Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թյուրիմացության «արգասիք» աշխարհագրական մի քանի անուն

19:16, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
Թյուրիմացության «արգասիք» աշխարհագրական մի քանի անուն

Դրանք քարտեզներին հայտնվել են հայտնագործողների սխալմունքի հետևանքով: Բերեմ մի քանի օրինակ:


     Կենտրոնական Ամերիկայում կա մի պետություն, որի անունը Կոստա Ռիկա է: Երկրին այս անունը տվել է Քրիտափոր Կոլոմբոսը, որը թարգմանաբար նշանակում է «հարուստ ափ»: Տեսնելով, թե որքան շատ ոսկյա զարդեր են կրում տեղի բնակիչները՝ իսպանացիները ենթադրում են, թե այդ երկրամասում ոսկին առատ է: Բայց նրանք սխալվել էին: Հետագայում պարզվում է, որ այստեղ ոսկու հանքեր չկան, իսկ տեղի հնդկացիների ոսկյա զարդերը Պերուից էին բերված: Բայց և այնպես տեղանքի անունը չի փոխվում, և հետագայում այդ անունը տրվում է Իսպանիայից անկախացած այդ երկրին:

Թյուրիմացության հետևանք է նաև Սախալին կղզու անունը: Այդ տարածաշրջանը քարտեզագրող ֆրանսիացիները կղզու արևմտյան ափն ուրվագծող քարտեզին գրում են «Սախալին անգահատա», որը մոնղոլերեն բառակապակցություն է և թարգմանաբար նշանակում է «սև գետի գետաբերանի ժայռեր»: Սախալինի մասին պատմող ուղեգրություններում Անտոն Չեխովն այս առթիվ գրել է. «Այս անունը, ամենայն հավանականությամբ, վերաբերել է Ամուր գետի գետաբերանի քարափին, իսկ ֆրանսիացի աշխարհագետներն այն սխալմամբ վերագրել են կղզուն»: Հետագայում ֆրանսիացիների թույլ տված սխալը չի ուղղվում ու հայտնվում է նաև ռուսական աշխարհագրական քարտեզներում:

Զվարճալի թյուրիմացության ծնունդ է նաև Պերուի Արեկիպա քաղաքի անունը: Երբ 16-րդ դարում ներկայիս Պերուի տարածք են ներթափանցում իսպանացի կոնկիստադորները («կոնկիստադոր» եզրը «նվաճող» է նշանակում), նրանցից մեկը, դիմելով ինկերի կայսրին, մատնացույց է անում գետինն ու հարցնում. «Այս երկրի անունն ի՞նչ է»: Կայսրին թվում է, թե օտարերկրացին գետնին նստելու թույտվություն է խնդրում ու ասում է «Արեկիպա'», որ նշանակում է «Նստի'ր»:

Եվս մեկ օրինակ: Բերինգի նեղուցի ամերիկյան ափին (Ալյասկա կղզի) գտնվող Նոմ քաղաքն իր անվանը համար «պարտական է» ամերիկացի քարտեզագիրների անուշադրությանը: Ավելի վաղ շրջանում այս քաղաքը էսկիմոսական փոքրիկ գյուղ է եղել: Այս գյուղը քարտեզի վրա առաջին անգամ նշել է մի ֆրանսիացի ծովային սպա: Բայց նա մոռանում է տեղի բնակիչներին հարցնել նրանց բնակավայրի անունը և բնակավայրի պայմանական նշանի կողքին հարցակա նշան ու «nome» («անունը») բառն է գրում՝ դրանով իսկ ընդգծելով, որ անհրաժեշտ է իմանալ գյուղի անունը: Բայց ֆրանսիացու գծագրած այս քարտեզն օգտագործած ամերիկացի քարտեզագիրները անուշադիր են լինում ու անտեսում են հարցական նշանը: 1849 թվականին քարտեզը տպագրվում է, ու առ այսօր էսկիմոսների բնակավայրը Նոմ անունն է կրում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4829 | 0 | 0
Facebook