Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"Ազգային Օրակարգ" Կուսակցության հայտարարությունը Հնդկաստանի քաղաքացիների ներգաղթի վերաբերյալ

19:09, չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ.
"Ազգային Օրակարգ" Կուսակցության հայտարարությունը Հնդկաստանի քաղաքացիների ներգաղթի վերաբերյալ

Վերջին շրջանում մեծ հնչեղություն է ստացել Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան ընդլայնվող ներգաղթի խնդիրը, որը արդարացի մտահոգություն է առաջացնում մեր հասարակության մեջ։ Այս կապակցությամբ «Ազգային օրակարգ» կուսակցությունը ստորև ներկայացնում է իր մոտեցումները այս խնդրին։

Նախորդ տասնամյակի ընթացքում Հայաստանում արմատացած էր այն կարծիքը, որ մեր երկիրը աղքատ է, մեր երկրից համատարսած արտագաղթ է տեղի ունենում, և այն որևէ գրավչություն չի ներկայացնում օտարերկրացիների համար։ Իրականությունը սակայն այն է, որ Հայաստանի տնտեսությունը, թեև ոչ շատ արագ․ զարգանում էր, և 2018 թվականին մեր երկիրը, Համաշխարհային Բանկի դասակարգմամբ, հատեց միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շեմը։ Նույն ժամանակ, Հարավային և Հարավ-արևելյան Ասիայում, կան հսկայական բնակչությամբ մի շարք երկրներ՝ Հնդկաստան, Պակիստան, Ֆիլիպիններ, Բանգլադեշ, Մյանմար, Վիետնամ, որոնցում միասին վերցված ապրում է 2 միլիարդից ավելի բնակչություն, և որոնք իրենց տնտեսական զարգացման մակարդակով արդեն իսկ հետ են մնում Հայաստանից: Այս երկրների ունեզուրկ բնակիչների համար Հայաստանը, տնտեսական զարգացմանը զուգահեռ, դառնում է գրավիչ աշխատանքի շուկա, և դա բնական երևույթ է՝ նույն խնդրին են բախվում բոլոր արագ զարգացող և զարգացած երկրները։

Հնդկաստանի դեպքը առանձնահատուկ է։ Մի կողմից, այն մեզ բարեկամական երկիր է, և մենք ունենք այս երկրի հետ բազմաթիվ գործնական կապեր (մասնավորապես, ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում), որոնք վերջին տարիներին արագ զարգանում են, և Հայաստանը շահագռգիռ է դրանց խորացման մեջ։ Մյուս կողմից, Հնդկաստանը խիստ սրված ներքին սոցիալական հակասություններով երկիր է։ Մասնավորապես, երկրի 1, 35 մլրդ բնակչության 20%-ը պաշտոնապես ծայրահեղ աղքատ է (համեմատության համար, Հայաստանում ծայրահեղ աղքատ է բնկաչության միայն 1, 5%-ը), և ապրում է օրական 1 ԱՄՆ դոլարից ցածր եկամուտով, այս մարդկանց ճնշող մեծամասնությունը նաև չունեն մշտական օթևան։ Հնդկաստանի բնակչության 15% իսլամ է դավանում, և երկրում իսլամական ծայրահեղականությունը ևս լուրջ խնդիր է։ Նաև, Հնդկաստանում խիստ սրված է սեռային անհամաչափությունը, 100 տղամարդուն ընկնում է ընդամենը 94 կին, Հնդկաստանը կանանց նկատմամաբ սեռական բռնության մակարդակով առավել խնդրահարույց երկրներից է աշխարհում։

Հնդկաստանի կառավարության ջանքերը՝ լուծելու ծայրահեղ աղքատության և դրա հետ կապված հանցագործության և այլ խնդիրները, մինչ այժմ չեն բերել ցանկալի արդյունքի, տարբեր պատճառներով։ Այդ պայմաններում, Հնդկաստանի կառավարությունը, ոչ պաշտոնապես, դիտարկում է աղքատ բնակչության արտագաղթը երկրից որպես սոցիալական խնդիրները մեղմելու միջոց, և վերջին տարիներին Հնդկաստանից տարեկան արտագաղթում է մոտ 3 միլիոն մարդ (Հայաստանի ամբողջ բնակչության չափ), ընդ որում դրանց մեջ մեծ տոկոս են կազմում երկրի իսլամ դավանող քաղաքացիները (մոտ 27%):

Մինչև 2018 թ սկիզբը, Հայաստանը վերահսկում էր Հնդկաստանից բնակչության հոսքը դեպի մեր երկիր, այդ տարիներին Հայաստան էր այցելում տարեկան մոտ 5000 այցելու, հիմնականում բիզնեսի, կրթության և զբոսաշրջության նպատակով: 2017 թ․ Հայաստան է այցելել արդեն 10, 7 հազար Հնդկաստանի քաղաքացի, որոնցից միայն 3%-ն է մնացել Հայաստանում։ 2017 նոյեմբերի սկզբին, այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան այցելության ժամանակ պայմանավորվեց այս երկրի իշխանությունների հետ միակողմանիորեն դյուրացնել Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան, և երկու շաբաթ անց ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց Հնդկաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր պարզեցրած կարգով տրամադրել ՀՀ սահմանին՝ նախկինում դեսպանության միջոցով ավելի խիստ ընթացակարգի փոխարեն։ Դա հանգեցրեց նախորդ տարում Հնդկաստանից ժամանող քաղաքացիների թռիչքաձև աճի։ Նախնական տվյալներով, 2018 թ Հայաստան են ժամանել արդեն մոտ 30 հազար Հնդկաստանի քաղաքացիներ, և դրանց մեծ մասը, ակնհայտորեն, այլևս զբոսաշրջիկներ և ձեռներեցներ չեն՝ նախնական տվյալներով ևս, անցած տարի ժամանածների 15-20% մնացել է Հայաստանում։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը համարում է, որ ՀՀ Կառավարության 2017 թ․նոյեմբերի որոշումը՝ միակողմանիորեն պարզեցնելու Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան, հիմնավորված չէր, և Հնդկաստանից տեղի ունեցող հսկայական միգրացիոն հոսքերի ֆոնի վրա, կարող է հանգեցնել Հայաստանում անցանկալի դեմոգրաֆիական զարգացումների, և դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի խնդիրների։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը բոլոր բարձր աղքատություն ունեցող երկրներից, և այստեղ Հնդկաստանն էլ բացառություն չպետք է կազմի։ Մենք կոչ են անում ՀՀ Կառավարությանը, մոտ ժամանակներս անդրադառնալ այս խնդրին, և վերականգնել նախկին մուտքի ռեժիմը՝ այն է մուտքի արտոնագրերը տրամադրել միայն Հնդկաստանում ՀՀ դեսպանության միջոցով, պատկան մարմինների կողմից դիմողի միջոցների և կենսագրության ուսումնասիրությունից հետո։

Սա հնարավորություն կտա վերահսկել միգրացիոն հոսքերը, միաժամանակ չսահմանափակելով զբոսաշրջիկների և գործարար մարդկանց փոխադարձ այցելությունները, և փոխշահավետ համագործակցության զարգացումը մեր երկրների միջև։ Նաև, հեռանկարում անհրաժեշտ է կանոնակարգել արտասահմանյան քաղաքացիների կողմից Հայաստանի տարածքում աշխատանքի անցնելու հնարավորությունները, դա անելով միայն պետական սահմանափակ քվոտաների սահմաններում, և այն ոլորտներում, որում տեղական աշխատուժը իրապես չի բավականացնում։

"
     Ազգային Օրակարգ" Կուսակցություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5407 | 0 | 0
Facebook