Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարոն և տիկին Ենթադրությունները

14:15, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
Պարոն և տիկին Ենթադրությունները

Այս պատմությունը, համոզված եմ, ձեր ժպիտը կհարուցի, ու նաև ցույց կտա, թե մեզանից շատերը որքան են հակված նմանվել պարոն և տիկին Ենթադրություններին:


     Պարոն և տիկին Ենթադրությություններն իրար քնքշորեն սիրում էին: Մի անգամ պարոն Ենթադրության մեջքն ուժեղ ցավեց: Նա ենթադրեց, թե ցավն առանց դեղ ու դարմանի, ինքնաբերաբար կանցնի և նաև ենթադրեց, թե եթե տիկին Ենթադրությանն իր մեջքի ցավի մասին ասի, նա շատ կանհանգստանա, ու որոշեց նրան չանհանգստացնել իր մեջքի ցավով:

Տիկին Ենթադրությունն զգաց, որ նա օտարոտի տեսք ունի, բայց ենթադրեց, թե նա մանր-մունր խնդիրներ ունի ու չի ցանկանում դրանց իրեն հաղորդակից դարձնել: Տիկինը ենթադրեց, թե եթե ինքը նրան հարցնի, թե հո բան չի պատահել, նա չի խոստովանի, և ուրեմն կարիք չկա հարցնել:

Պարոն Ենթադրությունը ենթադրեց, թե տիկին Ենթադրությունը շատ է տարված իր չնչին անձով, և չի կարող նկատել, որ իր մեջքը ցավում է, ու պարոն Ենթադրությունը մի քիչ նեղսրտեց: Նա «բարի գիշեր» ասաց ու մի քիչ զայրացած գնաց քնելու:

Տիկին ենթադրությունը ենթադրեց, թե նա իր կողքին նստելուց հոգնել է ու ենթադրեց, որ պետք է նրան իր մտքերի հետ մենակ թողնի: Ուստի նա «բարի գիշեր» -ին «բարի գիշեր» -ով պատասխանեց ու որոշ ժամանակ անց մի քիչ նեղացած պառկեց ամուսնու կողքին՝ նրան թիկունք դարձրած: Կնոջը թիկունք էր դաձրել նաև ամուսինը: Երկուսն էլ մտովի ուշ քնեցին, որովհետև մտորում էին իրենց ենթադրությունների շուրջ:

Լույսը շուտ է բացվեց, և քանի որ զարթուցիչն սկսել էր աղմկել, պարոնը, որի քունն ընդհատվել էր, կատաղեց: Նա ենթադրեց է, թե տիկին Ենթադրությունը խորը քնած է ու չի ցանկանում վեր կենալ, որպեսզի իր հետ նախաճաշի, որովհետև նախընտրում է անկողնում մնալ:

Պարոն Ենթադրության կոշտ շարժումներից տիկին Ենթադրությունը զգաց, որ նա գիշերը լավ չի քնել ու ենթադրեց, որ նա չի ուզում ոչ մեկի հետ խոսել ու ձևացրեց, թե քնած է, որպեսզի նրան չզայրացնի:

Մինչև կեսօր երեք հեռախոսազանգ հնչեց պարոն և տիկին Ենթադրությունների տանը և, ամեն անգամ, երբ տիկին Ենթադրությունն «ալո» էր ասում, զանգահարողը դնում էր խոսափողը: Տիկին Ենթադրությունը ենթադրեց, որ զանգահարողն իր հետ չէր ուզում խոսել: Նա, ուրեմն, ենթադրեց, որ զանգահարողն ուզում էր պարոն Ենթադրության հետ խոսել, բայց քանի որ զանգահարողը չխնդրեց, որ նա մոտենա խոսափողին, ուրեմն կարիք չկա, որ ինքն իմանա, թե ով էր զանգահարողը: Տիկին ենթադրությունը հիշեց պարոն Ենթադրության՝ երեկվա երազկոտ դեմքը և ենթադրեց, որ այս զանգերը կարող են կապ ունենալ նրա երազկոտության հետ: Գուցե նա սիրային կա՞պ ունի: Եվ տիկին Ենթադրությունը ենթադրեց, որ նա այդ մասին չի ուզում իր հետ խոսել, և որ հենց այդ հանգամանքն է նրան երազկոտ դարձրել: Այս ամբողջ սցենարը նրա գլխում դոփեց ամբողջ ցերեկը:

Պարոն Ենթադրությունը իր հաճախորդներից մեկի հետ պիտի ընթրեր. նա տուն զանգահարեց, որպեսզի տիկին Ենթադրությանը նախազգուշացնի, որ կուշանա: Տիկին Ենթադրությունը նրան չորությամբ պատասխանեց, որովհետև նա նրան այլևս չէր հավատում: Նա ենթադրեց, թե նա մի նոր կնոջ է հանդիպել, և որ երեք անգամ զանգահարողը հենց այդ կինն է: Իսկ պարոն Ենթադրությունն էլ ենթադրեց, թե կինը նախադաշտանային փուլում է, և խոսափողն արագ դրեց, որպեսզի նրա անդորրը չխաթարի:

Տիկին Ենթադրությունն արձանագրելով, որ ամուսինը շտապեց հեռախոսն անջատել, ենթադրեց, թե նա այդպես վարվեց, որպեսզի այդ նոր կնոջը հանդիպի, և այդ պահից սկսած զայրույթը համակեց նրան: Տիկինը ենթադրեց, թե նա ուշ է վերադառնալու: Նա այլևս չէր ուզում նրան սպասել, ուստի հագնվեց, մի երկտող դրեց սեղանին, որում ասված էր` «Զվարճանալու հերթն իմն է», և տնից դուրս եկավ, որպեսզի մի քիչ լիցքաթափվի:

Պարոն Ենթադրությունն էլ իր հերթին կարճ կապեց իր գործարար ընթրիքը և անմիջապես տուն վերադարձավ՝ ենթադրելով, որ տիկին Ենթադրությունը տանը կլինի, և որ ինքը նրան կպատմի իր մեջքի ցավի և հոգնածության մասին: Երբ նա տեսավ սեղանին դրված երկտողը, ուղղակի չհասկացավ, թե կինն ինչ է ցանկացել ասել, բայց ենթադրեց, թե տիկին Ենթադրությունն օգտվել էր այն փաստից, որ ինքը ստիպված է ուշ ժամի աշխատել, որպեսզի գնա քեֆ քաշի քաղաքի բարերում: Նա ենթադրեց, որ կինն այդ բանն արել է ամեն անգամ, երբ ինքը գործնական ընթրիքի է եղել: Նա կատաղությունից գժվել էր…

Մի օր էլ իմացանք` պարոն և տիկին Ենթադրություններն ամուսնալուծվել են: Մենք էլ ենթադրենք, թե նրանք գուցե հասկացել են, որ, ենթադրելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ հաղորդակցվեին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4233 | 0 | 0
Facebook