Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ինչպես են նշում Սուրբ Ծնունդը տարբեր երկրներում

Անկախ Լրագիր
02:44, չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչպես են նշում Սուրբ Ծնունդը տարբեր երկրներում


     Սուրբ ծնունդը քրիստոնյա աշխարհի ամենակարևոր տոներից է, որը նշվում է աշխարհի մոտ 145 երկրներում, սակայն յուրաքանչյուր երկիր տոնի հետ կապված ունի իր ավանդույթները: Այն շատ երկրներում առավել կարեւոր տոն է համարվում, քան Ամանորն է։

Ֆրանսիա
     Սուրբ Ծնունդը տարվա ամենակարևոր տոնն է ցանկացած ֆրանսիական ընտանիքի համար։
     Չնայած բոլոր երկրներում այն Քրիստոսի ծնունդն է խորհրդանշում, սակայն, ֆրանսիացիների համար այն ավելի շատ ընտանեկան տոն է համարվում, որին պատրաստվում են մեծ ոգևորությամբ։
     Ֆրանսիացիները սկսում են պատրաստվել տոնին դեռևս նոյեմբերից։ Այստեղ Սուրբ ծննդյան շուկաները, զարդարանքը, նվերներն ու բացիկները ամենակարևորն են համարվում։
     Դեկտեմբերի 24-ի գիշերը նշում են ընտանիքով, հարազատներով և կեսգիշերին բացում են նվերները։
     Ֆրանսիացիների Սուրբ Ծննդյան սեղանին պարտադիր են տապակած հնդկահավը, պանիրները և գինին։

Ավստրիա
     Տոնից մոտ չորս շաբաթ առաջ Ավստրիայում սկսվում է Սուրբ Ծննդյան պատրաստությունը։ Այդ ժամանակ տները զարդարում են հատուկ պսակով, որի վրա դրվում են չորս մոմեր: Սուրբ Ծննդյան պահքի առաջին կիրակին վառվում է մեկ մոմ, երկրորդի ժամանակ` երկու, երրորդ կիրակի օրը վառվում է երեք մոմ, իսկ Սուրբ Ծննդյան նախօրեին` գալստյան վերջին կիրակին վառվում են բոլոր չորս մոմերը:

Անգլիա
     Անգլիայում Սուրբ Ծնունդը իսկական ընտանեկան տոն է: Մինչ դեկտեմբերի 25-ը միմյանց պարտադիր բացիկներ և նվերներ են ուղարկում։ Իսկ Սուրբ Ծնունդին բոլորը հավաքվում են հարազատներից որևէ մեկի տանը, միմյանց նվերներ տալիս եւ աչքի անցկացնում ընտանեկան լուսանկարները: Ավանդական կերակրատեսակ է համարվում հնդկահավը հաղարջի սոուսով եւ պուդինգը: Անգլիայում Սուրբ Ծննդյան սեղանի զարդը համարվում է տոնական տորթը:

Գերմանիա
     Ըստ հին ավանդության, 11-րդ ամսի 11-րդ օրը, ժամը 11։ 11 րոպեին Գերմանիայում սկսվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը, որը հայտնի է որպես «տարվա հինգերորդ եղանակ»: Քաղաքների հրապարակներում կազմակերպվում են տոնավաճառներ, որտեղ հավաքվում են հազարավոր մարդիկ: Նրանք գրկախառնվում են, խմում են տաք գլինտվեյն, պարում են եւ երգում:

Հունաստան
     Չնայած Հունաստանն ուղղափառ երկիր է, սակայն Սուրբ Ծնունդը նշում է արեւմտյան աշխարհի հետ միասին` դեկտեմբերի 25-ին: Այն նշվում է յուրաքանչյուր ընտանիքում, ընտանեկան շրջանակներում: Զարդարվում է տոնածառը, տոնական սեղանին դնում են զանազան մրգեր, ընկույզ, թուզ, չամիչ, եւ այլն: Իսկ գլխավոր տեղը սեղանին հատկացվում է հնդկահավին: Սովորաբար Սուրբ Ծնունդին այստեղ միմյանց նվիրում են հագուստ, գրքեր, կենցաղային իրեր, պարզապես ծրարով գումար, եւ իհարկե խաղալիքներ երեխաների համար

Շվեդիա
     Ամենաերկար Սուրբ ծնունդը նշվում է Շվեդիայում. տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին և ավարտվում հունվարի 13-ին: Այստեղ տոնական օրերին երեխաներին հյուր է գալիս ոչ թե Ձմեռ պապն, այլ Սուրբ ծննդյան թզուկը, որն, ըստ հավատալիքների, ապրում է յուրաքանչյուր տան նկուղում:

Հայաստան
     Դե իսկ Հայաստանում այն նշվում է հունվարի 6-ին։
     Այդ օրը Հայ եկեղեցին նշում է նաեւ Քրիստոսի մկրտության օրը: Սուրբ Ծննդյան նախօրեին երեկոյան մատուցվում է պատարագ, որը կոչվում է ճրագալույցի պատարագ: Այդ օրը հավատացյալները մոմ են վառում եկեղեցում եւ այն իրենց հետ տանում տուն` այն լուսավորելու եւ Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու համար: Հաջորդ օրը` հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագ: Որին հաջորդում է Քրիստոսի մկրտության արարողությունը եւ ջրի օծումը: Ավանդաբար այս օրը հայկական ընտանիքների սեղանին մատուցվում է բրնձով և չամիչով փլավ, ձուկ եւ կարմիր գինի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2523 | 0 | 0
Facebook
COMMENT.am