Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»

20:23, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»

Այս հանրահայտ դարձվածքի հեղինակը՝ հին հույն փիլիսոփա՝ Հերակլիտոս Եփեսոսցին (մ.թ.ա. 544 483 թթ.) համարվում է դիալեկտիկայի նախնական տեսության հիմնադիրը: Նա, ըստ որոշ վկայությունների, հրաժարվել է իր արտոնություններից՝ հօգուտ եղբոր, ու քանի որ ատել է մարդկանց, մեկուսացել է սարերում՝ սնվելով խոտերով: Կենսագիրները հատուկ ընդգծել են, որ նա ոչ մեկի ծառան չի եղել: Ըստ առասպելախառն որոշ պատումների՝ նա հանձնարարել է իրեն թրիքով պատել և, այդ վիճակում պառկած մնալով, մահացել է:

«Պատերազմը բոլորի հայրն է, բոլորի թագավորը. այն ոմանց աստված է հռչակում, ոմանց՝ մարդ, ոմանց ստրկացնում է, ոմանց՝ ազատագրում» - ասել է Հերակլիտոսը:

Եվ, ահա, գերեզմանից հանված այս փիլիսոփային է դիմում Դեմոկրիտոսից հիասթափված գնորդը:


     Գնորդ - Իսկ դո՞ւ, անուշի՛կս, ինչո՞ւ ես արտասվում: Կարծում եմ՝ քեզ հետ խոսելն ավելի հաճելի կլինի:

Հերակլիտոս – Ո՛վ օտարերկրացի, մարդկանց գործերը ես ողբի ու արտասուքի արժանի եմ համարում, դրանցում չկա մի բան, որն անցնողական չլինի: Այդ պատճառով եմ ես ձեզ խղճում ու ողբում: Այն ամենը, ինչ գոյություն ունի հիմա, ես մեծափառ չեմ համարում, իսկ ինչ լինելու է հետո, ես սարսափելի եմ համարում. սս նկատի ունեմ համաշխարհային հրդեհն ու աշխարհայացքի հեղաշրջումը: Հավերժական ոչինչ չկա, ամեն ինչ վերածվելու է սարսափազդու խառնուրդի: Ողբում եմ, որովհետև ամեն ինչ գալիս է ու գնում, որովհետև ամեն ուրախության մեջ վիշտ կա, իսկ վշտի մեջ` ուրախություն, որ հավերժության մեջ հավերժություն չկա, իսկ հավերժությունն ընդամենը վեգ խաղացող մանուկ է»:

Գնորդ – Իսկ մարդիկ ի՞նչ են:

Հերակլիտոս – Մահկանացու աստվածներ:

Գնորդ – Իսկ աստվածնե՞րն ինչ են:

Հերակլիտոս – Անմահ մարդիկ:

Գնորդ – Հանելուկներով ես խոսում, ոչ մի հստակ բան չես ասում:

Հերակլիտոս – Որովհետև ես ձեզ հետ գործ չունեմ:

Գնորդ – Կնշանակի՝ ոչ մի ողջամիտ մարդ քեզ չի գնի:

Հերակլիտոս - Ե'վ գնողները, և' չգնողները ողբալի, ողորմելի ոչնչություններ են:

Գնորդ - Նրանք երկուսն էլ խելագար են: Դրանց չե'մ ուզում:

Հերմես – Ափսո՛ս: Զև՛ս, սրանց էլ չենք կարողանա վաճառել:

Զևս – Հաջորդի՛ն ազդարարիր:
    
     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4449 | 0 | 0
Facebook