Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՍԽԱԼԸ»

Hasmik
Հեղինակ`
Hasmik
13:52, հինգշաբթի, 27 դեկտեմբերի, 2018 թ.
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՍԽԱԼԸ»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՍԽԱԼԸ


    

ՀՀ երրորդ նախագահի վերջին սխալին բոլորս մասնակից եղանք և բոլորս էլ պարտադրված ենք «վայելելու» թավշիզմի հաճույքները՝ մի մասը երջանիկ անգիտության մեջ, մի մասը՝ թաքուն չարախնդությամբ, մեծ մասն էլ՝ խորապես անհանգիստ ու անմասնակից:

Նախավերջին սխալը 2017 թվականի ընտրություններից հետո իրականության գնահատման իսպառ բացակայությունն էր և թեկուզ պայմանականորեն վարչապետի աթոռը Կարեն Կարապետյանին չզիջելն էր: Վերջինս իր իրականացրած նախընտրական արշավում վաստակել էր դրա իրավունքը, ձևավորել էր իմիջ և ժողովրդի մեծամասնության ենթագիտակցության մեջ կար թաքուն մի հավատ, որ Սերժ Սարգսյանը չի դառնա վարչապետ, որ վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը:

Շուրջ երեք տարի, սահմանադրական փոփոխություններից ի վեր մենք էլեկտրականացված սպասում էինք և այդ սպասումը սպորտային հետաքրքրասիրություն չէր. այդ սպասումը ճակատագրական էր և ուներ երկու ելք.

ա) Բացահայտ և անամոթ խաբեություն

բ) ընտրություն չարյաց և չարյաց փոքրագույնի մեջ

Եվ ի՞նչ ստացանք….. ստացանք խաբվածի ապտակ. Սերժ Սարգսյանը կարգվեց վարչապետ:

Արհեստականորեն արագացվեց ՀՀԿ-ի վախճանը. Կարեն Կարապետյանի դեպքում դա կլիներ քիչ դանդաղ, բայց բնական: Գաղտնիք չէ, որ բնական մահվան հետ բոլորն էլ ի սկզբանե հաշտ են, իսկ անբնական մահը լի է չարագույժ, քայքայող անակնկալներով, մեռնողի համար՝ աստրալ աշխարհում, մնացածների համար՝ երկրի վրա…..

Կարեն Կարապետյանը արմատական ՀՀԿ-ական չէր: Իսկ ՀՀԿ-ի հնաբնակների մոտ թարախապալարները այլևս գարշահոտ էին և դատապարտված, նրանք այսպես թե այնպես մահամերձ էին և այն շինծու համոզմունքը, թե Նիկոլը փրկեց մեզ ՀՀԿ-ից, այնքան էլ իրական չէ: ՀՀԿ-ն վախճանվել էր մինչև հեղափոխությունը:

Կարեն Կարապետյանը խճճված չէր ՀՀԿ-ի լաբիրինթի մեջ:

Կարեն Կարապետյանը արտերկրում ճանաչված էր որպես հաջողված կազմակերպիչ և գործարար:

Կարեն Կարապետյանի ներդրումային նախաձեռնությունները դեկլարատիվ չէին, իրական էին, անձնավորված – հայտնի էին ներդրողները, ուրվագծվում էին այն ոլորտները, որոնք կնպաստեին տնտեսության իրական զարգացմանը:

ՀՀԿ շատ թե քիչ առողջ թևը իզուր է նվնվում, թե կուսակցապետը իրենց թողեց մեն մենակ հորձանուտի դեմ. մոռանում են, որ իրենք էլ վիժեցնելով Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու տարբերակը՝ Սերժ Սարգսյանին այլընտրանք չթողեցին և Նիկոլի համար իրենք ստեղծեցին բոլոր բարենպաստ պայմանները. և թող չհոխորտան, թե ժողովուրդը սխալ ընտրություն կատարեց: ՀՀԿ-ն ոչ միայն 20 տարի երկիրն ու ժողովրդին մղեց դեպի անդունդ, այլ նաև նա եղավ այսօրվա անկանխատեսելի վայրիվերումների փաստացի ուղղորդողը:

Գոնե Գյումրին Կարեն Կարապետյանի կարիքը զգում է. չէի ասի թե գյումրեցիները նրան շատ էին սիրում, բայց չէին էլ ատում: Եթե հարցնում են Ռուսթավելի փողոցի տեղը, ժողովուրդը ճշտում է՝ վարչապետի փողո՞ցը: Չնայած այն բանին, որ Կարեն Կարապետյանի սեփականություն հանդիսացող Ջիվանու 79 հասցեի Անիի կարծր տուֆով կառուցած միակ պատմական-հուշարձան շենքը այլևս չկա, փոխարենը կենսագրություն չունեցող, հարևանությամբ գտնվող մարգարտահատիկ շինությունները ստվերող ինչ որ նորակառույց է, բայց նույնիսկ այդ փաստը ոչինչ է տեղի ունեցող այն ավերածությունների հետ, որոնք Նիկոլ Փաշինյանը իր ինքնասևեռ բնույթին հարազատ ներդրել է Շիրակի մարզում……


    
    
    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3439 | 0 | 0
Facebook