Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանցավոր անտարբերություն. հաշմանդամություն ունեցողների խնդիրները չեն լուծվում

18:47, կիրակի, 27 հունվարի, 2019 թ.
Հանցավոր անտարբերություն. հաշմանդամություն ունեցողների խնդիրները չեն լուծվում
    
    
    


    
    
    
    
    
    

     Հոդվածը բարձրաձայնում է հաշմանդամություն ունեցող անձանց և ներառական կրթության կիրառման հիմնախնդիրների մասին, որոնք տարիներ շարունակ չեն կարգավորվում:

Անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների առջև հարց բարձրացնել՝ վերը նշված անձանց կենսաթոշակի բարձրացման և այլ արտոնություններ տրամադրելու, մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանը նպաստող կառույցների վիճակի բարելավման վերաբերյալ: Ձմռանը դրանք մեծամասամբ նորմալ չեն ջեռուցվում, մասնավորապես Հանրապետության ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, որտեղ պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը 40 %-ից ավել է: Որքան աղքատ է պետությունը, դեգրադացված է տնտեսությունը, այնքան դժվար է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցությունը:

Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալներով, հաշմանդամների թիվը 2018 թվականին եղել է 16.707-ը, 2017-ին՝ 19.006-ը:

Հաշմանդամների համար առկա են մի շարք չլուծված խնդիրներ. փողոցների մայթերն հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար, անվասայլակները չեն տեղավորվում տրանսպորտային միջոցների մեջ:

Գյումրիում նախքան չինական ավտոբուսներ բերելը խոսակցություններ եղան, որ դրանք թեքահարթակներով են լինելու, որպեսզի անվասայլակներով տեղաշարժվող ֆիզիկական խնդիրներ ունեցող անձինք կարողանան հեշտությամբ բարձրանալ ավտոբուս, սակայն դրանք այդպես էլ չկառուցվեցին: Այսօր Գյումրիում երթևեկությունը մեծամասամբ միկրոավտոբուսներով է իրականացվում, որոնցով երթևեկելը հարմարավետ չէ անգամ հաշմանդամություն չունեցողի համար:

«Որքան հաճախ է երեխան պարապում, այնքան լավ արդյունք է ունենում»

Թեև ՀՀ-ում գործում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, ՀՀ սահմանադրությամբ մեր երկիրն համարվում է սոցիալական պետություն, սակայն տիրող անարդարության և սոցիալական բևեռացման պատճառով իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բազմաթիվ ընտանիքներ կան, ովքեր ի վիճակի չեն անգամ իրենց բուժման ծախսերը հոգալ: Երեխաները, ովքեր ամենապաշտպանվածը պետք է լինեին, իրականում ամենախոցելին են. Գյումրիում՝ տնակներում բնակվող կիսասոված երեխաները առողջական տարբեր խնդիրներ են ունենում, սոցիալապես անապահով ընտանիքները չեն կարողանում հոգալ նրանց հաշմանդամություն ունեցող երեխաների բուժման ծախսերը: Իհարկե, հանրապետության մյուս շրջաններում ևս իրավիճակը բարվոք չէ, այդ թվում՝ մայրաքաղաքում:

Լուսանկարում 4-ամյա Վահանն է
Լուսանկարում 4-ամյա Վահանն է
Տիկին Գայանեն բնակվում է Երևանում, նա տեղեկացրեց, որ իրեն ամսական մոտ 30000-40000 դրամ գումար է անհրաժեշտ իր երեխային լոգոպետի մոտ ուղարկելու համար. «Բոլոր բալիկներին տարին երկու անգամ հնարավոր է անվճար լոգոպետի մոտ ուղարկել, մնացած դեպքերում լրացուցիչ պարապմունքները վճարովի են: Որքան հաճախ է երեխան պարապում, այնքան լավ արդյունք է ունենում: Լոգոպետի ամենամատչելի պարապմունքը 3000 դրամ արժե: 10-12 պարապմունք պետք է, որպեսզի գոնե մի արդյունքի հասնենք: Եթե հիվանդության հետևանքով առաջացած վնասվածքը խորն է, ապա ավելի ինտենսիվ է անհրաժեշտ պարապել»:

Տիկին Գայանեի որդին՝ 4-ամյա Վահանը, մանկական ուղեղային կաթվածով է տառապում, նրա ուղեղն ախտահարված է, վերջույթները լավ չեն գործում, նա դեռևս չունի հաշմանդամության կարգ: Լոգոպետի մոտ երեխայի հետագա այցերն անհրաժեշտ են նրա կյանքի որակի բարձրացման և նախակրթարան հաճախելուն պատրաստվելու համար: Հակառակ պարագայում երեխայի համար դժվար կլինի նախակրթարան հաճախելը, քանի որ նրա մոտ առկա են ֆիզիկական և մտավոր խնդիրներ:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները, «հավասար հնարավորությունների-ի սկզբունքը

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներից առանձնացնում է քաղաքի ոչ մատչելի լինելը սայլակով ման գալու, սպասարկման օբյեկտներից օգտվելու տեսանկյունից. «Չկա որևէ խանութ կամ դեղատուն, որտեղ հաշմանդամը կարողանա մուտք գործել և իր ուզած շորը, կոշիկը կամ դեղը գնել: Աշխատանքի մեծ խնդիր կա, թեև կան հաշմանդամներ, որոնք ամեն ինչ կարող են անել, սակայն գործատուն մտավախություն ունի, որ իրենք օգտվում են սայլակից կամ քայլակից, ուստի իրենց համար դժվար կլինի աշխատելը: Հաշմանդամություն ունեցող անձը գումար վաստակելու լուրջ խնդիր ունի, ամենակարևորն աշխատանք ունենալն է, ոչ թե գնա, խնդրի, որ իրեն գումար տան, ապրի:

Շուտով լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-ամյակը, կուզենայի, որ պետությունը մտածեր՝ հաշմանդամություն ունեցող անձինք էլ են հավասար մարդիկ և կուզենային հավասար քայլել քաղաքում, ունենային հավասար հնարավորություններ ամեն բնագավառում»:

Հոգեբան և արտթերապևտ Սոֆիա Հովսեփյանը նշում է, որ հիմնական խնդիրը, որին բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք քաղաքի անհարմարավետությանն է վերաբերում: Անհրաժեշտ է նրանց համար հարմարեցված շինություններ կառուցել: Գյումրիում ընդհանուր շինարարական աշխատանքների հետ մեկտեղ անհրաժեշտ է կարգավորել ֆիզիկական մատչելիության, թեքահարթակների կառուցման պահը: Թեև վերահսկողություն սահմանվում է, նախագծերում ներառված է դրանց կառուցման հարցը, սակայն որոշ տեղերում նորմերը չեն պահպանվում, ուստի եղել են քննարկումներ և շտկումներ: Փողոցների հարմարեցման հետ մեկտեղ հաշմանդամների տեղաշարժման համար բացարձակ անհարմար են հին և նորակառույց շինությունները:

Ըստ հոգեբանի, եթե ունենանք զբոսաշրջիկներ, որոնց մեջ լինեն հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում տեղաշարժվելիս նրանք դժվարություններ կունենան:

Առկա են նաև այլ դժվարություններ, իրավունքների պահպանության և հավասարության վերաբերյալ. «Հաշմանդամություն ունեցող անձանց մարդիկ դեռ չեն ընկալում իրենց իրավունքների հետ հավասարազոր և նրանց հետ հաշվի չեն նստում որպես հավասար անձանց: Այս մարդկանց սահմանափակ են համարում, այն դեպքում, երբ վերջիններս իրենց կարողությունների առավելագույն չափով են դրսևորվում:

Սակայն, եթե համեմատենք 10 տարի առաջ ՀՀ-ում առկա իրավիճակի և այսօրվա միջև, կտեսնենք, որ առկա են հսկայածավալ տարբերություններ, քանի որ այժմ հաշմանդամություն ունեցող երեխաները մտնում են դպրոցներ, բոլորի հետ հավասար իրենց կրթության իրավունքն են իրացնում», -շեշտում է ոլորտի մասնագետը:

Ս.Հովսեփյանն անդրադառնում է նաև հոգեբանական խնդիրներին, որոնք կարող է ունենալ ցանկացած մարդ. «Երբ հաշմանդամություն ունեցող մարդը դուրս է գալիս փողոց և արհեստական խոչընդոտների է հանդիպում, ֆիզիկական դժվարությունները բերում են հոգեբանական խնդիրների: Թե´ իշխանության, թե´ հասարակության այլ ներկայացուցիչները պետք է փորձեն կարգավորել այս հարցը»:

Նշենք որ Գյումրիում և հանրապետության այլ վայրերում ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող երեխաներն են դպրոցներ հաճախում:

Ս.Հովսեփյանի պնդմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում հանրապետության մակարդակով «հավասար հնարավորություններ» -ի սկզբունքը չի գործում, սակայն իր համար հավասար իրավունքների և հնարավորությունների սկզբունքը գործում է. «Թեև պետությունն արտոնություններ է տալիս այն կազմակերպություններին, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի են ընդունում, սակայն կան կազմակերպություններ, որոնց ղեկավարման մտածողությունն այնպիսին է, որ հաշմանդամություն ունեցող անձը չի կարող լիարժեք աշխատել: Շատերն էլ հասկանում են, որ անկախ հաշմանդամությունից, եթե մարդը կարողանում է իրեն դրսևորել, տեղաշարժման դժվարությունները չեն կարող խանգարել իրեն աշխատել»:

Նա գտնում է, որ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները չպետք է հատուկ դպրոցներում սովորեն, քանի որ դա չի նպաստում նրանց՝ հասարակությանն ինտեգրացմանը:

Վերջինս ասում է, որ միայն առանձնապես ծանր մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին կարող է չթույլատրվել դպրոց գնալ իրենց առողջությանը չվնասելու նկատառումով, որոնք եզակի դեպքեր են. «2014 թվականին պետության նոր քաղաքականության արդյունքում համընդհանուր ներառումն առաջ քաշվեց: Շիրակի մարզը ևս դրա մեջ է լինելու, որի արդյունքում մտավոր խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով երեխաներն, ովքեր փակված են հատուկ դպրոցներում պետք է մտնեն ներառական կրթության մեջ, հանրակրթական դպրոցներում բոլորի հետ հավասար սովորեն»:

Այդպիսով մի շարք հարցեր են կարգավորվում. սոցիալապես անապահով լինելը չի դառնա հասարակությունից մեկուսացման պատճառ, անուշադրության մատնված լինելու հետևանքով հապաղումներ ձեռք բերած երեխաները կրկին հասարակությունից կտրված կարգավիճակում չեն լինի, նրանց որպես հասարակության լիարժեք անդամ կընդունեն, մտավոր հետամնացություն ունեցող երեխան չի շփվի միայն իր կարիքին համապատասխան երեխայի հետ, ինչը նրա զարգացման տեսլականն ավելի է փոքրացնում. «Ուսուցիչները պետք է պարտավորվածություն ունենան թեթևացնելու դպրոցական ծրագիրը, այն պետք է յուրաքանչյուր երեխայի կարողության համապատասխան հարմարեցվի: Հաճախ ուսուցիչներին հարմար է լինում դասարանում աշխատել լավագույն աշակերտների հետ, մնացածները դասարաններում մնում են բարձիթողի վիճակում, սակայն եթե ուսուցիչը մտածի իր դասարանում ներգրավված յուրաքանչյուր աշակերտի մասին, ապա կամա, թե ակամա բոլոր երեխաները ներգրավվում են ուսումնական գործընթացի մեջ: Եթե նա չի անում դասապրոցեսի հարմարեցում, նշանակում է՝ մնացածը ներառումից դուրս են մնում»:

Դպրոցներում երեխաներն աջակցում են իրենց հաշմանդամություն ունեցող ընկերներին և շատ քիչ դեպքեր են լինում, երբ նրանց ծաղրում են: Այդ երևույթն առհասարակ չպետք է գոյություն ունենա, քանի որ մարդուն ծանր հոգեբանական վիճակի մեջ կարող է գցել:

Հոգեբան Սոֆիա Հովսեփյան
Հոգեբան Սոֆիա Հովսեփյան
Զրուցակիցս համարում է, որ երեխաները ծնողներից ավելի խելամիտ են և նրանց դաստիարակում են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ոչնչով չեն տարբերվում հաշմանդամություն չունեցող երեխաներից. «Խտրական մոտեցումն ավելի շատ դրսևորում են ծնողները, երբ երեխային ասում են. «Ավելի լավ է հետը գործ չունենաս, զգույշ եղիր, հետը մի խաղա, բա որ վազես, կպնես, ընկնի: Փոխանակ երեխային ավելի մոտ պահեն, նախընտրում են մեկուսացնել երեխային»:

Հոգեբանի մեկ այլ դիտարկմամբ ծնողների գերխնամքի պատճառով երեխան կարող է դառնալ հաշմանդամություն ունեցող անձ, իսկ հաշմանդամություն չունեցող մարդիկ «անկարողության» մեջ են հայտնվում իրենց ծուլության, գերխնամքի և այլ պատճառներով:

Ովքեր չեն առնչվում հաշմանդամություն ունեցող անձանց հետ, նրանց թվում է՝ իրենք ոչ մի բան չեն կարող անել, ուստի պետք է ցույց տրվի հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները:

Մինչև 2022 թվականը ՀՀ-ն անցում կկատարի ներառական կրթական համակարգին, այժմ մի շարք մարզեր՝ Լոռին, Սյունիքը, Տավուշն անցում են կատարել այս համակարգին:

Որքանո՞վ է դրա կիրառումը նպատակահարմար հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ի տարբերություն նախորդ զրուցակցիս կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը տեսակետ արտահայտեց, որի համաձայն, լավ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լավ գործիքակազմ, այլապես հակառակ արդյունքը կստանանք:

Վերջինիս խոսքով, անհրաժեշտ է ոչ միայն կրթական համակարգը փոխել, այլև ուսումնական ծրագրերից ետ մնացած աշակերտներին օգնելու համար ծրագիր մշակել, առանձնահատուկ պայմաններ ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ է դպրոցներում փոփոխություններ կատարել՝ սկսած գույքից, զուգարաններից. «Եթե մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին հատուկ դպրոցներից հանում են և տանում մի տեղ, որտեղ իրենք ոչ պատշաճ ծառայություն են ստանում, արդյունքն ավելի վատ է լինում: Շատ հումանիստական է, որ բոլոր երեխաները գնան հանրակրթական դպրոցներ, բայց դա երեխայի աճի համար դրական ազդեցություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե նրան մատուցվի կրթական, սոցիալական պատշաճ ծառայություն: Դա իրականացնելու համար կրթության համար լուրջ ներդրումներ են պետք: Հայաստանի կրթության համակարգի տեսլականը պետք է փոխվի»:

Բանախոսի մատնանշմամբ, այսօր աշխարհում ունենք երկրներ, որոնք այդ ճանապարհով չեն գնում՝ գտնելով, որ իրենք պատրաստ չեն մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին նման ծառայություններ մատուցել:
     Մեծ խնդիր է նաև այն, որ հաշմանդամություն ունեցող երեխաները շատ դեպքերում ոչ միայն դպրոց և նախակրթարան չեն հաճախում, այլև ծնողները և համապատասխան մարմինները բավարար քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, ուստի նախևառաջ անհրաժեշտ է հաղթահարել ներառական կրթության կիրառման դժվարություններն ու հիմնախնդիրները:

Շիրակի մարզպետարանի տվյալներով, 2018 թվականին մարզում հանրակրթությունից դուրս մնացած 35 երեխա է հայտնաբերվել՝ պայմանավորված առողջական խնդիրներով, ծնողների՝ ծնողավարության ոչ բավարար դրսևորմամբ: Իրականացված աշխատանքների արդյունքում նրանցից 20-ը վերադարձել է դպրոց, 15 երեխայի ծնողների հետ տարվում են բացատրական աշխատանքներ՝ երեխաներին հանրակրթության մեջ ներգրավելու նպատակով:

«Կոնտակտ Պլյուս» ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրությունը փաստում է՝ Հայաստանում, մասնավորապես, Գյումրիում շատացել է հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղումներով երեխաների թիվը. «Նշված երեխաների մոտ խիստ տուժած է սոցիալական ինտեգրումը։ Ֆիզիկական, հոգեբանական և մտավոր դեֆիցիտի պատճառով նրանք դժվարանում են մտնել շփման մեջ հասակակիցների և մեծահասակների հետ, ունենում են բարդույթներ։ Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող 24 նախադպրոցական ուսումնական հաստատություններից ոչ բոլորն են հագեցած համապատասխան տեխնիկական սարքավորումներով, զարգացնող խաղերով, քիչ են կամ բացակայում են աշխատող նեղ մասնագետները, ինչը դժվարացնում, կամ գրեթե անհնարին է դարձնում կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության իրավունքը», -նշված է «Կոնտակտ Պլյուս» -ի զեկույցում:

Այնուամենայնիվ, ըստ Շիրակի մարզպետարանի, մարզում ներառական կրթության զարգացմանն ուղղված որոշակի աշխատանքներ կատարվել են. նախորդ տարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների 28 մասնագետ մասնակցել է «Դաունի համախտանիշի օրվա իրազեկում» փորձի փոխանակման միջոցառմանը, Բոստոնի «Պերկինս» կույրերի դպրոցի «Պերկինս» միջազգային ծրագրի և «Արևածագ» ՀԿ-ի համագործակցությամբ Գյումրիում անցկացվել է դասընթաց ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժների համար՝ «Աշխատանք ծնողների համար», «Տեսողական, բազմակի խնդիրներ ունեցող երեխաներ» և այլ թեմաներով:

Երբեմն ծնողներն ավելի պատկերավոր են մատնանշում ներառական կրթությանն անցում կատարելու դժվարությունները, նշելով, որ իրենց՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին չեն կարողանում հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ տեղափոխել, վերջիններիս տնօրենները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում մտավոր և ֆիզիկական խնդիրներով երեխաների ուսուցման գործընթացն իրենց մոտ կազմակերպել, քանի որ հանրակրթական դպրոցներն հարմարեցված չեն ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների ուսման կազմակերպման համար:

Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան
Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան
Գյումրու դպրոցների տնօրեններն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են արտահայտում: Կան այնպիսիներն, ովքեր կողմ են, որպեսզի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներն հանրակրթական դպրոցներում սովորեն, ոմանք էլ որոշակի վերապահումով են մոտենում այս հարցին:

Շիրակի մարզի Կապս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը ներառական կրթության տարածումն ընդհանուր առմամբ ողջունում է. «Երեխաներն, ովքեր մտավոր խնդիրներ չունեն, այլ ֆիզիկական, պարտադիր է, որպեսզի հաճախեն հանրակրթական դպրոցներ. «Սակայն մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ինտեգրել հանրակրթական դպրոցներում սովորելու համար, մի քիչ դեմ եմ, քանի որ մտավոր խնդիրներ ունեցող երեխան հանդիսանում է դասաժամերին խանգարող օբյեկտ: Նրանք կարող են իրենց մտավոր ունակությունների հետ կապված ոչ տեղին ծիծաղել, խոսել, այնպիսի բաներ անել, որ 45 րոպե տևողությամբ դասաժամից որոշակի րոպեներ տանել, որը մենք պետք է օգտագործենք աշակերտների ուսման հետ կապված: Մտավոր խնդիրներ ունեցող երեխան երբևէ չի հասկանա, թե դիմացի երեխան ինչ և ինչպես է ասում, նա ունի զարգացածության իր աստիճանը և մտածելակերպը: Իրենք կարող են ուրախանալ այնպիսի բանի վրա, որն ուրախացնող չէ, տխրել մի բանի վրա, որը տխրեցնող չէ»:

«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության սոցիալական աշխատող Լիլիթ Գզողյանի խոսքով, դպրոցները քիչ են հարմարեցված հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար այնքան էլ բավարար չափով պայմաններ ստեղծված չեն, նույնը տեսողական խնդիրներ ունեցողների պարագայում:

Պոլիկլինիկաների մուտքն հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար:

Երևանում մինչև 14 տարեկան երեխաների համար բարեգործական կազմակերպությունն է անվճար ծառայություններ մատուցում: Ակնաբուժությունը, ատամնաբուժությունը, խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն. «Երեխաներին լսողական սարքը տրամադրվում է անվճար, սակայն դրա մարտկոցները բավական թանկ են և բավական շուտ է այն գնելու անհրաժեշտություն առաջանում»:

Բացի հաշմանդամության կարգ ստանալու դժվարություններից առկա են բարդություններ արդեն կարգ ունեցողների՝ բուժօգնություն ստանալու հարցում:

«Մարզամշակութային ներառական կենտրոն»-ի տնօրեն Արտյոմ Դիլանյան
«Մարզամշակութային ներառական կենտրոն»-ի տնօրեն Արտյոմ Դիլանյան
Գյումրիում գործող «Մարզամշակութային ներառական կենտրոն» -ի ղեկավար Արտյոմ Դիլանյանն առաջին կարգի հաշմանդամ է, գումարի պակասի պատճառով երկար ժամանակ է, ինչ չի կարողանում իր աչքի մնացորդային տեսողությունը փրկելու համար վիրահատվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Անհրաժեշտ է նաև աչքի եղջերաթաղանթի վիրահատություն իրականացնել:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելը ևս բարդ խնդիր է:

Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնում տարբեր ծրագրեր են իրականացվում, որպեսզի հաշմանդամների համար աշխատանքի հավասար հնարավորություններ ստեղծվեն: Սոցիալական ձեռնարկությունների մոդելը լավագույն օրինակն է: Օգտվելով ծրագրից գործատուն կարող է ձեռնարկություններ բացել, որոշակի թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել դեպի իր աշխատակազմ:

Գործատուները անկախ իրենց բիզնեսից, շահույթ ստանալու ցանկությունից պետք է հասկանան, որ աշխատատեղերով անհրաժեշտ է ապահովել նաև հաշմանդամներին:

Կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանի խոսքով, իրենց մոտ հաշվառված հաշմանդամություն չունեցող անձանցից նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 1055 անձ. «Ունենք հաշվառված 13.548 աշխատանք փնտրող անձ, որոնցից 341-ը՝ հաշմանդամություն ունեցողներն են: Հաշմանդամություն ունեցող անձանց շարժը դեպի Զբաղվածության պետական գործակալություն առկա է: Նրանց համար կարևոր ծրագրեր ենք իրականացնում, ներառյալ աշխատատեղի հարմարեցման: Այն ենթադրում է, որ հաշմանդամի կարիքներից ելնելով հարմարեցվում է աշխատատեղը: Աշխատում ենք բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովների հետ, յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձի համար ստանում անհատական վերականգնողական ծրագիր, որում բժիշկները նշում են, թե ինչպիսի աշխատանքներն են հակացուցված նրանց, որպեսզի կարողանանք հակացուցումներից ելնելով հաշմանդամին աշխատանքի առաջարկ անել և չվնասել մարդու առողջությունը:
    

Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյան
Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյան
Հաշմանդամին աշխատանքի վերցնելու համար գործատուին որոշակի աջակցություն է տրվում՝ աշխատավարձի մասնակի փոխհատուցման տեսքով: Մեկ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի տեղավորելու համար մոտ 500.000 դրամ է ծախսվում: Թեստային առաջադրանքների միջոցով որոշում ենք տվյալ անձի աշխատունակությունը»:
     Ա.Ադամյանն ասում է, որ տարվա սկզբից սերտորեն աշխատել են «Հայկական Կարիտաս» և «Էմիլի Արեգակ» կենտրոնների հետ: 22 հաշմանդամի հետ աշխատանք տանելու արդյունքում նրանցից 4-ը տեղավորվել են աշխատանքի՝ «Առաջին ներառական փուռ և սրճարան» սոցիալական ձեռնարկությունում, մեկի հետ ընթանում են ձեռնարկատիրական գործունեության դասընթացներ, 3 մասնակից ուղղորդվել է դեպի միջին մասնագիտական օղակներ՝ կրթություն ստանալու. «Ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող մի բուժքրոջ ևս փորձում ենք աշխատանքի տեղավորել:
    
Պատրաստածս գրաֆիկական պատկերն արտահայտում է աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց հարաբերակցությունը
Պատրաստածս գրաֆիկական պատկերն արտահայտում է աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց հարաբերակցությունը
Ծրագրի երկրորդ փուլով աշխատանքներ ենք տանում 16 հաշմանդամի հետ, աշխատատեղի հարմարեցման ծրագրով մեկ անձի աշխատանքի ենք տեղավորել Մարզամշակութային կենտրոնում որպես հսկիչ: 2018 թվականի ընթացքում 19 հաշմանդամություն ունեցող անձի հիմնական աշխատանքի ենք տեղավորել, 2017-ին՝ 17-ին:

Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանը նպաստող կենտրոնները Գյումրիում, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ վիճակագրություն, օրենսդրություն, առաջարկություն նրանց աշխատանքով ապահովելու վերաբերյալ

Գյումրու Մայակովսկի փողոցում գտնվող կույրերի միավորման ակումբում բնական հումքից՝ ապառից ներկերի և յուղաներկերի արտադրություն են սկսել, որը զարգացման միտումներ ունի. «Բնական հումքի վրա պատրաստվող ներկեր, ներկանյութեր ենք արտադրում, այդ թվում՝ յուղաներկեր, որոնք կարող են օգտագործվել նկարչության և վերականգնողական նպատակներով: Շինարարության մեջ էլ կարող են օգտագործվել, սակայն շատ թանկ կարժենան: Բավական հետաքրքիր գործ է, հետո նաև բիզնեսի մասին կմտածենք: Վաճառք իրականացնում ենք, բացի Գյումրուց», -պատմում է տեխնոլոգ Տիգրան Հակոբյանը:

Ներկերի արտադրություն Գյումրու կույրերի միավորման ակումբում

     Անմխիթար վիճակում է գտնվում Կույրերի միավորման ակումբի դահլիճը, որն, ինչպես նաև կառույցի որոշ այլ հատվածներ վերանորոգման կարիք ունեն:
Կույրերի միավորման գրադարանավարուհին
Կույրերի միավորման գրադարանավարուհին
Նման պայմաններում այս հասարակական կազմակերպությունն ի վիճակի չէ իր անդամների ինտեգրման և ժամանցի անցկացման համար պատշաճ ձևով միջոցառումներ կազմակերպել:

Գրադարանում սեղանից, աթոռներից, գորգից բռնած միավորման անդամներն են իրենց տանից բերել, քանի որ պետական կամ համայնքային իշխանությունները, որևէ այլ կառույց իրենց չի օժանդակում:

«Ունենք գրականություն, որը շարքից դուրս է եկել. կույրական տառերը կետիկներով են, խոնավությունից նստում են: Ջեռուցում չենք կարող ապահովել, քանի որ աշխատանք չկա:
    

Գյումրու կույրերի միավորում
Գյումրու կույրերի միավորում
Դիմել էինք Սոցապնախարարություն՝ Մանե Թանդիլյանին մեր գրականության համար, որ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ բրալյան տառերը չեն կարողանում կարդալ, դրա համար խոսող գրականություն է պետք թողարկել, որպեսզի կույր հաշմանդամը լսի: Դա էլ մերժեցին, պատճառաբանելով, որ ծրագիր չունեն:
Գյումրու կույրերի միավորման ակումբի գրադարան
Գյումրու կույրերի միավորման ակումբի գրադարան
Ծրագիր չունեին, կարող էին մշակել, որպեսզի մեր անդամներն ինքնակրթվեին: Կույրերի միջազգային օրն էլ մեզ տեսասկավառակներ չուղարկեցին: Պետությունն ընդհանրապես կույր հաշմանդամներին տեր չի լինում», -իր դժգոհությունն արտահայտեց գրադարանավարուհի Թամարա Հովսեփյանը», -շեշտելով, որ պաշտոնյաներից միայն Ս.Հովսեփյանն է իրենց շահառուների երեխաներին գրենական պիտույքներով օգնել, այն էլ ոչ բոլորին է հասել, քանի որ 470 հոգուց 50-ին է հատկացվել, ովքեր երեխաներ ունեն:
    
Գյումրու կույրերի միավորման ակումբի անբարեկարգ վիճակն ու չհիմնանորոգված փողոցը

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մշակույթի բաժնի պետ Արա Ներսիսյանը պատմում է, թե ինչպես է 50 տարուց ավել վերանորոգման չենթարկված այս շենքում փլուզում տեղի ունեցել, հազիվ են խուսափել դժբախտ պատահարից:

Գյումրու Ղուկասյան փողոցում գտնվող Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկությունն ահավոր վիճակում է գտնվում, համայնքային և պետական իշխանությունները քաջատեղյակ են խնդրից, սակայն ոչինչ չեն ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար:

«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մշակույթի բաժնի պետ Արա Ներսիսյան
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մշակույթի բաժնի պետ Արա Ներսիսյան
Պատասխանատուների խոսքով, այստեղ անգամ փլուզումներ կարող են տեղի ունենալ. «Ձյան, անձրևի պատճառով շատ հնարավոր է կառույցը շուռ գա տեղի սեփական տների վրա, ո՞վ է պատասխան տալու դրա համար», -ասում է Ա.Ներսիսյանը:

«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի

     «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա.Նիկողոսյանն հավաստիացնում է, որ իրենք 100 տոկոսով ինտեգրացված են աշխատում. «Այլ կենտրոնների մասին չեմ կարող ասել, բայց մեր կենտրոնում 1997 թվականից սկսած այդ առումով խնդիր չենք ունեցել, ունենք 60-80 երեխա, որոնցից 27-ն հաշմանդամություն ունեն և մեր երեխաների մոտ տարբերակում չի առաջացել:
    
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի

     Ասենք ինչ-որ մեկն օգտվում է սայլակից, քայլակից, լսողական կամ տեսողական խնդիր ունի, մեր երեխաներն ավելի շատ օգնում են միմյանց: Մենք բակային ճամբարի նկարներ ունենք, ճամբարի առօրյան ներառված է: Մեր թատրոնն ու տիկնիկայինն ուղղված են երեխաների ինտեգրմանը. բոլորս հավասար ենք, բոլորս ներառված ենք»:

«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
Գյումրիում՝ «Էմիլի Արեգակ» կենտրոնում ևս հաշմանդամներին աջակցություն է ցուցաբերվում: Այստեղ ամեն տարի 50-70 շահառու է դիմում և օգնություն ստանում, իսկ երկարատև ծառայություն մատուցվում է բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին: Կենտրոնում առկա են տարբեր մասնագետներ՝ ֆիզիոթերապևտ, երաժշտաթերապևտ, հատուկ մանկավարժ, լոգոպետներ, հոգեբան:

Կառույցի պատասխանատուների խոսքով, այն բժշկական կամ վերականգնողական կենտրոն չէ, այլ սոցիալական, սակայն հաշմանդամներին ֆիզիոթերապևտիկ ծառայություններ է մատուցվում, քանի որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները դրա կարիքն ունեն: Կենտրոն հաճախողները 113-ն են՝ 2-ից 22 տարեկան, որոնցից 50-ից ավել երեխա անհատական թերապիա են ստանում: Վաղ միջամտությունն իրականացվում է երեխաներին մանկապարտեզ հաճախել պատրաստելու համար:

Աշխարհում աշխատում են ներառական կրթության զարգացման ուղղությամբ, ուստի նախակրթարանում շեշտը պետք է դրվի ներառականության վրա, որտեղ երեխան պատրաստվում է դպրոց հաճախելուն: Շատ կարևոր է, թե ինչպես է գործնականում այն կիրառվում տարբեր երկրներում:

«Էմիլի Արեգակ» և «Հայկական Կարիտաս» կենտրոնների համակարգող Թամարա Վանոյանի խոսքով, սկզբնական շրջանում 20 երեխայի հետ են աշխատել, այնուհետև, երբ պայմանները չեն բավարարել որոշվել է նոր կենտրոն կառուցել. «Երբ 2015 թվականին տեղափոխվեցինք նոր կենտրոն, արդեն 40 շահառու ունեինք, օրական սպասարկելով 20-ին: Այժմ մեր շահառուների թիվն 113-ն է: Փոքր Արեգակում ծնվում էին լիքը լավ գաղափարներ, բայց չէինք պատկերացնում՝ ինչպես իրականացնել: Նոր կենտրոնում դրանց մեծ մասն իրականանում է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծման, նրանց կարիքները բավարարելու, կյանքի որակը բարելավելու համար: Եթե պետք է ֆիզիոթերապիան սկսում ենք երկու տարեկանից կամ ավելի փոքր տարիքից»:

Դպրոցի դասերի ավարտից հետո երեխաներին բերում են Հաշմանդամների ցերեկային խնամքի կենտրոն, նրանք ճաշում են, ստանում համապատասխան թերապիաներ, իսկ փոքր երեխաները մինչև ճաշ ստանում են թերապիաները, ճաշում և գնում տուն. «Մենք շեշտը դնում ենք երեխաների ինքնուրույնության, կենցաղավարության, առօրյա գործողությունների զարգացման վրա: Ամեն ինչ անում ենք, որ նրանք չառանձնանան, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների, դպրոցների հետ: Ունենք հաջողված դեպքեր, երբ ավարտել են ուսումնարաններ, խոհարարություն սովորել:

Առկա՞ է դպրոցներում խտրականություն հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ, -հարցրեցի Թ.Վանոյանին, -այդ հարցն արդեն երեք տարի է, ինչ քննարկվում է, անպայման առկա է և բնական եմ համարում: Ես ավելի շատ կզարմանայի, որ ծնողը կամ ուսուցիչը չդնեին խտրականություն և միանգամից ընդունեին, այն դեպքում, երբ տարիներ շարունակ առկա է եղել այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխան ընտանիքի համար չարիք է, ամոթ է, պետք է թաքցնել, ցույց չտալ: Միշտ էլ հաշմանդամություն ունեցողն ավելի պատրաստ է գնալ դեպի հասարակությունը: Մենք միշտ ասում ենք ներառում և ինտեգրում. հաշմանդամություն ունեցողն ինտեգրվում է, հասարակությունը՝ ներառում իրեն: Նույնիսկ տարրական դասարաններում այս երեխաներին ընդունում են, փորձում օգնել, իսկ բարձր դասարաններում և´ ուսուցիչները և´անձնակազմը խնդիրներ են ունենում, ուստի պետք է պատրաստվեն»:

Զրուցակիցս այն համոզմունքն ունի, որ միանգամից բոլոր դպրոցներում տարածել ներառական կրթությունն հնարավոր չէ. անհրաժեշտ է դպրոցի պայմանները, ուսուցման ծրագրերն հարմարեցնել, մոտեցումները, վերաբերմունքն ու ընկալումները փոխել:

Գյումրիում Առաջին ներառական փուռ և սրճարան ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն, Ավստրիայի զարգացման համագործակցությունը և Կարիտաս Ավստրիան:

Մեկ այլ՝ «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» -ում հաշվառված միայն երեխաների թիվը 300-ից ավել է, ովքեր տեսողական և լսողական խնդիրներ ունեն. «Այս տարի 260 դպրոցականի գրենական պիտույքներ ենք բաժանել և հյուրասիրություն կազմակերպել:

Անհատ գործընկերներն են մեզ ֆինանսավորում, հիմնականում մշակույթի նախարարության հետ ենք աշխատում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» -ի», -ասում է կենտրոնի նախագահն հավելելով, -սոցիալական ձեռնարկատիրության ծրագիր ունեմ, շատ հնարավոր է՝ շուտով խեցեգործական իրերի արտադրություն բացեմ»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում բնակչության 15 %-ը հաշմանդամության ինչ-որ տեսակներ, նրանցից 2-4 %-ը գործունեություն ծավալելու՝ աշխատելու հարցում զգալի դժվարություններ ունի: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համաձայն, զարգացող երկրներին բաժին է ընկնում հաշմանդամների 80 %-ը:

Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանում 180.000-ից ավել հաշմանդամություն ունեցող անձ կա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, նրանց թիվը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 193.000 մարդ:

Անդրադառնանք հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը:

ՀՀ-ում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին, (տե´ս նաև այս տարբերակով): Չնայած այն փաստին, որ Հայաստանը միացել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիային, նրանց հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք հետազոտություններ են անցկացվել, սակայն այս ամենը լիակատար երաշխիք չէ Հայաստանում վերը նշված անձանց իրավունքների պաշտպանության կամ իրացման: Այդպիսի նախադրյալներ նախևառաջ պարտավոր են ստեղծել ՀՀ իշխանությունները՝ զարգացնելով երկրի տնտեսությունն, այդպիսով ապահովելով նաև հաշմանդամություն ունեցողների բարեկեցությունն ու իրավունքների պաշտպանությունը:

Միաժամանակ հարկավոր է նշել, որ մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց ներառման վերաբերյալ, ոլորտի մի շարք ՀԿ-ների իրականացրած աշխատանքը բավական արդյունավետ է նաև առկա կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու տեսանկյունից: Այս հարցերն առավելապես շոշափվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացված հետազոտությունում:
    

Չլուծվող հիմնախնդիրները և խտրականության դրսևորումը
Անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահության ոլորտն ամբողջովին պետպատվերով դարձնել, տրանսպորտը, կրթությունը պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցողներին: Պետք է լուծվի թեքահարթակների կառուցման հարցը:

Գյումրու պարագայում Շիրակի մարզպետարանը, համայնքապատկան և այլ կառույցներ հարմարեցված չեն անվասայլակով հաշմանդամների տեղաշարժման համար, որոշ չափով միայն Գյումրու քաղաքապետարանն է հարմարեցված:

Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տվյալները փաստում են՝ գործատուներն այնքան էլ շահագրգռված չեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու: Միայն Գյումրու զբաղվածության կենտրոնի տվյալներից դատելով կարելի է հաշվարկ կատարել և փաստել՝ հաշվառված աշխատանք փնտրող հաշմանդամների 94 %-ն աշխատանք չունի: Վերոգրյալից ելնելով անհրաժեշտ է իշխանությունների ջանքերով պետական վերահսկողության ներքո գործող գործարաններ բացել միայն կամ հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու նպատակով: Գործարանները կամ արտադրամասերը չպետք է լինեն մասնավոր, քանի որ սեփականատերերն առավել մեծչափով են ձգտում շահույթ հետապնդել, ուստի հաշմանդամներին աշխատանքի չեն ընդունում:

Հարկավոր է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց՝ գործարարությամբ զբաղվելու ձգտումները, ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Օրինակ ԱՄՆ-ում աշխատանքի պետդեպարտամենտի տվյալներով, հազարավոր հաշմանդամներ աշխատանք կատարելու և փոքր բիզնեսով զբաղվելու անհատական փորձ ունեն: Այդ ցուցանիշը կազմում է 12.2՝ % համեմատած հաշմանդամություն չունեցողների հետ, որոնց պարագայում, վերը նշված ցուցանիշը կազմել է 7.8 %:
     4-ամյա Վահանի լուսանկարը վերցված է «Օգնենք կարիքավոր ընտանիքներ» -ին ֆեյսբուքյան խմբից

Հոդվածը սկզբնաղբյուր կայքում հրապարակվել է 18.11.2018-ին: Այն պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքներ» -ի ՀԿ-ի կողմից լրագրողների համար նախատեսված հոդվածներ պատրաստելու ծրագրի շրջանակներում:

Պատրաստեց Անահիտ Սիմոնյանը
Լուսանկարում 4-ամյա Վահանն է
Լուսանկարում 4-ամյա Վահանն է
Հոգեբան Սոֆիա Հովսեփյան
Հոգեբան Սոֆիա Հովսեփյան
Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան
Կապսի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյան
«Մարզամշակութային ներառական կենտրոն»-ի տնօրեն Արտյոմ Դիլանյան
«Մարզամշակութային ներառական կենտրոն»-ի տնօրեն Արտյոմ Դիլանյան
Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյան
Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյան
Գյումրու կույրերի միավորման ակումբի դահլիճ
Գյումրու կույրերի միավորման ակումբի դահլիճ
Գյումրու կույրերի միավորման ակումբի գրադարան
Գյումրու կույրերի միավորման ակումբի գրադարան
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մշակույթի բաժնի պետ Արա Ներսիսյան
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մշակույթի բաժնի պետ Արա Ներսիսյան
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ
«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության Գյումրու մասնաճյուղ
Պատրաստածս գրաֆիկական պատկերն արտահայտում է աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց հարաբերակցությունը
Պատրաստածս գրաֆիկական պատկերն արտահայտում է աշխատանքի տեղավորված հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող անձանց հարաբերակցությունը
Գյումրու կույրերի միավորում
Գյումրու կույրերի միավորում
Կույրերի միավորման գրադարանավարուհին
Կույրերի միավորման գրադարանավարուհին
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
«Փյունիկ» Գյումրի
Ներկերի արտադրություն Գյումրու կույրերի միավորման ակումբում
Չլուծվող հիմնախնդիրները և խտրականության դրսևորումը
Գյումրու կույրերի միավորման ակումբի անբարեկարգ վիճակն ու չհիմնանորոգված փողոցը
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9854 | 0 | 0
Facebook