Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գումարի բացակայությունը նախակրթարան չհաճախելու պատճառ

22:08, շաբաթ, 26 հունվարի, 2019 թ.
Գումարի բացակայությունը նախակրթարան չհաճախելու պատճառ


    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՏԻՄ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, համայնքի պարտադիր խնդիր է հանդիսանում դրա կայուն զարգացումը, բնակչության սոցիալական պաշտպանությունը, նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը:

Սույն օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, համայնքապետը կազմակերպում է նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը համայնքի տարածքում, կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային և երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:

ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, այս ոլորտում պետական քաղաքականության խնդիրներն են՝ նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը, պետական կրթական չափորոշիչների շրջանակներում նախադպրոցական կրթության ծրագրերում ընդգրկվածության ավելացումը, երեխայի կյանքի, առողջության պահպանմանը, ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը:

Այս օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:

ԳԱԼԱ խմբակցության տվյալներով, 2017 թվականին Գյումրիում 1700-1800 երեխա նախակրթարան չի հաճախել, Գյումրու քաղաքապետարանի տվյալներով, 2017-ին համայնքապատկան նախակրթարաններ հաճախել է 2309 երեխա, սա նշանակում է, որ համայնքապատկան նախակրթարաններ չհաճախող երեխաների թիվը կազմել է հաճախողների 77.95 %-ը:

Միայն այս ցուցանիշը փաստում է, որ սոցիալական արդարություն և հավասարություն ասվածն ՀՀ-ում գոյություն չունի. առկա է սոցիալական բևեռացում, որի հետևանքով հարուստների փոքր և աղքատների մեծ խավ է ձևավորվել:

Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում, հանրապետության այլ շրջանների համեմատ գործազրկության և մարզում աղքատության ցուցանիշը բավական բարձր է: Սա է պատճառը, որ շատ դեպքերում ծնողները դժվարանում են վճարել իրենց երեխաների նախակրթարան հաճախելու վարձավճարները: Դժվար է ասել, որ մեր երկրում առկա է սոցիալական արդարություն, երբ շատերը չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը, երբ կան երեխաներ, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից լինելով, նաև այլ պատճառներով չեն կարողանում հաճախել նախակրթարաններ:

Գյումրու համայնքային իշխանության ներքո գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձավճարները բավական բարձր են՝ տատանվում են 5000-8000 դրամի սահմաններում:

ԳԱԼԱ խմբակցությունը Գյումրու նախակրթարաններն անվճար դարձնելու առաջարկությամբ էր հանդես եկել, սակայն այն կյանքի չկոչվեց: Գյումրու համայնքապետի ներկայացմամբ, համայնքի բյուջեն չի բավարարում ծրագիրն ի կատար ածելու և միայն հնարավոր է որոշ զեղչեր կիրառել: Խոսակցություններ եղան, որ համայնքապետարանի բյուջեից քաղաքի նախակրթարաններին 10 մլն դրամ գումար է հատկացվելու, որպեսզի մանկապարտեզ հաճախող ավելի մեծ թվով երեխաներ կարողանան օգտվել զեղչերից: Իհարկե, զեղչային համակարգը կիրարկվում է, սակայն խնդիրը միայն դրանով չի կարգավորվում. սոցիալապես անապահով ընտանիքների շատ երեխաներ դարձյալ նախակրթարաններ չեն հաճախում:

Իմ հաշվարկներով, Գյումրիում գործող 21 համայնքապատկան նախակրթարան անվճար հաճախելու համար դեռևս 2017 թվականին հարկավոր կլիներ 189.468.000 դրամ գումար՝ (բոլոր համայնքապատկան նախակրթարանների տարեկան ծնողական վարձավճարները միասին վերցրած) Գյումրու 2017 թվականի բյուջեի 6 %-ը, իսկ եթե հաշվի առնենք, որ 2017-ին համայնքապատկան մանկապարտեզների կարիքներն հոգալու համար (գազ, ջուր, լույս, աշխատակիցների աշխատավարձ և այլն) համայնքապետարանն հատկացրել է 488.830.400 դրամ, ապա ընդհանուր առմամբ քաղաքի բյուջեից 678.298.400 դրամ կամ բյուջեի 21.42 %-ը պետք է հատկացվեր նախակրթարաններն անվճար դարձնելուն, հաշվի առնելով, որ Գյումրու բյուջեն 2017 թվականին կազմել է 3.165.500.000 դրամ գումար:

Եթե նկատի ունենանք, որ ըստ Գյումրու քաղաքապետարանի առաջարկած Գյումրու բյուջեի նախագծի, 2017 թվականի բյուջեն սկզբնական շրջանում կազմել է 3.073.336.600 դրամ գումար, ապա Գյումրու բյուջեի 22 %-ը պետք է ծախսվեր նախակրթարաններն անվճար դարձնելու համար` ներառյալ և´ տարեկան ծնողական վարձավճարները և´ քաղաքապետարանի՝ նախակրթարաններին հատկացրած տարեկան գումարը:

Երևանի՝ 2017 թվականի բյուջեն կազմել է 81.994.931.100 դրամ, որից նախադպրոցական կրթությանն հատկացվել է շուրջ 7.963.849.500 դրամ՝ բյուջեի 9.71 %-ը: Երևանում նախակրթարանները վաղուց անվճար են դարձել, այն դեպքում, երբ Գյումրու համեմատ կյանքի կենսամակարդակն այնտեղ շատ ավելի բարձր է, գործազրկության մակարդակը՝ ցածր:

Հանրապետության այլ շրջաններում ևս, բացի Երևանից նախակրթարանները վճարովի են, իսկ ինչու՞ նախակրթարաններն անվճար դարձնելու հարցում առավել մեծ ուշադրություն դարձնել Գյումրուն, քանի որ այն համարվում է հանրապետության ամենաաղքատ քաղաքը և եթե Գյումրու բյուջեի միջոցներով դա հնարավոր չէ անել, ապա այս դեպքում անհրաժեշտ է իշխանության միջամտությունը՝ Գյումրուն լրացուցիչ գումարների հատկացման ձևով:

Գյումրու տնակային թաղամասերում սոցիալական խնդիրներն ավելի են սրված. սննդի, վառելափայտի բացակայություն, նախակրթարաններ չհաճախող երեխաների մեծ թիվ…

Գյումրու Զույգաղբյուր կոչվող թաղամասում է տեղակայված թիվ 115/030 տնակը. Ռուզաննա Կյուրեղյանն իր ամուսնու, երկու որդիների, երկու հարսների և երեք թոռների հետ՝ ինն անձով 30 տարի է, ինչ տնակում է բնակվում:

Տիկին Ռուզաննայի թոռներից մեկը՝ 4-ամյա Արտյոմ Խաչատրյանը չի հաճախում նախակրթարան գումար չլինելու պատճառով: Տիկին Ռուզաննան շատ է ցանկանում, որպեսզի Գյումրիում նախակրթարաններն անվճար դառնան:

Բացի այդ, տնակում բնակվող երեք ընտանիքն ունի սննդապահովման, բնակարանային խնդիրներ: Նրանց հետաքրքրում է՝ արդյո՞ք Գյումրու քաղաքապետարանն ունի անօթևաններին անվճար սննդով ապահովելու և դրամական օգնություն ցուցաբերելու ծրագիր և ինչու՞ են համայնքապետարանին ուղղված դիմումները մնում անպատասխան:

Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը պարզաբանում է. «Քաղաքապետարանը համագործակցում է միջազգային ու տեղական տարբեր կառույցների հետ: Համագործակցության արդյունքում լինում է նաև սննդօգնության ծրագիր: Սննդօգնություն տրամադրվում է սոցիալապես անապահով մարդկանց: Այս պահին որևէ ծրագիր չկա, համենայնդեպս տնակի բնակիչները կարող են այս հարցով դիմում ուղարկել Գյումրու քաղաքապետարան»:

Մինչ այդ պետության կողմից երբևէ բնակարան չստացած ընտանիքն ապրում է նոր բնակարան ստանալու ակնկալիքով. «Ոչ մի տեղ չենք աշխատում, աշխատանք չկա, 30 տարի էլ սպասում ենք, որ տան հույս պետք է լինի: Քաղաքապետարան ենք դիմել, հաշվառել են, բայց ոչ մի դրական պատասխան: Տնակն ահավոր վիճակում է, խոնավությունը շատ է, երեխաները խոնավության պատճառով հաճախակի հիվանդանում են, ոչ մի տեղից օգնություն չենք ստանում, միայն նպաստն է, որ կա: Թոշակառու չունենք, պետական աշխատող ևս, էլ ո՞նց թոռանս մանկապարտեզ տանենք», -պատմում է տիկին Ռուզաննան:

Հարսը՝ Մարինեն, ով մեկ որդի ունի ասում է, գոնե բնակարանի հարցում բարերարներն իրենց օգնեին:

Թոռնուհու՝ Ռուզաննայի երազանքն է բժշկուհի դառնալ, իսկ ամենակարևոր երազանքը տուն ունենալն է:
     Անահիտ Սիմոնյան

Տեսանյութն անօթևան ընտանիքի ապրելակերպի վերաբերյալ է
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6312 | 0 | 0
Facebook