Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում գործել է իր իրավասությունների շրջանակում». Վանեցյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը

18:06, ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ.
«ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում գործել է իր իրավասությունների շրջանակում». Վանեցյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը

Ազգային անվտանգության ծառայությունը Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների հետ կապված բողոքի ակցիայի ընթացքում գործել է իր իրավասությունների շրջանակում:

«Արմենպրես» -ի հարցին ի պատասխան այս մասին փետրվարի 1-ին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


    

«Բագրատաշենի անցակետի համար մեր տարածած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ մեր գործառույթներին: Այսինքն` սահմանին վերահսկողության գործառույթն իրականացնելուն, որը դրված է Ազգային անվտանգության ծառայության վրա, այդ մեքենաների կուտակումը խոչընդոտ էր ստեղծում: Այնտեղ կուտակված են շուրջ 700-800 մեքենա, որոնց թիվն անընդհատ ավելանում է: Մենք կոչով դիմել ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, որպեսզի կարողանանք իրականացնել օրենքով վերապահված մեր լիազորությունները», - ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրեն զեկուցել են անցակետի տարածքում ազատ գոտու մասին, որտեղ էլ կարող են ժամանակավորապես կայանվել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները:

«Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքն ազատ տարածք կա, պետք է հիմա ՊԵԿ-ի հետ քննարկումներ իրականացնենք, փորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաները տեղափոխեն ազատ տարածք, մինչև որոշումը կկայացվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ, և դրանից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաները ներկրել ՀՀ տարածք և մաքսազերծել», - նշեց նա։


    

    

Արթուր Վանեցյանը հավելեց նաև, որ իրենք սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեն, բայց այդ իրավունքից չեն օգտվում:

Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել:

Ավտոներկրողների անցկացրած բողոքի ակցիաներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով:

«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները», - ասել է նախարարը:

Հունվարի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կոչ քաղաքացիներին՝ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքից դուրս բերել այնտեղ կայանված հիմնականում աջ ղեկով մեքենաները, որոնք դժվարություններ են ստեղծում անցակետի աշխատանքներում: Բագրատաշենի անցակետում աջ ղեկով ավտոմեքենաների կուտակումներ են առաջացել, քանի որ բազմաթիվ ավտոներկրողներ, չնայած այն հանգամանքին, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը Հայաստան արգելված է, դրսից աջ ղեկով ավտոմեքենաներ են պատվիրել, իսկ Բագրատաշենի անցակետում նրանց արգելել են դրանք ներմուծել:

Հունվարի 25-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը Վրաստան ուղևորվելու ճանապարհին տեսել է ցուցարարներին, մոտեցել և զրուցել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4440 | 0 | 0
Facebook