Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կյանքի մեծ ուսուցիչների «վաճառքը»

17:20, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Կյանքի մեծ ուսուցիչների «վաճառքը»

Վաճառքի է հանվում սոփեստ փիլիսոփա Արիստիպոսը (մ.թ.ա. 435 355 թթ.): Բայց մինչ այդ մի քանի հետաքրքրաշարժ և նույնիսկ ուսանելի տեղեկություն նրա մասին:

Արիստիպոսը տևական ժամանակ եղել է Սիցիլիայի բռնակալներից մի քանիսի ստրուկը, իսկ նրանցից մեկին` Դիոնիսոս Ավագին, այնպես է քծնել, որ Դիոգենեսը նրան «թագավորական շուն» է անվանել: Արիստիպոսը, ժամանակակիցների վկայությամբ, վախկոտ անձնավորություն է եղել, բայց սիրել է ճոխություն ու անզուսպ հակում է դրսևորել կանանց նկատմամբ:

Երբ Սիցիլիայի բռնապետ Դիոնիսոս Ավագը թքել է նրա վրա, նա չի բողոքել, իսկ երբ մեկը դրա համար սկսել է նրան հայհոյել, նա այսպես է պատասխանել. «Ձկնորսներն իրենց երեսը ծովի նետած փրփուրներին են դեմ տալիս, որպեսզի գոնե մանր ձկներ որսան, իսկ ես, որ խոշոր ձուկ եմ ուզում բռնել, ինչո՞ւ չհանդուրժեմ թքի ցայտերը»:

Մի անգամ Արիստիպոսը զայրացած Դիոնիսոսից փորձում է պաշտպանել իր ընկերոջը: Հաջողության չհասնելով` նա բռնակալի ոտքերն է ընկնում: Երբ մեկը դրա համար սկսում է նրան ծաղրել, ասում է. «Ես մեղավո՞ր եմ, որԴիոնիսոսի ականջները ոտքերին են աճած»:

Նա մի անգամ Դիոնիսոսից փող է խնդրում: Վերջինս ասում է. «Չէ՞ որ դու ասում ես, թե իմաստունը ոչնչի կարիք չունի»: Փիլիսոփան պատասխանում է. «Ինձ փո'ղ տուր, հետո այդ հարցը կքննարկենք»: Ստանալով փողը` նա ասում է. «Տե'ս, որ ես իսկապես չգիտեմ, թե ինչ է կարիքը»:

Դիոնիսոսի այն հարցին, թե ինչու են փիլիսոփաները հարուստների դռները թակում, և ոչ թե հակառակը, փիլիսոփան պատասխանում է. «Որովհետև փիլիսոփաները գիտեն, թե իրենց ինչ է հարկավոր, իսկ հարուստները չգիտեն»:

Արիստիպոսը հրապարակում բանջարեղեն մաքրող Դիոգենեսի մոտով է անցնում: Դիոգենեսն ասում է. «Եթե դու կարողանայիր սրանցով սնվել, ստիպված չէիր լինի բռնակալների պալատներում ծառա լինել»: Արիստիպոսը պատասխանում է. «Իսկ եթե դու մարդկանց հետ վարվեցողություն ունենայիր, քո բանջարեղենն ինքդ չէիր մաքրի»:

Իսկ այժմ հետևենք գերեզմանից հանված այս փիլիսոփայի վաճառքին, տեսնենք, թե հին հույնը կգնի՞ արդյոք այս որակի ստրուկ:


     Զևս
– Կանչի'ր հաջորդին` կիրենեացո'ւն` կարմիր թիկնոց հագած այն պսակակրի'ն:

Հերմես – Եվ այսպես, ուշադրությո'ւն, քաղաքացինե'ր: Այս իրը թանկարժեք է, հարուսների համար է: Այս կյանքը քաղցր ու հաճելի է, այս կյանքը եռակի երանավետ է: Ո՞վ է պերճություն ցանկանում: Ո՞վ է ուզում ամենափափկասունին գնել:

Գնորդ – Մոտեցի'ր ու ասա', թե ինչ գիտես. եթե պարզվի, որ պիտանի ես, քեզ կգնեմ:

Հերմես – Նրան մի' չարչաչիր, հարգելի'ս, ու մի' հարցաքննիր, չէ՞ որ նա հարբած է: Նա, երևի, քեզ չպատասխանի: Տե'ս, նրա լեզուն փաթ է ընկնում:

Գնորդ – Մի՞թե խելքը գլխին մարդն այսպիսի փչացած ու սանձարձակ ստրուկ կգնի. քայլում է երերալով ու հաճախ կորցնում է հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, Հերմե'ս, ասա' տեսնեմ, թե նա ինչ ունակություններ ունի և ինչ արհեստ գիտի:

Հերմես – Ընդհանուր առմամբ նա ուրախ հյուր է ու գինարբուքի հաճելի ընկեր: Նա ֆլեյտահարի հետ կարող է իր սանձարձակ տիրոջ ու նրա ընկերուհու գիշերային զբոսանքների գերազանց ուղեկցորդը լինել: Բայցի այդ, նա հիանալի կարկանդակներ է պատրաստում ու լավ խոհարար է: Մի խոսքով, հաճելի ժամանցի ուսուցիչ է: Նա Աթենքում է կրթություն ստացել, եղել է Սիցիլիայի բռնապետերի ստրուկը, և նրանց աչքում լավ համարում է ունեցել: Բայց նրա գլխավոր առանձնահատկությունն ամեն ինչ արհամարելն է, ամեն ինչից օգտվելը, ամեն տեղից հաճույք քաղելը:

Գնորդ – Լավ կլինի, որ դու շուրջբոլորդ նայես` գանձեր ունեցող հարուստներ գտնելու, իսկ ես չեմ կարող այդպիսի ուրախ կյանք գնել:

Հերմես – Զև'ս, նա, կարծես, մեզ մոտ է մնալու:

Զևս – Թո'ղ մնա: Մյուսի'ն բեր: Նախընտրելի են այն երկուսը` աբդերցի (Աբդերը Թրակիայի հին քաղաք է եղել) այն ժպտերեսն ու եփեսացի նվնվանը: Ուզում եմ, որ նրանք միասին վաճառվեն:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3328 | 0 | 0
Facebook