Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առանց քեզ

08:30, կիրակի, 30 դեկտեմբերի, 2018 թ.
Առանց քեզ
    
    
    

Կյանքում գործած սխալների կեսից ավելին կայանում են նրանում, որ մենք սկսում ենք զգալ այն պահին, երբ պետք է մտածել և մտածում ենք այն պահերին, երբ պետք է զգալ:


    

Արևը նորածին է ու թափանցիկ:

Թարմ, առավոտյան օդը դեռ չի տաքացել ու հաճելի սողոսկում է թոքերդ, իսկ արևը փռել է իր դեղնավուն, հասկագույն վարսերը քո վրա ու շոյում է այնքան նուրբ ու զգուշերեն ինչպես մի մի փոքրիկ աղջնակ է շոյում իր ամենասիրած տիկնիկի գլուխը:

Արևը՝այդ հսկա հրաշքը, որին շատ հաճախ անվանում են փոքրիկ, կարող է քո հետ զրուցել ժամերով, հակառակել քեզ, համաձայնվել, համոզել, ժպտալ չարաճճի փոքրիկ տղայի նման, որը պատրաստվում է մի անսպասելի քայլ կատարել, բայց մնում է բարի ու պահանջկոտ՝ ստիպելով հենց իր ցանկացած պահին վեր կենալ անկողնուց: Դա նրան համարյա միշտ հաջողվում է:

Օրվա հենց այդ պահին է գլխովդ անցնում այն վայրկյանները, երբ քեզ եղել է հաճելի, երբ արածներդ թվացել են անմեղ արկածներ, երբ ցավ ես զգացել ու տխրել, որ չես կարող պատասխանել նույն կերպ…


    

Դու սիրում ես խոհանոցի նախնադարյան բազմոցին նստել ծալապատիկ, ճոճվել ու նայել թե ինչպես եմ սուրճ պատրաստում:

- Սիրում եմ, երբ տղամարդն է սուրճ մատուցում, չմոռանամ ասել, որ միայն քո մտքով կանցներ խոհանոցում դնել ճոճվող բազկաթոռ, մտքովս չէր անցնի:

Քո չարաճճի աչքերը հետաքրքրությամբ ուղեկցում են շաքարավազով լցված գդալի ճանապարհը մինչև սրճեփի շուրթը:

- Ինչո՞ւ հողաթափեր չես հագնում, տանը գուլպաներով ես ման գալիս, սալահատակը սառն է:

Քո աչքերը լցվում են մի այլ արտահայտությամբ, երբ ես սուրճի բաժակից սալահատակին կաթած սուրճի կաթիլը ոտքով եմ մաքրում:

Դու սիրում ես կծկվել կծիկի նման, մեջքով շուռ գալ դեպի ինձ ու այդպես քնել:

Այդ պահերին ես երկար չեմ կարողանում քնել ու կարծես թե պահպանում եմ քո քունը չգիտեմ ումից, չգիտեմ ինչից…

- Ինչպե՞ս ես կարողանում այդքան քիչ քնել և միաժամանակ արթնանալ այդքան առույգ:

Ուղղակի ես գիտեի, որ դա երկար չի տևի, երջանկությունը կարճ է լինում ու վախենում էի միշտ բաց թողնել այն պահը եր արթնանում ես, կատվի ձագուկի նման ձգվում գրկումս, բանտարկում հայացքս շուրթերիդ մեջ ու կրծքիս շշնջում.

- Ի՞նչ…:

Ես զգում էի, որ դա երկար չի տևի ու փորձում էի բավարարվել այն քչով, որն ինձ տրված էր քո կողմից:

Փորձում էի օգնել քեզ, հատուկ շեշտելով այն պահը, երբ բարկանում էիր անհասկանալի բաներից, փորձում էի քո հեռանալն ինձնից, դարձնել ավելի հիմնավորված:

Միակ բանը, որին ես պատրաստ չէի, դա այն դատարկությունն էր, որն առաջանալու էր քո հեռանալուց հետո:

Դրան ես պատրաստ չէի, չնայած սպասում էի:


    

… արևն իր դեղնավուն վարսերը փռած քո վրա ու շոյում է այնքան նուրբ ու .…

Դու՝ մեկնած ձեռքերով վազում ես վայրի կակաչների միջով դեպի ինձ:

Շուրջն ամեն ինչ կապույտ է, բացի կարմիր կակաչներից:

Մազերդ քամու ամբարոյական ձեռքերի մեջ ձգվել են զուգահեռ երկրին ու ես գիտեմ, որ չես հասնի ինձ…

- Մի՞թե սա կյանք է, այստեղ ապրել չի լինի, հեռու իմ ճանապարհից, ես քսանհինգ տարի չեմ սպասել, որ ապրեմ սովորական կյանքով, առջևում տարիներս են, որ կանցնեն առանց քեզ… առանց քեզ… առանց քեզ…

Իսկական տղամարդը ընդամենը երկու անգամ պետք է ցավեցնի կնոջը, առաջինը երբ զրկում է կուսությունից, երկրորդը երբ նրա համար երեխա ես ծնում, իսկ դու անընդհատ ինձ ցավեցնում ես քո կենցաղով, քո հագուստով, քո աշխատավարձով, քո պարտքեր մասին հիշելով…

Բացեցի աչքերս ու ձեռքս մեկնեցի ծխախոտի տուփին:

Գիտեմ, որ հիմա մոտ մեկ ժամվա ընթացքում կծխեմ տուփում մնացած սիգարետներն ու…մի նոր օր էլ կանցնի առանց քեզ…առանց քեզ… առանց քեզ…


    

* * *

«Տեսնես ո՞վ է հնարել հայելին, հաստատ կին կլինի հնարողը:

Ո՞ր մի տղամարդու մտքով կանցնի այսպես կիսամերկ կանգնել ու նայել ինքն իրեն:

Ի՞նչ հաճույք կստանան:

Այսպիսի կոնքեր, սրունքներ, մազեր, պարանոց, աչքեր, այսպիսի նազանք:

Իսկ արդյոք ճի՞շտ է արտացոլում հայելին, ո՞վ կարող է դրան պատասխանել: »

Ձեռքերը սկսեցին շոյել մարմինը:

- Լիլիթ հայելին արդեն մաշվեց, բավակա'ն է, հագնվի'ր: Հիմա հայրդ էլ կարթնանա:

- Մա'մ, մտքովս մի բան անցավ, տեսնես ո՞ւմ է բաժին հասնելու իմ այս գեղեցկությունը:

Լիլիթի ձեռքը շոյում էր սեփական մարմինը:

- Թող Աստված նրան ուժ, առողջություն ու համբերություն տա, բավական է, - մայրն անցավ կողքից ու գնաց խոհանոց:

- Ինչո՞ւ ես բարկանում, մա'մ, այ կտեսնես, որ լավ մարդ է, ինչ անենք, որ մի քիչ տարիքով է:

Դա ինձ համար բացարձակ միևնույն է:

- Մի քի՞չ, երկու անգամ, եթե ոչ ավել:

- Մամ դու լավ հաշվել չգիտե՞ս, ես քսանհինգ եմ, նա՝ քառասուներկու:

- Դու Ռուբենի հետ ճիշտ չվարվեցիր, նա քեզ սիրում էր:

- Ի՞նչ է, ամբողջ կյանքս պետք է անցկացնեմ կոպեկներ հաշվելով, ես ուզում եմ ունենալ իմ վարսահարդարը, մատնահարդարը, իմ մեքենան, ես ուզում եմ վայելել կյանքը, մա՛մ, դու պատկերացնո՞ւմ ես Մարսել քաղաքը, ծովափ, անհոգ կյանք, կրթված դաստիարակչուհի ու քո թոռնիկը ֆրանսերեն խոսող: Իսկ քո Ռուբենն ի՞նչ կտար ինձ, տատիկի ճոճվող բազկաթոռ ու…նույնիսկ դռան զանգի կոճակից նախնադարի հոտ է գալիս:

- Ապուշ – ապուշ դուրս ես տալիս, - ննջարանից դուրս եկավ հայրը: Դու չես պատկերացնում ինչ ասել է արտասահմանում ապրել, ծնողներից հեռու:

- Պա՛պ, մի՞թե այս տրամադրությամբ պետք է ընդունենք Անդրանիկին, նա շատ զգայուն է, կնեղանա, ուրիշ բան կմտածի: Իսկ ձեր Ռուբեն կոչվածը, որ այդքան սիրում էր ինձ, արդեն մեկ ամիս է ո՛չ զանգում է, ո՛չ էլ…

- Նա զանգում էր, ինձ հետ խոսում, հետո, երբ իմացավ որ դու կապվել ես այդ, - մայրը հարմար բառ չգտավ ասելու:

- Ինչքան ինձ ցավ պատճառեց, հասկանո՞ւմ ես, մամ, երբ իմացա, որ մանր առևտրով է զբաղվում, ծխում է ժանագին ծխախոտ, հարսանիքի էլ փող չուներ, իսկ իմ պահանջները, դուք հին մարդիկ եք, հին մտածողությամբ: Ձեզ հետ անկեղծ խոսել չի լինում:

- Փակի՛ր բերանդ, - հայրը բարկացած էր նայում, - դու կորցրեցիր մի մարդու, որը քեզ նվիրված էր:

- Ես գտել եմ մեկին, որն իմ կյանքը կապահովի, բարեկեցիկ կյանքը:


    

Անդրանիկը հաստամարմին ու բարձրահասակ տղամարդ էր, ճաղատ գլխով:

Ձեռքին մեկ հատ կարմիր վարդ էր, որ անմիջապես մեկնեց տանտիրուհուն՝ Շողիկին:

Հայրն ընդունեց նրան զուսպ ու պաշտոնական:

Ճաշն անցավ լուռ, լարված մթնոլորտում:

Երբ տիկին Շողիկը սուրճի մատուցարանը ձեռքին մտավ ներս՝ Անդրանիկը խոսում էր:

- Մարսել կապրիմ…կարգված եմ եղել երկու անգամ, …ունեմ երկու բենզոլցակայաններր, …մեկ անասնապահական ֆերմա՝ քաղաքեն դուրս, երկու սպասավոր…

- Լսո՞ւմ ես պապ ջան, որ ասո՞ւմ էի, - Լիլիթն իր տարերքի մեջ էր:

Անդրանիկը շարունակում էր.

…- մեկնելու ենք հինգ օրեն, սակայն փոքր մը հարց ունիմ, կցանկանայի ճշտել Լիլիթի ծնողներուն հետ:

Հայրը լուռ լսում էր:

- Խնդրեմ, Անդրանիկ ջան, իհարկե պետք է մեր միջև չլուծված հարցեր չլինեն, ես և ամուսինս կողմ ենք անկեղծությանը, - տիկին Շողիկը արտաքուստ էր հանգիստ, ինչը զարմացնում էր ամուսնուն:

- Ես գիտեմ, որ դուք ապրում եք մեղմ ասած ոտքերի վերմակի չափով, ես Լիլիթեն օժիտ չեմ ուզեր, դա էական չէ, բայց…

- Ազատ խոսիր Անդրանիկ ջան, մենք բարեկամի կարգավիճակում ենք, այնպե՞ս չէ, - Լիլիթի մայրը նարիջ դրեց նրա ափսեի մեջ:

- Ճանապարհի գումարի Լիլիթի չափը պետք է նրա ծնողները վճարեն, այդպես հարգի է, մեզ մոտ ընդունված:

- Դե իհարկե Անդրանիկ ջան, մենք հասկանում ենք, - մայրը նայեց Լիլիթին:

- Սպասիր, Շողիկ, մի շտապիր: Անդրանիկ ի՞նչ գումարի մասին է խոսքը և եթե մենք ի վիճակի չլինենք դա ի՞նչ կնշանակի:

- Հինգ հազար երեսուն ևրո, եթե ի վիճակի չե՞ք, հոգ չէ, ես մենակ կգնամ, թող Լիլիթը ամիս մը հետո աճապարե, իմ աչքի վրա տեղ ունի…

«…Իսկական տղամարդը ընդամենը երկու անգամ պետք է ցավեցնի կնոջը…»


    

* * *

Ինչ որ բան էր կանգնել կոկորդում, սեղմում էր ու չէր թողնում շնչել:

Փորձեց վեր կենալ, բայց չստացվեց:

Գլուխն անտանելի պտտվեց:

Ձեռքով սկսեց հարվածել պատին, հարևանի պատին:

Լսվեց դռան զանգը:

Ի՞նչպես մոտենալ – չէր մտածել:

Լսվեց հարևանի ձայնը:

- Ռուբեն ի՞նչ է եղել, Աստղիկը տանը չէ, խանութ է իջել, բանալուդ տեղը չգիտեմ, Ռուբե՛ն…

- Հրա՛նտ, - բղավեց, չճանաչելով սեփական ձայնը, - խոհանոցի սեղանի դարակում..- ու կորցրեց գիտակցությունը:


    

… Աչքերը բացեց, Հրանտն էր, Աստղիկը և սպիտակ խալաթով մի կին:

- Այ տղա, վախեցրիր, ի՞նչ է եղել, հիմա ինչպե՞ս ես:

- Հիմա սրտխառնոց չունեմ, բայց գլուխս, գլուխս պտտվում է: Աստղիկ ջան, սառնարանում մածուն կա, մի հատ թան, խնդրում եմ:

- Մի րոպե, ճնշումը չափեմ նոր, մի՞գուցե ցածր է, - բժշկուհին բռնեց Ռուբենի ձեռքը:

- Ռուբեն ջան, մենակ դժվար է, որ անընդհատ ասում ենք ամուսնացիր, քեզ համար ենք ասում, մենք ի՞նչ, հարևան ենք, բա որ տանը չլինեինք:

Բժշկուհին ուշադիր նայում էր ճնշումը չափող գործիքի սլաքի շարժմանը:

- Լիլիթն ի՞նչ եղավ, լավ էլ աղջիկ էր, այդ ի՞նչ արեցիր, որ քեզնից հեռացավ, ախ Ռուբեն, Ռուբեն:

- Լիլիթը մեկնել է արտասահման, երևի, չգիտեմ:

- Ճնշումը ցածր է, մի՞գուցե սրսկեմ, կամ էլ պետք է տեղափոխենք հիվանդանոց:

- Չէ, հիվանդանոց պետք չէ, սրսկիր կդիմանա՛մ:

Բժշկուհին ծիծաղեց:

- Բոլոր տղամարդիկ վախկոտներ են, դուք էլ բացառություն չեք: Թևքը բարձրացրեք:

- Բժշկուհի ջան, ի՞սկ դուք, -Հրանտը հարցրեց, հայացքն ուղղելով Ռուբենին:

- Ես ի՞նչ:

- Ամուսնացա՞ծ եք, ձեր ամուսինն էլ է վախենո՞ւմ:

- Ոչ փառք Աստծո, ամուսնացած չեմ, դա ի՞նչ կապ ունի:

- Մեր Ռուբենը…, - չհասցրեց ավարտել խոսքը:

- Չեմ կասկածում, մի կես ժամից ամեն ինչ լավ կլինի, երևի ներվային սթրեսս է եղել, պատահում է:

Ռուբենը բռնեց բժշկուհու ձեռքը:

- Շնորհակալություն:

Ետ չքաշեց, ուշադիր նայում էր Ռուբենին:

- Կարծես հոտառությունս կորել է, հոտ չեմ զգում: Մոտեցիր խնդրում եմ:

Բժշկուհին զարմացած նայեց հարևան ամուսինների կողմն ու գլուխը մոտեցրեց Ռուբենին:

Ռուբենի երեսին կախվեցին նրա մազերը:

«Յասամանի հոտ է, իսկ մի քանի ժամ առաջ զգում էի անտանելի վատ հոտեր, սա ինչ նոր հիվանդությո՞ւն է: »

Բժշկուհին ետ քաշվեց ու ձեռքն էլ ազատեց նրա մատներից:

Հրանտն աչքով Աստղիկին ցույց տվեց դուռը:

Հասկացան իրար:

- Նորից կգա՞ս, երբ վատանամ:

- Ոչ, կգամ երբ լավանաս, ես ի՞նչ է միշտ պետք է կարեկցող լինեմ, ըստ իմ աշխատանքի, իսկ ինձ ո՞վ պետք է…կատակում եմ, Ռուբեն: Բայց աշխատանքից հետո տուն գնալիս կանցնեմ, ինձ թվում է ոտքի կլինես:

- Սպասե՞մ:

- Լավ հարևաններ ունես, Ռուբեն:


    

«Ինչ նման էր Լիլիթին, մի՞թե այդպես լինում է, թե արդեն իմ աչքին է երևում: Իսկ բույրն ուրիշ էր, մի տեսակ ձգող ու կանչող, մի՞թե այդպես լինում է, այդ բույրը միշտ զգում էի Լիլիթի մազերից, երբ քնած էր լինում: Երբ ժպտում էր ուրիշ բույր էր, երբ սուրճ էր խմում՝ ուրիշ, երբ ամուր փաթաթվում էր, լրիվ ուրիշ բույր…

Ի՞նչ եմ անընդհատ Լիլիթ, հա Լիլիթ…Վերջացավ հեքիաթն ու այդպես պետք է լիներ, ի՞նչ արած, ամեն մեկն ունի իր սեփական ճանապարհը, ի՞սկ ես…»


    

- Ի՞նչ ես անընդհատ բժշկուհի, բժշկուհի, ես ի միջի այլոց ունեմ իմ սեփական անունը, որը շատ եմ սիրում, Եվա, - տեղավորվելով խոհանոցի ճոճվող աթոռին առանց հայացքը փախցնելու ժպտաց:

- Եվա…այո գեղեցիկ է, չեմ վիճի: Հիմա սուրճ կպատրաստեմ: Եվա:

- Մի՞գուցե ես, - փորձեց տեղից բարձրանալ:

- Չէ, նստիր, ես սիրում եմ նայել ճոճվող…քեզ ծանո՞թ է վարդի բույրը:

- Իհարկե, ի՞նչ տարօրինակ հարց, վարդ ես ուզում նվիրե՞լ: Հաճելի հոտ ունի:

- Ոչ, տանից դուրս չեմ եկել: Ի՞սկ մեխակի հոտը: Դուր գալի՞ս է:

- Այո:

- Շուշանի՞, թրաշուշանի՞:

- Այո, շատ:

- Յասամանի՞, դուր գալի՞ս է:

- Այո, ի՞նչ հարցեր ես տալիս, չեմ հասկանում:

- Մի վերջին հարց, ինչո՞ւ երբ բոլոր ծաղիկները լինում են մեկտեղ, դե ասենք պսակի մեջ, ապա հոտը դառնում է անտանելի ու կարծես մահվան տհաճ հոտ:

Եվան տեղից վեր կացավ ու մոտեցավ Ռուբենին:

- Շնչիր, ինչպես ցերեկը շնչեցիր, - մազերի փունջը բռնած մոտեցրեց Ռուբենի քթին:

Ռուբենը գրկեց:

Համբույրը տևեց այնքան երկար, որ Ռուբենի համար յասամանի բույրը դառավ ծխաբույր ու տարածվեց խոհանոցավ մեկ:

- Սուրճը թափվեց, բայց այս բույրը չի մոռացվի չէ՞ - մեղավոր հայացքով նայեց Ռուբենին:

Ռուբենը նրան վերցրեց ձեռքեր վրա:

Եվան ամուր փաթաթվեց նրա պարանոցին ու ծիծաղում էր:

- Թող, կգցես, հիմարություն մի արա:

Հազարավոր համբույրներ լցվեցին Եվայի մազերի մեջ:

Մազերը փաթաթվեցին Ռուբենի երեսով մեկ, իսկ ականջներում ծիծաղ էր, բարձր, հաճելի, այնքան վարակիչ, որ Ռուբենը վախեցավ ձեռքից ցած գցել:

- Ռուբեն, հարևաններդ կլսեն, ամո՛թ է, բա՛ց թող:

- Թո՛ղ լսեն, թո՛ղ լսեն:

- Ռուբ, խնդրում եմ, թո՛ղ, գազօջախը մաքրեմ, խնդրում եմ լսիր, խոստանում եմ:


    

Գազօջախը դժվար տեղի տվեց:

Լոգասենյակից գալիս էր թափվող ջրի հաճելի ձայնը, որը խառնվեց հեռախոսի զանգին:

Վերցնե՞լ, չվերցնե՞լ:

Հեռախոսը որոշել էր համառորեն ստիպել, որ անպայման միանան իրեն:

Մոտեցավ լոգասենյակին:

- Ռուբ, լա՞վ ես:

- Այո՛, շա՛տ:

- Հեռախոսն է, բաց արա դուռը տամ քեզ, միգուցե կարևոր, շտապ զանգ է:

- Քեզնից կարևոր, ոչինչ չկա՛, ինքդ պատասխանիր, ինձ միայն մայրս է զանգում:

Դողացող, նուրբ ձեռքը սեղմեց միացման կոճակը:

- Ալլո՞:

- Ո՞վ է:

- Ո՞ւմ եք ուզում:

- Ռուբենին: Սխա՞լ եմ զանգել:

- Ո՞վ է, չլսեցի:

- Լիլիթն է, ընկերուհին:

- Ռուբենը դուրս է եկել, տանը չէ, - ձայնը դողաց ձեռքերի նման:

- Ո՞ւր է դուրս եկել, ինչքա՞ն ժամանակով: Դո՞ւք ով եք:

- Դուրս է եկել հանրապետությունից, անորոշ ժամանակով, ես կի՛նն եմ…


    

* * *

Կյանքում գործած սխալների կեսից ավելին կայանում են նրանում, որ մենք սկսում ենք զգալ այն պահին, երբ պետք է մտածել և մտածում ենք այն պահերին, երբ պետք է զգալ:


    
    

Ս.Ումառ-Հարությունյան


    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5747 | 0 | 0
Facebook