Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲԱՆԴԻՎԱՆ

Hasmik
Հեղինակ`
Hasmik
18:34, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
ԲԱՆԴԻՎԱՆ


    
    
    
    
    
    
    
     ԲԱՆԴԻՎԱՆ

Շփոթելու հարկ չկա, խոսքը չի վերաբերում կաթնամթերք արտադրող ընկերությանը, վերջինս գովազդի կարիք էլ չունի. պիտակի ճշգրիտ մակնշմամբ մաքուր անարատ արտադրած կաթնամթերքը իր կայուն սպառողն ունի: Պատմությունը Բանդիվան գյուղի մասին է: Գյուղը հիմնադրվել է 1829թվականին Կարսի գավառի Տեկորի գյուղից եկած գաղթականների կողմից: Գյուղի շրջակայքում առկա է մ.թ.ա. II-I հազարամյակի դամբարանադաշտ: Գյուղի հարավ-արևելյան մասում է գտնվում մ.թ.ա. III-II հազարամյակի մենհիր՝ մենաքար (ննջեցյալի հիշատակին գետնի մեջ կանգնեցված մեծ քարեր): Գյուղի հյուսիս-արևմտյան կողմում հայտնաբերվել է դոլմեն (մ.թ.ա. III-II հազարամյակ): Սրանք նույնպես մեգալիթյան մշակույթին պատկանող հնագույն թաղման կառույցներ են՝ քարարկղի ձևով: Գյուղից մի քիչ այն կողմ ձորի մեջ կա քարայր կացարանների համալիր, որին տեղացիները անվանում են «7 մաղարա»: Բանդիվանի հյուսիսային կողմում պահպանվել են V-VI դարերի կոթողներ, որոնցից ամենաերևելին Հիսուսի խաչելիության տեսարանով կոթողն է: Հին գյուղի տարածքում ամրոցի մեջ պահպանվել են ձիթանների և ջրաղացի պատերի մնացորդներ:

Բանդիվան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու (վերականգնված Կարապետյանների բարերարությամբ) արևմտյան կողմում գտնվում է Սուրբ Զորավոր մատուռը: Տեղացիները պատմում են, որ մատուռի տակից հոսող սառնորակ ջուրը կտրվել է 1918թ.-ին, այն ժամանակ, երբ թյուրքերը մտել են գյուղ: Դրանց հեռանալուց հետո ջուրը նորից սկսել է հոսել: Նույն երևույթը ըստ ականատեսների կատարվել է նաև երկրաշարժի ժամանակ՝ 1988թ.-ին:

Ղարախաչի սառնաշունչ ու մշտական քամիների տակ ծվարած այս գյուղը հիշեցնում է արևմտահայ հրաշք գյուղագիր Հակոբ Մնձուրու Արմըտանը: Իհարկե Բանդիվանը Արմըտանի նման շեն ու շքեղ այգիներ չունի, մարգարտահատիկ արոտներ չունի, բայց ունի այն անխռով ու խաղաղ կենսակերպը, որն ուներ Արմըտանը Եղեռնից առաջ:

Գյուղից արտագնա աշխատանքի մեկնող ոչ մի երիտասարդ.

Գյուղամիջում անգործ կանգնած ոչ մի տարեց:

Ինքնաբավ 54 ծուխ ունի գյուղը, շուրջ 100 մշտական աշխատատեղ: Գյուղի եկեղեցին օրհնված է և գործում է: Գյուղի գազաֆիկացումը պետության շնորհը չէ, որ արել է բանդիվանցիներին, ոչ էլ գյուղի դպրոցի հոգսերն է Կրթության Նախարարությունը հոգացել, այս ամենը Կարապետյան ընտանիքի հոգածության ներքո է:

Չկարծեք թե այս ամենը գյուղերի օպտիմալացման շնորհքն է. ամենևին. հայ մեծ երախտավոր Հրաչյա Աճառյանը հեղինակել է շուրջ 500-ից ավելի բարբառների համեմատությամբ բառարան. ամեն մի բնակատեղիի դեմքն ու ծեսը պահողը եկեղեցին ու լեզուն է (յուրաքանչյուրի բարբառը): Ինչքան էլ նախկին ու ներկա իշխանավորները փորձեն համահավասարեցնել Ցողամարգի, Ողջիի, Բանդիվանի առանձնահատկությունները, Ողջին էլի կմնա Ողջի, Ցողամարգն էլի կմնա Ցողամարգ, Բանդիվանն էլ՝ Բանդիվան՝ յուրաքանչյուրը իրենց հատուկ ծեսով ու սովորույթներով: Աշխարհից մոռացված այս գյուղը ամեն առավոտ արթնանում է խաղաղ լուսաբացով և ամեն երեկո քուն մտնում հոգնած ու վաստակած:

Այս գյուղի գաղտնիքը թող յուրաքանչյուր չինովնիկ՝ մեծ ու փոքր, հին ու նորաթուխ փնտրի իր մեջ, ավելի անկեղծ՝ գյուղի հետ առնչվող յուրաքանչյուր պաշտոնյա թող հարց տա ինքն իրեն՝ արդյո՞ք ինքն է օգնել այս գյուղին ոտքի կանգնել…

Իսկ միգուցե խանգարե՞լ է…

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4380 | 0 | 0
Facebook