Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույն փիլիսոփաների մասին. «Միակ դժբախտությունը` դժբախտությանը դիմանալու անկարողությունն է»

19:18, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Հույն փիլիսոփաների մասին. «Միակ դժբախտությունը` դժբախտությանը դիմանալու անկարողությունն է»

Սկսնակ փիլիսոփաներն Աթենք են եկել, որպեսզի սովորեն, իսկ փորձվածները` որպեսզի իրենց ցուցադրեն: Ալեքսանդր Մեծից հետո Աթենքն ընդմիշտ դադարում է քաղաքական ուժ լինելուց: Տասնյակ փիլիսոփաներ են դեգերել Աթենքում, բայց նրանցից շատ քչերն են մեծ մտածողներ եղել: Քանի որ նրանք առանձնահատուկ մտածողություն են ունեցել, նրանց տեսնելն ու լսելը հետաքրքրական է եղել: Մի սպարտացի զարմացած նայել է, թե ինչպես է ծերունի Քսենոկրատոսը (մ.թ.ա. 396 – 314 թթ.) բանավիճել Ակադեմիայի երիտասարդ աշակերտների հետ: «Նա ի՞նչ է անում», - հարցրել է սպարտացին: «Առաքիություն է փնտրում», - պատասխանել են նրան: «Իսկ երբ գտնի, ի՞նչ է այն անելու», - զարմացած արձագանքել է սպարտացին:

Փիլիսոփաները երջանկությանը տարբեր անուններ են տվել, բայց բոլորն էլ այն կարծիքին են եղել, որ խորհելը երջանկություն է, իսկ մնացյալ ամեն ինչ անկարևոր է: Հարկավոր է միայն ոգու ամրություն: «Միակ դժբախտությունը` դժբախտությանը դիմանալու անկարողությունն է», - ասել է փիլիսոփա ու գրող Բիոնը (մ.թ.ա. 325 – 250 թթ.)` ծագումով սկյութ նախկին ստրուկը:

Կիպրոսի բռնապետը կարգադրել է փիլիսոփա Անաքսարքոսի (մ.թ.ա. 380 – 320 թթ.) ոտնաթաթերը հավանգակոթով կոտրել, իսկ նա գոռացել է. «Դու ոչ թե Անաքսարքոսին ես խփում, այլ նրա մարմնին»: Պատմագիր ու փիլիսոփա Քսենոփոնեսին (մ.թ.ա. 430 – 354 թթ.) ասել են. «Գոտեպնդվի'ր. որդիդ Մանտինեայի մոտ զոհվել է», իսկ նա պատասխանել է. «Ես գիտեի, որ որդիս մահկանացու է», և փիլիսոփաներին այս պատասխանը հիացրել է:

Մեկի որդին է մահանում, և այդ մարդը, բնական է, ողբում է կորուստը: Նրան մխիթարելու է գալիս փիլիսոփա Դեմոնաքսոսը (ապրել է մ.թ. առաջին դարում): Նա ասում է. «Ես կարողանում եմ հրաշքներ գործել. Տուր ինձ երեք մարդու անուն, որոնք երբեք ոչ մեկի կորուստը չեն սգացել: Ես նրանց անունները կգրեմ քո որդու դամբարանին, ու նա հարություն կառնի»: Որդեկորույս հայրը ոչ մի անուն չի կարողանում տալ: «Ուրեմն ինչո՞ւ ես այդպես ողբում` կարծես միայն դու ես դժբախտ», - ասում է փիլիսոփան:

Հին Հունաստանի երրորդ Ակադեմիայի հիմնադիր, փիլիսոփա Կարնեադոսը (մ.թ.ա. 219 – 128 թթ.) երազում կուրանում է: Վախից արթնանալով` նա ծառային կարգադրում է ճրագ վառել ու մի գիրք տալ: Բայց դարձյալ ոչինչ չի տեսնում: «Ճրագն ինչո՞ւ չես վառում», - հարցնում է փիլիսոփան: «Վառել եմ», - պատասխանում է ծառան: «Եթե վառել ես, - հանդարտ ասում է Կարնեադեսը, - այդ դեպքում կարդա գիրքն ինձ համար»:

Բիոնն ուղեկիցների հետ գերի է ընկնում ծովահեններին: Ուղեկիցներն սկսում են ողբալ. «Եթե մեզ ճանաչեն, մենք կորած ենք»: «Իսկ ես կորած եմ, եթե ինձ չճանաչեն», - ասում է փիլիսոփան:

Սկեպտիների դպրոցի հիմնադիր Պիհրոնը (մ.թ.ա. 365 – 275 թթ.) ինքն իր հետ բարձրաձայն զրուցելիս է եղել: «Այդ ի՞նչ ես անում», - հարցրել են նրան: - «Բարի լինել եմ սովորում», - պատասխանել է նա:

Եթե Սոկրատեսն ասել է, թե «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ», ապա Պիհրոնն ավելի հեռուն է գնացել. նա ասել է. «Ես նույնիսկ չգիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Նա պնդել է, թե մարդը նույնիսկ կյանքն ու մահն իրարից չի տարբերում: Պիհրոնին հարցրել են. «Ինչո՞ւ չես մեռնում»: Եվ նա պատասխանել է. «Հենց այդ պատճառով»:

Ալեքսանդր Մեծը Քսենոկրատոսին շատ փող է ուղարկում, իսկ նա այն հետ է դարձնում` ասելով. «Նրան ավելի է հարկավոր»:

Մեկ ուրիշ փիլիսոփայի Պերգամի թագավորի պալատ են կանչում, բայց նա հրաժարվում է գնալ` ասելով. «Թագավորներին, ինչպես արձաններին, պետք է հեռվից նայել»:

Քսենոկրատոսին դատի են տալիս: Աթենացի քաղաքական գործիչ և հռետոր Լիկուրգոսը (մ.թ.ա. 396 – 323 թթ.) պաշտպանական ճառ է ասում, և փիլիսոփային ազատում են: «Նրան ինչո՞վ շնորհակալություն հայտնեցիր», - հարցնում ենՔսենոկրատոսին: «Նրանով, որ հիմա բոլորը նրան գովաբանում են իր արարքի համար», - պատասխանում է նա:

Պլատոնի աշակերտները ճան են խաղում, և փիլիսոփան նրանց նախատում է: Աշակերտներն ասում են. «Բայց սա մանրուք է»: - «Սովորությունը մանրուք չէ, - առարկում է Պլատոնը»: Նա գուցե նաև հավելել է, որ երբ Կրետեում հայհոյում են թշնամուն, ապա դա նշանակում է, որ նրանց վատ սովորություններն են ցանկանում ընդօրինակել:

Զենոնը նախատում է փողը մսխող մի երիտասարդի, իսկ երիտասարդն արդարանում է, թե «Ես շատ փող ունեմ, դրա համար էլ շատ եմ ծախսում: Զենոնը պատասխանում է. «Խոհարարն էլ քո նման կարող է ասել` կերակրին շատ աղ եմ գցել, որովհետև աղամանում աղ շատ կար»:

Պարտատերը պարտապանից իր տված փողն է ուզում, իսկ նա Հերակլիտոսի (մ.թ.ա. 544 – 484 թթ.) խոսքերով է պատասխանում. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում. ես արդեն այն մարդը չեմ, որը քեզանից պարտք է վերցրել»: Պարտատերը նրան մահակով խփում է, նա էլ պարտատիրոջը դատի է տալիս, որն էլ դատի տվողին դարձյալ Հերակլիտոսի խոսքերով է պատասխանում. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում. ես արդեն այն մարդը չեմ, որը խփել է քեզ»:

Զենոնին իր ծառան թալանում է, և փիլիսոփան մահակը ձեռքն է առնում: Ծառան Զենոնի դատողությունների հանգույն բացականչում է. «Գողությունս ճակատագրի կամոք է եղել», իսկ Զենոնը պատասխանել է. «Ճակատագրի կամոք էլ քոթակվելու ես»:

Երբ փիլիսոփաները բանավիճել են, մարդիկ նրանց շուրջն են հավաքվել` որպես թամաշայի, որովհետև այդ բանավեճերի ժամանակ գործի են դրվել նաև բռունցքները: Պատմիչներն ասում են, թե փիլիսոփա Մենեդեմոսը (մ.թ.ա. 345 – 261 թթ.) մի անգամ փիլիսոփայական մրցադաշտից հեռացել է կապտած աչքով: Արիստոտելին մեկի մասին ասում են. «Նա քեզ այնպե~ս է հայհոյում իր աչքի համար»: Արիստոտելը պատասխանում է. «Աչքի համար թող թեկուզ ծեծի»:

Լուրջ փիլիսոփաները հրապարակային բանավեճեր չեն սիրել` պատճառաբանելով, թե «Դրանցում միշտ էլ հեշտ է ամեն ինչ ասել, քան ասել այն, ինչ հարկավոր է»: Բայց ուրիշները թամաշայի հավաքվածների համար սոփեստություն ամբողջ շտեմարանը գործի են դրել: Մի անգամ սոփեստներից մեկը Դիոգենեսին ասում է. «Ես դու չեմ, ես մարդ եմ: Կնշանակի դու մարդ չես»: - «Շա'տ լավ, - պատասխանում է Դիոգենեսը: - Իսկ հիմա կրկնիր այդ նույնը` սկսելով ոչ թե ինձնից, այլ քեզանից»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4462 | 0 | 0
Facebook