Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Քեզ թվում է` ստրուկ ես գնում, բայց իրականում՝ միայն ատոմներ»

20:25, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Քեզ թվում է` ստրուկ ես գնում, բայց իրականում՝ միայն ատոմներ»

Կարգադրելով գնորդներին ներկայացնել աբդերացուն՝ Զևսը նկատի է ունեցել Դեմոկրիտոսին (մ.թ.ա. 460 – 370 թթ.) ՝ ատոմիստական տեսության հիմնադիրներից մեկին: Նրա ապրելակերպն աբդերացիներին անհասկանալի է թվացել, որովհետև նա քաղաքից պարբերաբար հեռացել է՝ թաքնվելով գերեզմանոցներում, որպեսզի խորհրդածի: Առանց որևէ արտաքին դրդապատճառի նա հանկարծ սկսել է քրքջալ, որովհետև տիեզերական մեծ աշխարհակարգի խորապատկերին մարդկանց գործերը նրան ողորմելի են թվացել: Այդ պատճառով էլ նրան «Ծիծաղող փիլիսոփա» մականունն են տվել: Համաքաղաքացիները Դեմոկրիտոսին մանկամիտ են համարել ու նույնիսկ նշանավոր բժիշկ Հիպոկրատոսին հրավիրել են, որպեսզի հաստատի իրենց կարծիքը: Վերջինս հանդիպել է փիլիսոփայի հետ, բայց որոշել է, որ նա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես լիակատար առողջ է, և որ նա իր տեսած ամենաիմաստուն մարդկանցից մեկն է:

Դեմոկրիտոսն աշխարհը համարել է դատարկության մեջ գոյություն ունեցող ատոմների համակարգ: Դատարկության մեջ ատոմների քաոսայինանդադար բախվում է տեղի ունենում, որի հետևանքով դրանք կա՛մ միանում են, կա՛մ իրարից հեռանում: Միացած ատոմները բարդ մարմիններ են գոյացնում: Մարմինների տարատեսակությունը պայմանվորված է ինչպես ատոմների տարբերություններով, այնպես էլ դրանց միակցման կարգով՝ այնպես, ինչպես միևնույն տառերից տարբեր բառեր են կազմվում: Ըստ նրա՝ ատոմները չեն կարող իրար հպվել, որովհետև ինչի մեջ դատարկություն չկա, անտրոհելի է համարվում, այսինքն միասնական ատոմ է: Հետևաբար, երկու ատոմների միջև կա թեկուզ աննշան դատարկություն, իսկ դա նշանակում է, որ նույնիսկ սովորական մարմինների մեջ դատարկություն գոյություն ունի: Սրանից նաև հետևում է, որ չափազանց մերձենալիս՝ ատոմներն իրար վանում են: Բայց հնարավոր է նաև ատոմների փոխադարձ ձգողականություն՝ «նմանը ձգում է նմանին» սկզբունքի համաձայն:

Դեմոկրիտոսն աշխարհներն անվերջանալի է համարել: Ըստ նրա՝ աշխարհներն իրարից տարբերվում են մեծությամբ: Աշխարհներից որոշներում ո՛չ արև կա, ո՛չ լուսին, մյուսներում արևն ու լուսինն ավելի մեծ են, երրորդներում դրանք ոչ թե մեկական են, այլ մի քանիսը: Աշխարհների միջև տարածությունն էլ է տարբեր: Աշխարհներից որոշները մեծանում են, որոշները լիակատար ծաղկման են հասել, իսկ երրորդները փոքրանում են: Մի տեղում աշխարհներ են գոյանում, ուրիշ տեղերում աշխարհները վերանում են: Դրանք ոչնչանում են մեկմեկու բախվելով: Որոշ աշխարհներ զուրկ են կենդանիներց, բույսերից ու որևէ հեղուկից:

Մարդու գոյության հիմնական սկզբունքը նա համարել է կրքերից ու ծայրահեղություններից զերծ հոգու անվրդով վիճակը: Նրա համոզմամբ՝ մարդուն պատուհասող բոլոր չարիքների ու դժբախտությունների պատճառը անհրաժեշտ գիտելիքների բացակայությունն է, և նա դրանից հետևություն է անում, որ ծագած խնդիրների հաղթահարումը միայն գիտելիքներ ձեռք բերելու միջոցով է հնարավոր:

Դեմոկրիտոսը մասամբ է հերքել աստվածների ու ամեն մի գերբնականի գոյությունը, բայց նա, այնուամենայնիվ, համարել է, որ աստվածները բաղկացած են ատոմներից, այդ իսկ պատճառով անմահ չեն:


     Իսկ այժմ հետևենք նրա վաճառքի ընթացքին:


     Հերմես – Երկուսդ էլ հարթակի կենտրո՛ն եկեք…Վաճառում եմ լավագույն կյանքեր՝ ամենաիմաստունները բոլոր կյանքերից:

Գնորդ – Ո՜վ Զևս, այս ի՞նչ հակադրություն է. մեկը շարունակ ծիծաղում է, իսկ մյուսը, թվում է, ինչ-որ մեկի ողբն է անում, անդադար արտասվում է: Հե՛յ, դու, ինչո՞ւ ես ծիծաղում:

Դեմոկրիտոս – Դու դեռ հարցնո՞ւմ ես: Ծիծաղում եմ, որովհետև ձեր բոլոր գործերն ինձ ծիծաղելի են թվում: Դուք՝ նույնպես:

Գնորդ – Այդ ի՞նչ ես ասում, դո՞ւ ես բոլորիս վրա ծիծաղողն ու մեր գործերը չգնահատողը:

Դեմոկրիտոս – Այո՛, հե՛նց ես, որովհետև գործերում ոչ մի կարևոր բան չկա, ամեն ինչ սին է, ատոմների շարժում և անվերջություն: Քեզ թվում է` ստրուկ ես գնում, բայց իրականում՝ միայն ատոմներ:

Գնորդ – Սինն ու կատարյալ հիմարը հենց դո՛ւ ես: Ե՞րբ ես ծիծաղդ դադարեցնելու:


     (
գնորդն այլևս չի ցանկանում խոսել Դեմոկրիտոսի հետ ու դիմում է Հերակլիտոսին, բայց այդ մասին՝ հաջորդիվ)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3603 | 0 | 0
Facebook