Նոր հայտարարություն, նոր քննարկումներ: Հայկ Կոնջորյանի հայտարարությունը Իրանի վերաբերյալ մեղմ ասած չընկալվեց հասարակության մի մասի կողմից: Ու հետաքրքիրն այն է, որ բոլորը կարծում են, թե «այդ երեխան» առանց հասկանալու բան է ասել ու հետո ներողություն խնդրել: Իսկ հարցին հակառակ կողմից նայելիս այլ պատկեր է երևում: Հայկ Կոնջորյանը ուղիղ տեքստով արտահայտում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի վաղեմի բարեկամ Իրանի նկատմամբ ու դրանով իսկ պատրաստում է հանրությանը նման քաղաքականության առաջխաղացմանը:
Վերջինիս հետ կարելի է կապել նաև Արման Բաբաջանյանի հնչեցրած մեղադրանքը Ուկրանիայում Հայաստանի նախկին դեսպանի գործունեության վերաբերյալ՝ որակելով այն ի շահ ՌԴ-ի: Քանի որ ԱՄՆ-ն իր ակտիվ քաղաքականությունն է վարում նաև Ուկրանիայում, հետևաբար սրա ենթատեքստում էլ ամերիկամետ և ընդդեմ ՌԴ-ի մեսիջ կա, որը հասցվում է ժողովրդին իբրև թե անփորձ պատգամավորների կողմից: Ամփոփելով միտքս ասեմ, որ ենթագիտակցական մակարդակով մեզ նախապատրաստում են հակառուսական գործողությունների: Ու այստեղ արդեն նշմարվում է գերհզոր և ուղղորդող «անտեսանելի ձեռք»: