Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դատական համակարգի բարեփոխումներ

18:43, կիրակի, 10 փետրվարի, 2019 թ.
Դատական համակարգի բարեփոխումներ
     Հեղափոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել ձևավորել հասարակական, տնտեսական, քաղաքական պայմաններին համարժեք նոր դատական իրավապահ համակարգ, որի հիմքում պետք է ընկած լինեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքները: Հայաստանում գործող նախահեղափոխական դատական և իրավապահ համակարգը անարդյունավետ էր, քանի որ օրենքները բխում էին օլիգարխիկ ռեժիմի շահերից՝ անտեսելով հասարակ քաղաքացու և ժողովրդի շահերը: Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչն ամրագրված է սահմանադրությամբ: Ժողովրդի իշխանության իրագործումը մեր երկրում կատարվում է երեք իշխանական մարմինների միջոցով՝ օրենսդիր մարմին, որն Ազգային ժողովն է, գործադիր մարմին, որը կառավարությունն է և դատական մարմին, որը մեր երկրում գործող դատարաններն են: Հեղափոխությունից հետո ժողովրդի իշխանության լիարժեք իրագործման համար հարկավոր է փոփոխություններ իրականացնել իշխանական երեք մարմիններում էլ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով ու դրան հաջորդած ժամանակահատվածում կառվարությունում կատարված փոփոխություններից կարելի է եզրակացնել, որ օրենսդիր ու գործադիր մարմիններում կադրային անհրաժեշտ փոփոխությունների կատարումն ավարտված է: Սակայն նախկին ռեժիմի որոշ անդամների դեմ քրեական գործերի հարուցումը, դրան հաջորդող կալանքն ու տարբեր կասկածելի պատճառաբանություններով գրավի դիմաց նրանց ազատ արձակումը խոսում է այն մասին, որ մեր երկրի դատական համակարգում դեռևս չեն կատարվել անհրաժեշտ փոփոխություններ, ինչը խոչընդոտ է հանդիսանում պետական համակարգի բնականոն աշխատանքի համար: Մոտ երեսուն տարի իշխող ռեժիմի կամայականություններով, հրահանգներով ու ցուցումներով առաջնորդված դատավորները չեն կարող ինքնուրույն ու արդարացի որոշումներ կայացնել, հետևաբար հարկավոր է նրանց փոխարինել գրագետ, բանիմաց ու նախկին ռեժիմին չծառայած դատավորներով: Համակարգի արդյունավետության ռացիոնալ չափանիշ հասկացության մեջ մեզ անհրաժեշտ է քննական տեսություն մտցնել: Եթե գործող համակարգում չեն գործում բարձր կարգի մասնագետներ, ապա այդ համակարգի արդյունավետությունն իջնում է:
     Համակարգի արդյունավետության համար անհրաժեշտ է որակյալ կադրերի ապահովումը: Եվ մասնագետներ պատրաստելու գործընթացում անհրաժեշտ է ղեկավարվել ոչ միայն վերացական տրամաբանական համակարգով, որը բավարարում է համընդհանուր ճանաչում ստացած չափանիշներին՝ արդարություն, բարություն, ազատություն, հավասարություն, մարդասիրություն, այլ այն պետք է դիտարկել նաև կոնկրետ ազգային մշակույթի տեսանկյունից, որտեղ ձևավորվել և զարգացել է իրավունքը: 2005թ. սահմանադրական փոփոխությունների փաթեթն այլ կարևոր խնդիրների շարքում ներառեց նաև դատական իշխանության կազմակերպմանը և գործունեությանը վերաբերող դրույթները: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց եռաստիճան դատական համակարգ, այն է՝ առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարաններ և վճռաբեկ դատարան: Բայց համակարգը մնաց նեխած ու անարդյունավետ: Ներկայիս դատաիրավական համակարգը հետադիմական բնույթի է և չի կարող ապահովել դատական համակարգի զարգացումը: Իսկ դրա գործունեությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Եվ այս առումով այսօր կարևոր է դատական համակարգում կատարել որոշ փոփոխություններ: Մեծ է հասարակության և դատարանների միջև առկա անջրպետը, հարկավոր է վերացնել այն: Իրավաբանական ծառայությունը, հատկապես փաստաբանի կողմից մատուցվող ծառայությունը, էլ ավելի անմատչելի է դառնում հասարակ քաղաքացիների համար, խոչընդոտում է առանց այն էլ չկայացած փաստաբանական ինստիտուտի կայացմանը: Իսկ ինչ վերաբերվում է իրավապահ մարմինների գործունեությանը, պետք է ոլորտում ապահովվի մարդու իրավունքների պաշտպանությունը: Քաղաքացու համար գործող օրենսդրության շրջանակներում օրենքը պաշտպանության որևէ միջոց, մեխանիզմ չի նախատեսում: Առաջնայինը պետության հնարավոր միջամտության համար քաղաքացու պաշտպանության հնարավորություններ ստեղծելն է: Պետք է բացառվի խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության անօրինական գործողությունների իրականացումը և կրկնությունը, ինչպես օրինակ՝ 2015 թ. «Էլեկտրիկ Երևան», 2017թ. հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում «Սարի թաղում» տեղի ունեցած հավաքներն ու երթերը, որոնք ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով, ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնությունների կիրառմամբ: Պետք է իրավապահ մարմինն անցնի ազգային ժողովի ենթակայության տակ, դրանով ավելի կմեծանա ժողովրդավարության թափանցիկությունը: Իսկ ոստիկանապետը պետք է նշանակվի ազգային ժողովի կողմից՝ 5 տարի ժամկետով:
    
     Հարգանքներով՝ ՄՀԱ ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն, 09.02.2019 թ:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1127 | 0 | 0
Facebook
COMMENT.am