Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞վ է Հայաստանի իրական ու անդավաճան պաշտպանը՝ Ռուսական 102-րդ ռազմաբազա՞ն թ՞ե Հայ Զինվորը։

09:18, հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ.
Ո՞վ է Հայաստանի իրական ու անդավաճան պաշտպանը՝ Ռուսական 102-րդ ռազմաբազա՞ն թ՞ե Հայ Զինվորը։

Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում մոտ երկու դար տևած ռուսական լուծը՝ 1813-1918թթ և 1921-1991թթ, ու այդ ընթացքում Ռուսաստանի կողմից, հպատակ երկրներում տարվող պրոպագանդան, այդ երկրների ժողովուրդների, այդ թվում մեր՝ հայերիս մեջ ձևավորել են Ռուսաստանի ու ռուսների հանդեպ կեղծ վախ ու ակնածանք, շինծու և անհիմն մտածողություն, թե իբր առանց ռուսների մենք կորած ենք, իսկ ռուսներին հակառակվել չի կարելի նույնիսկ մեր ազգային շահը պաշտպանելիս: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեից տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է հատկացվում Հայաստանում ռուսական ռազմաբազան պահելու համար, որն իբր թե «պաշտպանում է» մեզ թուրքական վտանգից: Այժմ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին կանգնած ռուսական ստորաբաժանումը, որն ունի ընդամենն 6000-7000 զինվոր, միայն այդ ուժերով անհրաժեշտության դեպքում չի կարող հուսալի պաշտպանել մեր սահմանը: Իսկ պատմական մոտ անցյալը մեզ ցույց է տվել, որ Ռուսաստանն իր շահը պաշտպանելու համար պատրաստ է ցեղասպանվելու վտանգի տակ մեն-մենակ թողնել ամբողջ հայ ազգին՝ մոռանալով ու ուրանալով հայերիս հսկայական ավանդն ու օգնությունը Ռուսաստանին, իր բոլոր պատերազմներում տարած հաղթանակներում և Ռուսաստանի հզորացման ու զարգացման գործում: Մենք մինչ օրս շարունակում ենք կրել այդ հարաբերություններից բխող վնասները և ականատես լինել ռուսական կողմի ագրեսիվ վարքագծին մեր երկրի տարածքում: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Գյումրի քաղաքում մի ամբողջ հայ ընտանիքի սպանությունը ռուս զինվորականի կողմից: Ցարական Ռուսաստանը մեզ մենակ թողեց թուրքի յաթաղանի առաջ 1915թ-ին և 1917թ-ին՝ դիտավորյալ հեռացնելով հայկական լեռնաշխարհի տարածքից մի քանի տասնյակ հազար հայ զինվորներին ու սպաներին, որոնք ծառայում էին ռուսաց բանակում: Խորհրդային Ռուսաստանը մեզ մասսայաբար զորակոչեց 1941-1945թթ, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, վտանգելով հայ ազգի գենոֆոնդը (զորակոչվել էր ՀԽՍՀ բնակչության 25%-ը, այն դեպքում երբ թույլատրելի թիվը 10% է): 1990-1994 թթ Ռուսաստանն Արցախում մեր դեմ հանեց խորհրդային բանակը, իրականացնելով Օղակ օպերացիաներն ու Շահումյանը վերջնականապես թողնելով ադրբեջանական վերահսկողության տակ: Ելնելով նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ Հայաստանում գտնվող ռուսական կայազորը չի կարող բացարձակ ապահովության երաշխիք լինել հայ-թուրքական սահմանին, իսկ այդ կայազորի համար մեր պետական բյուջեից կատարվող ծախսերը համարում ենք ոչ արդյունավետ: Այս ամենից զատ, Հայաստանում ռուսական կայազորի առկայությունն իր մեջ պարունակում է քողարկված վտանգ: Մենք չունենք ոչ մի երաշխիք, որ Թուրքիայից Հայաստանին սպառնացող որևէ վտանգի դեպքում ռուսական կայազորն անակնկալ կերպով չի լքի Հայաստանը, ինչպես որ եղավ 1915թ-ին: Իսկ կայազորի Հայաստանում գտնվելը կարող է ցանկացած պահին օգտագործվել հայկական կողմի գործողություններն իր իսկ երկրում կաշկանդլեու համար:
     Միաժամանակ, հայոց ազգային բանակից բացի, մենք ունենք 30000-անոց ուժ երկրի ներսում, որի թվում ՝ ոստիկանական զորքերն ու ԱԻՆ զորքերը: Այդ հսկայական ուժերը նախկինում նախատեսված էին Լևոնի, Ռոբի ու Սերժի բռնապետական ռեժիմների պահպանման համար:
     Եթե այդ մի քանի տասնյակ միլիոն դոլար գումարը, որն ուղղվում է Հայաստանում ռուսական կայազորի պահպանմանը, աշխատավարձի ձևով առաջակենք մեր ներքին զորքերին՝ ոստիկանության զորքեր և ԱԻՆ ուժեր, և նոր պայմանագրայինների ընդունելություն կազմակերպենք, ապա կկարողանանք բարձր աշխատավարձով (ամսեկան նվազագույնը 300 000 դրամ) ապահովել 30 000-ից ավելի ընտանիքի, հետևաբար կավելացնենք նոր աշխատատեղեր: Իսկ դրա դիմաց մեր նոր կազմավորվող ստորաբաժանումներն ու ոստիկանական ու ԱԻն զորքերը շատ մեծ ուրախությամբ ու ռուսական կայազորից շատ ավելի ամուր ու հուսալի կպաշտպանեն հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները, որոնք միասին ընդամենը 300 կմ են կազմում (հայ-ադրբեջանական սահմանը, ներառյալ Արցախի սահմանը՝ 1000 կմ է և տեսեք թե ինչքան ամուր են այն պահպանում մեր քաջերը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը վկա):
     Հայաստանից ռուսական կայազորի դուրսբերումով նշանակալիորեն կնվազի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, դրանով մենք միջոցներ կխնայենք նոր աշխատատեղեր բացելու համար, Արցախի ճակատում կգործենք ավելի վճռական և վերջնականապես չեզոքացնելով Ադրբեջանից եկող վտանգը ՝ կսկսենք մտածել Արևմտյան Հայաստանի ազատագրության մասին: Սակայն հասկանալի է նաև, որ Հայաստանից ռուսական կայազորի դուրսբերման իրագործումը պետք է կատարվի ոչ միանգամից, այլ աստիճանաբար: Նախ հարկավոր է Հայաստանին վերադարձնել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտները, որոնք այս կամ այն պատճառով հայտնվել են ռուսական հսկողության տակ և հետո նոր միայն քայլեր ձեռնարկել կայազորի դուրսբերման ուղղությամբ:
     Կտրուկ որևէ քայլը կարող է կրկին փորձանք բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանը համարում է իր ավանդական ազդեցության գոտիներից մեկը և հետևաբար ունի հավակնություններ տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում, և պիտի ձգտի հսկողության տակ պահել այստեղ կատարվող ցանկացած իրադարձություն ՝ ռուսական ազդեցության թուլացումը կանխելու համար:

Հարգանքներով՝ Մարտիկներ Հանուն Արդարության (ՄՀԱ) ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն:

29.12.2018թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4606 | 2 | 0
Facebook