Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր խորհրդարանի եւ կառավարության պատկերը

13:56, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Նոր խորհրդարանի եւ կառավարության պատկերը

ստ նախնական հաշվարկների՝ Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ Գործող խորհրդարանում պատգամավորների թիվը 105 է, այսինքն՝ նոր խորհրդարանում պատգամավորների թիվը 27-ով կավելանա:

Պատգամավորների թվի ավելանալը կամայական որոշման արդյունք չէ, այլ Ընտրական օրենսգրքի պահանջ։ Ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» ստացել է ավելի քան 70 տոկոս քվե, իսկ ահա Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ խորհրդարանում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենա: Այսինքն՝ պատգամավորների թիվը մեխանիկորեն ավելանում է, որպեսզի պահպանվի օրենքի պահանջ հանդիսացող մեծամասնություն-փոքրամասնություն համամասնությունը։

Նախնական հաշվարկներով՝ «Իմ քայլը» դաշինքին բաժին է հասնում 84 մանդատ, ըստ Դոնթի բանաձեւի, «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում նաեւ ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները: Այսպիսով, «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:

Ըստ իրենց հավաքած ձայների ու նախնական հաշվարկի՝ խորհրդարան անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն օրենքի պահանջով ու վերը նշված համամասնությունը պահպանելու համար այս կուսակցությունները կստանան լրացուցիչ մանդատներ:

Նախնական հաշվարկով՝ նոր խորհրդարանը, ուժերի բաշխվածության տեսանկյունից, կունենա հետեւյալ պատկերը. «Իմ քայլը» դաշինք՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26 մանդատ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 18 մանդատ:

Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 16-ին, որից հետո կգումարվի նոր խորհրդարանի առաջին նիստը, տեղի կունենա կառավարության, ԱԺ-ի ղեկավարության, հանձնաժողովների ու դրանց ղեկավարների ձեւավորման ու ընտրության գործընթացը։

Այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկում է օրենսդիր ու գործադիր մարմիններում պաշտոնյաների նշանակումների հարցը։ Քաղաքական գործընթացների, երկրի զարգացման, հեղափոխական ծրագրերի իրականացման տեսանկյունից կադրային հարցը, հանգուցային պաշտոններում համապատասխան նշանակումներ կատարելու խնդիրը էական նշանակություն ունի։

Անցած վեց ամիսներին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ամենաշատը քննադատել են հենց կադրային հարցի հետ կապված։ Իհարկե, այդ քննադատություններում կան ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ գնահատականներ։ Ամեն դեպքում, պետք է ընդունել, որ իշխանությունը կադրային խնդիրներ ունի՝ ինպես զուտ մասնագիտական, այնպես էլ քաղաքական պատրաստվածության առումով։

Ըստ ամենայնի, կադրային հարցում առաջիկա օրերին լուրջ ձեւափոխումներ ու փոխատեղումներ կլինեն։ Չի բացառվում, որ կառավարության որոշ անդամներ կտեղափոխվեն խորհրդարան՝ իշխող կուսակցության քաղաքական կշիռը մեծացնելու համար։ Օրինակ, լուրեր են շրջանառվում, որ Ա» գային ժողովի նախագահ կարող է դառնալ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ ԱԺ փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Ալեն Սիմոնյանի ու Լենա Նաարյանի թեկնածությունները։ Խոսք է գնում, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավար կարող է դառնալ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։ Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել այս տարբերակը։ Այս պաշտոնը շատ հանգուցային նշանակություն ունի եւ քաղաքական հմտություններ ունեցող անձ է պահանջում։

Ամենայն հավանականությամբ, նոր կառավարության ձեւավորման ընթացքում շատ թեկնածություններ կդիտարկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս, հաշվի առնելով զուտ պրոֆեսիոնալիզմի հանգամանքը։ Նմանատիպ հայտարարություն արել է թե Նիկոլ Փաշինյանը, թե «Իմ քայլի» այլ ներկայացուցիչներ։ Այս պահին հստակ է մի բան. իրենց պաշտոնները կպահպանեն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը, որոնց նշանակումը պայմանավորված է եղել հենց մասնագիտական գործոնով։


     http://www.asparez.am/karavarutyu
    
     Հ.Կիրակոսյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3380 | 0 | 0
Facebook