Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պատանիների սիրահարը և սիրային գործերի գիտակ»-ը բավականին թանկ է «գնահատվել»

19:33, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
«Պատանիների սիրահարը և սիրային գործերի գիտակ»-ը բավականին թանկ է «գնահատվել»

Երգիծաբան Լուկիանոսը հին աշխարհի մեծագույն իմաստասերներից մեկի՝ Սոկրատեսի «վաճառքի» ընթացքը «բեմականացնելիս» ՝ հիմնվել է դատավարության ժամանակ վերջինիս ներկայացված երեք հիմնական մեղադրանքների (չի պաշտում աստվածներին, ներմուծում է նոր աստվածություններ և իր փիլիսոփայությամբ այլասերում է պատանիներին) վրա:


     Հերմես – Ուզո՞ւմ ես այն ճարտասան աթենացո'ւն բերենք…

Զևս – Այո՛:

Հերմես – Հե՛յ, դո՛ւ, ե՛կ այստեղ: Ազդարարո՛ւմ ենք գեղեցիկ կյանք, բանական կյանք: Ո՞վ կգնի կյանքերից ամենասուրբը:

Գնորդ – Ասա՛ ինձ, թե ամենից լավ դու ինչ գիտես:

Պլատոն – Ես պատանիների սիրահար եմ և սիրային գործերի գիտակ:

Գնորդ – Բայց ես ինչպե՞ս կարող եմ քեզ գնել: Ինձ որդուս համար գեղեցկությամբ աչքի ընկնող քեռի է պետք:

Սոկրատես – Ո՞վ կարող է ինձանից լավ ապրել գեղեցիկ պատանու հետ: Չէ՞ որ ես սիրում եմ ոչ ոչ թե մարմինը, այլ հոգին եմ գեղեցիկ համարում: Եթե նույնիսկ պատանիներն ինձ հետ նույն վերարկուի տակ պառկած լինեն, դու նրանցից չես լսի, որ ես նրանց նկատմամբ վատ արարք եմ թույլ տվել:

Գնորդ – Դու ինչ-որ անհավանական բան ես ասում: Մի՞թե դու, լինելով պատանիների սիրահար, ավելի չես խորացնի նրանց հոգու հանդեպ տածած քո սերը, երբ նրանց հետ պառկած լինես մեկ ծածկոցի տակ:

Սոկրատես – Երդվում են շնով ու սոսիով, որ հենց այդպես է, որ կա:

Գնորդ – Այդ ի՞նչ տարօրինակ աստվածներ են:

Սոկրատես – Չե՞ս հավատում, որ շունն աստված է: Իսկ մի՞թե դու չես տեսնում, թե Եգիպտոսում ինչպես են պատվում Անուբիսին: Իսկ երկնային Սիրիուսին չգիտե՞ս: Իսկ ստորգետնյա թագավորության Կերբերի՞ն:

Գնորդ – Դու իրավացի ես, ես սխալվեցի: Իսկ ինչպիսի՞ն է քո կենսակերպը:

Սոկրատես – Ապրում եմ՝ ինքս ինձ համար մի թագավորություն հորինելով ու այնտեղ առանձնահատուկ պետական կարգ սահմանելով, և օրենքներն էլ իմ սեփականն են:

Գնորդ – Կուզենայի լսել հիմնական օրենքներից մեկի մասին:

Սոկրատես – Արդ՝ լսի՛ր կանանց վերաբերող ամենակարևոր բանի մասին: Նրանցից ոչ մեկը թո՛ղ չպատկանի միայն մեկին, այլ ամուսնությանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուրին:

Գնորդ - Այդ ի՞նչ ես ասում: Կնշանակի՝ ամուսնական անհավատարմությանը վերաբերող բոլոր օրենքները վերացվո՞ւմ են:

Սոկրատես – Այո՛, երդվում եմ Զևսով, վերացվում են նաև դրանց հետ կապված բոլոր մանր-մունր բաները:

Գնորդ – Իսկ գեղեցիկ պատանիների առնչությա՞մ ինչ ես որոշել:

Սոկրատես – Նրանց սերը պարգև է լինելու քաղաքացիներից այն լավագույններին, որոնք ինչ-որ նշանակալի ու բարի բան են արել:

Գնորդ – Համա՜ թե շռայլ նվերներ են: Իսկ ո՞րն է քո իմաստունության գլխավոր դրույթը:

Սոկրատես – Էության մասին գաղափարներն ու պատկերացումները, քանի որ այն ամենը, ինչ դու տեսնում ես՝ և՛ երկիրը, և՛ երկրի վրա եղած ամեն ինչ, և՛ երկինքը, և՛ ծովը, ամենայն գոյի սահմաններից դուրս գտնվող կերպարներ են:

Գնորդ – Իսկ դրանք որտե՞ղ են:

Սոկրատես – Ո՛չ մի տեղ, որովհետև եթե դրանք ինչ-որ տեղ գոյություն ունենային, ապա գոյություն չէին ունենա:

Գնորդ – Ես չեմ տեսնում այն ամենը, ինչի մասին դու խոսում ես:

Սոկրատես – Չես էլ տեսնի, որովհետև հոգուդ աչքերը կույր են, իսկ ես տեսնում եմ ամենայնի կերպարը, տեսնում եմ նաև քո երկրորդին ու ամեն ինչի կրկնակին:

Գնորդ – Կնշանակի՝ հարկավոր է քեզ գնել, որովհետև դու իմաստուն ես ու ավելին ես տեսնում, քան սովորական մարդիկ…Նրա համար ինչքա՞ն ես ուզում:

Հերմես – Երկու տաղանդ:

Գնորդ – Այդ գնին համաձայն եմ, փողը մոտ ապագայում կվճարեմ:

Հերմես – Անունդ ի՞նչ է:

Գնորդ – Դիոնիսոս Սիրակուզցի:

Հերմես – Տա՛ր նրան:


     (շարունակելի)


     Նկարում՝ Կրքի ճիրաններից զորավար Ալքիվիադեսին պոկող Սոկրատեսը (հեղինակ՝ Ժան Բատիստ Ռենո):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3648 | 0 | 0
Facebook