Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղոթենք Փաշինյանի «բարության» համար, որ ուժայինները չկրակեն ժողովրդի վրա

15:13, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
Աղոթենք Փաշինյանի «բարության» համար, որ ուժայինները չկրակեն ժողովրդի վրա

Հայաստանում ստեղծվել է արտառոց վիճակ, որն այլ տերմինով, քան ինստիտուցիոնալ ճգնաժամ, դժվար է բնորոշել։


    

Նոր կառավարությունը ձևավորվում է՝ առանց գործադիրի կառուցվածքը հաստատելու։ Սա արդեն նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունները չունեն որևէ հայեցակարգ ու բացատրելի չեն ռացիոնալ հարթության վրա։ Դրանք լավագույն դեպքում արվում են բյուջետային փողեր տնտեսելու նպատակով ու այդ պարագայում անիմաստ է անգամ խոսել արդյունավետ կառավարման մասին, մանավանդ որ գործազրկության ուրվականը հետապնդում է հիսուն հազար մարդու, որոնց սոցիալական խնդիրները լուծելը վեր է պետության հնարավորություններից։ Ընդ որում՝ կրճատվողները հիմնականում մասնագետներ են, որոնց գերակշիռ մասը չեն ունեցել ծառայողական մեքենաներ կամ այլ արտոնություններ, որոնք թանկ են նստում հարկատուների վրա։


    

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ եթե նոր կառավարության կառուցվածքը հայտնի չէ, սակայն կաբինետի անդամների երկու երրորդը նշանակվում է, ապա ստացվում է, որ ոչ թե գործադիրի նոր կոնցեպտն է որոշում կադրային քաղաքականությունը, այլ հակառակը՝ կոնկրետ կադրերի տակ ստեղծվում են ծանրաքարշ սուպերնախարարություններ։ Ընդ որում՝ վերանշանակված նախարարներից շատերն անցած ամիսներին, մեղմ ասած, արդյունավետ չեն աշխատել ավելի փոքր համակարգերում։

Աբսուրդը հասել է այնտեղ, որ այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ չի բացառել, որ այս նստաշրջանում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը չքննարկվի։ Սա արտառոց վիճակ է ու նշանակում է, որ, ասենք, Սփյուռքի նախարարությունը փաստացի լուծարված է, սակայն դրա աշխատողները շարունակելու են դե յուրե աշխատանքի մեջ մնալ՝ չունենալով ֆունկցիոնալ պարտականություններ, սակայն ստանալով աշխատավարձ։

Սակայն հարցերի հարցն այն է, որ Փաշինյանի թիմը մտադիր չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, այսինքն՝ անգամ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայից հետո փաստացի չեն վերացվում ավտորիտար կառավարման վերականգնման ինստիտուցիոնալ հիմքերը։
     Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեմ է Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալուն, քանի որ այդ կառույցները չպետք է քաղաքական լինեն:

«Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը: Վերջին տարիներին մեր ունեցած քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը հենց այս կառույցներն ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Վստահ եմ, որ այս կարգավիճակն իրենք պետք է շարունակեն պահպանել», - այսօր լրագրողներին ասել է Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է այս կառույցների նկատմամբ վերահսկողությանը, ԱԺ նախագահը նկատել է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, բացի ապաքաղաքականացվելուց, նաև դուրս են եկել հանրության տեսադաշտից և վերահսկողությունից: «Կարծում եմ՝ մենք հիմա պետք է քայլեր անենք այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ոչ նախարարության կարգավիճակ տալով: Վերահսկողության մեխանիզմները բազմաթիվ են՝ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումներ կազմակերպելու ձևով և այլն: Այդ գործիքները մինչև հիմա էլ եղել են, բայց նաև կարող ենք զարգացնել», - ասել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից ԱԺ-ին փոխանցելու առաջարկի մասով Արարատ Միրզոյանը նշել է, որ լուծում կարող է լինել, որ ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ուղղակի ենթակայության տակ:

«Չափազանց սպեցիֆիկ կառույց է ԱԱԾ-ն: Գործադիրում այս ամիսներին իմ ունեցած փորձից եմ եկել այս եզրահանգմանը: Իսկ ոստիկանությունը հանգիստ կարող է լինել կառավարությանն առընթեր», - հայտարարել է ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանը գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, որովհետև խորհրդարանի նախագահը չի նշել այն կոնկրետ մեխանիզմները, որոնց շնորհիվ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտնվելու են խորհրդարանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Միրզոյանը Ռոբերտ Քոչարյանի «բարեփոխումները» ու ԱԱԾ և ոստիկանության ենթարկեցումը գործադիր իշխանության ղեկավարին համարել է «քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերում» ։ Մոտավորապես նույն կարծիքն էին հայտնում նախկին իշխանության ներկայացուցիչները՝ արդարացնելու համար Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի անձնակենտրոն համակարգերը։

Ի դեպ, խորհրդարանի պաշտպանության, ՆԳ և ԱԱ մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ խորհրդարանական ամբիոնից բառացիորեն հայտարարել է, որ Միրզոյանի նշած «ձեռքբերումը» հանգեցրել է 2008-ի մարտի 1-ի ոճրագործությանը։

Այսպիսով՝ կառավարող դաշինքի ղեկավարներն անտեսում են նույնիսկ իրենց շարքերում գտնվող սակավաթիվ պրոֆեսիոնալների մասնագիտական կարծիքները, ինչը կարող է ընդամենը մեկ պատճառ ունենալ՝ Հայաստանում հերթական անգամ դրվում են անձնակենտրոն իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։

Եթե ուժայինների նկատմամբ չկա խորհրդարանական վերահսկողություն, ապա դրանք կամայականորեն օգտագործվելու են պետության ղեկավարի կողմից։ Ու հենց սա է ոստիկանության ու ԱԱԾ-ի քաղաքականացման ամենակարճ ճանապարհը։ Միրզոյանի նշած «ապաքաղաքականացված» կառույցներն ամենամեծ դերն են ունեցել Մարտի 1-ի գործում՝ դառնալով Քոչարյանի բռնության գործիքները։

Երբ պետության ղեկավարը փորձում է պահպանել միանձնյա վերահսկողությունն ուժային կառույցների հանդեպ, ապա իր իշխանությունը բացարձակացնելու կամ հնարավորինս երկարաձգելու նպատակ ունի։ Այլ ռացիոնալ բացատրություն գոյություն չունի, իսկ մեր հասարակությանը մնում է աղոթել Նիկոլ Փաշինյանի «բարության» համար, որ ուժայինները հերթական անգամ չկրակեն ըմբոստացած ժողովրդի վրա

Աղբյուրը` 1in.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3785 | 0 | 0
Facebook