծենալ իրենց ռազմաքաղաքական կամ գործարար հաջողություններով: Լինելով շատ պրակտիկ մարդիկ՝ նրանք թեպետ խոսել են երկրի «հիմնադիր հայրեր» -ի պատգամներին հավատարմության մասին, բայց իրենց շատ չեն ծանրաբեռնել պուրիտանների ծայրահեղական բարոյականության ծանր լծով: : Այս առիթով բազում պատմություններ են շրջանառվել:

Օրինակ՝ եկեղեցու կողքին մանրուքների խանութ բացած մի հոգևորական դիմում է իր կառավարչին. «Ջո՛ն, շաքարավազին գետի ավազից խառնեցի՞ր»: - «Այո՛, սը՛ր»: - «Ռոմին ջուր խառնեցի՞ր»: - «Այո՛, սը՛ր»: - «Ուրեմն ամեն ինչ կարգին է, կարելի է աղոթքի կանգնել»:

Երբեք չհուսալքվող ու միշտ ինչ-որ գործով զբաղված յանկին դառնում է ամերիկյան բանահյուսության առաջին հերոսը: Բայց նա դատարկ տեղում չի ծնվել, որովհետև նա ունեցել է իր եվրոպական նախատիպերը:

Եվրոպացի ջանասեր ու արագ կողմնորոշվող երկրագործ-արհեստավորը Նոր Աշխարհում դառնում է համարձակ ծովագնաց, արտասովոր ձեռներեց վաճառական, ֆինանսիստ, գյուտարար, որն ամենևին անհարմար չի զգում զբաղվել նաև քաղաքականությամբ ու քաղաքական կամ պետական գործիչ դառնալ: Հետագայում յանկիի տիպական կերպարանքը (երկարոտն, կարմրատակած, ճերմակամորուս մի ջենթլմեն, որի հագին զոլավոր տաբատ է, բաճկոն և սերթուկ, գլխին գլանաձև գլխարկ, իսկ թևի տակ` ձեռնափայտ) քեռի Սեմի` Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆոլկլորային խորհրդանշանն է դառնում:

Նոր Անգլիայի նշանավոր երգիծաբաններից մեկն այդ տեսակի դասական նկարագիրն է թողել.

«Իսկական յանկիները զվարճալի բնավորություն ունեն ու պարզապես եռում են նախաձեռնողականությամբ, գործարարությամբ ու հետաքրքրասիրությամբ: Նրանք նիհար կազմվածք ունեն` ինչպես մրցարշավային շները, համբերատար են իրենց նենգ խորամանկությունները գործի դնելիս: Միշտ զգաստ են ու զգույշ: Նրանց համբերությունից հանելը դժվար է: Կռիվներից խույս են տալիս, բայց անելանելի վիճակներում համակ վճռականություն են դառնում: Նրանց լեզուն հաճույքների փափագով է օծված, իսկ խոսքը քողարկում է օգուտ քաղելու նրանց ձգտումը…

Յանկիի մեջ համակերպման մի կաթիլ անգամ չկա: Նրա սերը գյուտարարության նկատմամբ աճեցնում է սեր փոփոխությունների նկատմամբ:

Յանկիի մյուս բնորոշ հատկանիշը մեծ կիրքն է իրական իրադարձություններից ու աներևակայելի ստերից հունցված պատմությունների նկատմամբ»:

ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ իր մականունն ունի: Օրինակ` արևելյան նահանգներին «Յանկիլենդ», այսինքն «Յանկիների երկիր» են անվանում: «Յանկիլենդ» -ը երկրորդ անուն էլ ունի. այն նաև «Ծիծաղի երկիր» անվամբ են մեծարում: Եվ այդպես էլ կա: Ուր որ գնացել է յանկին, այնտեղ ծիծաղն է բնակություն հաստատել: Յանկիի սուր, խայթող, բարեկամական, անբռնազբոս, թթու, խորամանկ, չար, զայրացնող, ուրախ, հանելուկային կատակները միշտ անվրեպ են եղել, ու մարդը, չուզենալով հանդերձ, ծիծաղել է, թեպետ իր բնույթով յանկին խստաբարո է, գործնական ու, որքան էլ զարմանալի է, սակավախոս:

Իսկ ինչպե՞ս է նա կատակել: Հոնքն անգամ չի շարժել, չի էլ ժպտացել: Պատմությունը որքան զվարճալի է եղել, նրա դեմքն այնքան մռայլ տեսք է ունեցել: Բայց երբ խոսքն ինչ-որ լուրջ, նույնիսկ ողբերգական բանի է վերաբերել, յանկիի բերանի բացվածքն ականջներին է հասել:

Նա իր պատմությունն անելիս խոսքն հաճախ ծոր է տվել, մտածել է, թե ինչ ասի, ասես Մարկ Տվենից է սովորել, թե ինչպես պետք է հրամցնի զվարճապատումը: Ինքդ չծիծաղես, ժամանակին դադար առնես, իսկ ամենածիծաղելի մասում դեմքդ ծամածռես: Դրա համար տաղանդ է հարկավոր, բայց դե յանկին հենց այդ տաղանդով է աշխարհ եկել:


     Յանկիի լակոնիկությունը

-Ասա' ինձ, եղբա'յր, - դիմում է եղբայր Ջոնաթանը նույնպես յանկի կառապանին, ժամը քանի՞սն է: Այդ ո՞ւր ես այդքան շտապում: Այս գետակը շա՞տ խորն է: Ձեզ մոտ յուղն ի՞նչ արժե:

-Ժամը երկուսն է…տուն…մինչև գոտկատեղը…տասնմեկ ցենտ:

Սխալ ուղղությամբ ընթանալով


     Ծովածոցի գլխին սև ամպեր են կուտակվում, - ասաց նավապետ Էլդեդն իր երիտասարդ ղեկակալ-օգնականին: - Նավը դեպի տուն դարձրու, եղբայրս, - հրամայեց նա ու իջավ նավախուց:

-Ի՞նչ ուղղությամբ գնամ, - նավապետի հետևից կանչեց երիտասարդը:

-Հետևիր ճայերի՛ն, - պատասխանեց նավապետը, - նրանք քեզ մինչև տուն կհասցնեն:

Նրանց տունը Տուրոյում էր. դա Կանադայում է: Իսկ նավը գտնվում էր Քեյփ Քոդ ծովածոցում՝ Չաթեմ քաղաքից ոչ շատ հեռու, որը Մասսաչուսեթս նահանգում է:

Նավապետը նավախուց մտավ: Վեց ժամ հետո արթնացավ ու բարձրացավ տախտակամած: Իսկ նավը դեռ տեղ չի հասել, թեպետ արդեն վաղուց պետք է կառամատույցում լիներ: Նավապետը շուրջբոլորն է նայում. Քեյփ Քոդ թերակղզու ծայրամասային հրվանդանն հազիվ նկատելի էր: Այս ի՞նչ է անում էս սատանի ծնունդ ղեկակալը:

-Նավն այս ո՞ւր ես տարել, - զայրանում է նավապետը:

-Ճայերի հետևից եմ գնում: Չէ՞ որ ինքներդ ասացիք:

-Ա'խ դու գորտի ուղեղով գեղցի: Պետք է ոչ թե տրուրյան, այլ չատենյան ճայերին հետևեիր:


     Յանկին ճանապարհին


     Մի բոստոնցի ձիով Չեստերֆիլդ է գնում Վերմոնտ նահանգով: Ճանապարհին նա հաստաբուն ծառը կտրող մի երիտասարդի է տեսնում:

-Ջե՛կ, ա՛յ Ջեկ, - գոռում է հեծյալը, - ես ճի՞շտ եմ Չեստերֆիլդ գնում:

-Այդ որտեղի՞ց վերցրեցիր, որ անունս Ջեկ է, - զարմանում է երիտասարդը:

-Վերցրեցի՛ ու գուշակեցի՛, - պատասխանում է հեծյալը:

-Դե այդ դեպքում քեզ համար հասարակ բան է Չեստերֆիլդի ճիշտ ճանապարհը գուշակելը, - ասում է փայտահատը:

Պետք է ձեզ ասեմ, որ այն հեռավոր ժամանակներում ցանկացած յորքշիրցու Ամերիկայում ընդունված է եղել Ջեկ անվանել:

Բոստոնցին շարունակում է ճանապարհը: Երբ սկսում է մթնել, նրան մի ֆերմեր է հանդիպում: Բոստոնցին քաղաքավարությամբ հարցնում է.

-Ասա՛, բարեկա'մս, ես ճի՞շտ եմ ընտրել Չեստերֆիլդի ճանապարհը:

-Այո՛, ճիշտ ես ընտրել, - պատասխանում է ֆերմերը: - Միայն թե լավ կլինի, որ ձիուդ պոչի ու գլխի տեղերը փոխես, այլապես երբեք Չեստերֆիլդ չես հասնի:


     Նավապետական գլխարկը


     Նա, ով ամբողջ կյանքը ծովում է անցկացրել, կարողանում է ճշգրտորեն կանխագուշակել եղանակը: Օրինակ` ահա ձեզ մի պատմություն հանգստի անցած ծեր նավապետ Ֆին Էնդրիջի մասին: Երբ նա թոշակի անցավ, Իսթեմում ագարակ հիմնեց ու սկսեց շաղգամ աճեցնել: Մինչդեռ իր ամբողջ կյանքում նավի հրամանատար էր եղել:

Հա, ուրեմն, մի անգամ նավապետ Էլդրիջն ընթիքին ուշանում է: Կինը նայում է պատուհանից, բայց միայն թեթև քամուց ալիքների վրա ճեմող կանաչ տերևուքներ է տեսնում: Հետո ստվերի նման մի բան է անցնում այդ կանաչած ծովի վրայով, ու հենց այդ պահին տուն է ներխուժում շնչակտուր նավապետ Էլդրիջը: Նա նետվում է դեպի հեռախոսի սարքը, վերցնում է խոսափողը, պտտում է բռնակն ու գոռում.

-Միացրե'ք Չատեմ: Արա'գ: Ալո: Չատե՞մն է: Տվե'ք Սեմ Փեյնին: Ողջո'ւյն, Սե'մ: Հենց նոր գլխարկս գլխիցս թռավ: Թեթև քամին այն ուղիղ հարավ է քշում` ափամերձ խութերի կողմը: Ես հաշվել եմ, որ այն ուղիղ տասնչորս րոպե անց քո մոտով կանցնի: Շատ եմ խնդրում, վաղվա փոստով այն ետ ուղարկիր: Պայմանավորվեցի՞նք, Սեմ:

Կարող եք չկասկածել, նավապետ Էլդրիջի գլխարկն ուղիղ տասնչորս րոպե անց Սեմի` Չատեմում գտնվող տան վրայով անցավ: Եվ հաջորդ օրը նավապետ Էլդրիջն առավոտյան փոստով այն ետ ստացավ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4378 | 0 | 0
Facebook