Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հույն փիլիսոփաների մասին. «Ում համար քիչը քիչ է, նրա համար շատն էլ է քիչ»

18:22, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Հույն փիլիսոփաների մասին. «Ում համար քիչը քիչ է, նրա համար շատն էլ է քիչ»

Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել իրենց ուսերին կրել ստոիկյան առաքինութան ծանր լուծը, իրենց երջանկությունը փնտրել են էպիկուրականների փիլիսոփայության մեջ: «Էպիկուր», «էպիկուրական» բառերը ներկայում շատերի համար նույնացել են սանձարձակ կյանք, լիակատար վայելք հասկացությունների հետ: Բայց իսկական Էպիկուրը, իրականում, բարեհոգի անձնավորություն է եղել, իսկ մնացյալում նա շատ քիչ է նման եղել այդ կերպարին: Դա հիվանդ, նիհար, սմքած դեմքով մի անձնավորություն է եղել, որն ամբողջ կյանքում տառապել է երիկամների քարերի պատճառած ցավերից: Նա գրեթե երբեք տնից դուրս չի եկել, իսկ բարեկամների ու աշակերտների հետ զրուցել է Աթենքի իր այգում ընկողմանած: Նա միայն հաց է կերել ու ջուր խմել, իսկ տոն օրերին՝ նաև պանիր: Նա ասել է. «Ում համար քիչը քիչ է, նրա համար շատն էլ է քիչ», և ավելացրել է. «Ով կարողանում է հացով ու ջրով ապրել, նա հաճույքի առումով կարող է վիճել անգամ Զևսի հետ»:

Էպիկուրը, իսկապես, վայելքը բարձրագույն բարիք է համարել: Բայց վայելք էլ կա, վայելք էլ. դրանցից յուրաքանչյուրը ջանք է պահանջում, իսկ եթե շատ մեծ ջանք է պահանջվում, ապա ավելի լավ է այդ վայելքը չլինի: Գուցե, գինին ու քաղցր բաները հացից ու ջրից առավել հաճելի են լեզվին, բայց գինուց գլուխը պտտվում է, իսկ քաղցրից ատամներն են ցավում: Իսկական վայելքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցավի բացակայություն. երբ երկար ժամանակ տառապանք պատճառելուց հետո ցավն անցնում է, ապա վրա է հասնում վայրկյանական անասելի երանությունը: Իմաստունն ահա այդ պահն է ցանկանում անբողջ կյանքում երկարաձգել: Ծեր Արիստիպոս Կիրենացին (մ.թ.ա. 434 կամ 435 – 355 կամ 366 թթ.) իրեն համարել է վայելքի ուսուցիչ, բայց նա առողջ մարդ է եղել և այդ երջանկությունը նույնիսկ չի էլ պատկերացրել:

Այդ իսկ պատճառով գլխավորը, որը պետք է թանկ գնահատի մարդը, հանդարտությունն է: Համաշխարհային կյանքը պատահականությունների խաղ է, և յուրաքանչյուր պատահականություն կարող է ցավ պատճառել մարդուն: Իմաստունը պետք է հատկապես զգուշանա պետական գործերից, որովհետև դրանք շատ ջանք են պահանջում ու քիչ վայելք են պարգևում: «Ապրիր աննկա՛տ» ՝ սա է Էպիկուրի գլխավոր կանոնը: Այն իր ժամանակակիցներին զայրացրել է. «ո՞նց թե, չէ՞ որ դա նշանակում է ասել. «Լիկուրգո՛ս, օրենքներ մի՛ գրիր, Թիմոլեոնտո՛ս, բռնակալներին մի՛ տապալիր, Թեմիստոկլե՛ս, ասիացիներին մի՛ հաղթիր, և դո՛ւ՝ Էպիկո՛ւր, քո բարեկամ փիլիսոփաներին մի՛ ուսուցանիր»:

Մեկուսի ապրելը, բարեկամներին սիրելը, ստրուկներին խղճալը, օտարներից խույս տալը չնչին վայելքների չնչինագույնն են: Բայց էպիկուրականներն այդպես էլ արել են, ու նրանց մասին նույնիսկ զվարճալի պատմություններ չեն հորինվել:

Անկիրթ մարդկանց հանգիստ չի տվել վա՛խն աստվածներից, վա՛խը մահվանից, ցավի հարուցած վախը: Փիլիսոփայի համար դրանք էլ գոյություն չունեն: Աստվածները երանելի են, իսկ քանի որ նրանք երանելի են, ապա հոգսի մասին գաղափար չունեն ու մարդկային կյանքին, բնականաբար, չեն միջամտում: Նրանք, իմաստունների նման, «աննկատ են ապրում», վայելում են անվրդով հանդարտությունը և ընդամենն իրենք իրենց ասում են՝ մենք երջանիկ ենք: Մարդու համար մահը սարսափելի չի կարող լինել. քանի դեռ ես ապրում եմ՝ մահը չկա, իսկ երբ մահը վրա է հասնում՝ ես այլևս չկամ: Ցավը նույնպես սարսափազդու չէ. անտանելի ցավը կարճ է տևում, իսկ երկարատև ցավը տանելի է, որովհետև մարդը դրան սովորում է, ու այն մեղմում է: Էպիկուրը կարողացել է հետևել իր ցավին. երբ զգացել է, որ ցավը բարձրակետին է հասել, բարեկամին նամակ է հղել. «Քեզ գրում եմ իմ վերջին ու երանավետ օրը: Ցավս այն աստիճանի է, որ դրանից ավելի ուժգին չի կարող լինել, բայց դրան ընկճում է մեր զրույցների մասին հիշողությունների պարգևած հոգեկան ուրախությունը»: Ապա նա տաք ջուրն է մտնում, անապակ գինի է խմում, աշակերտներին խնդրում է չմոռանալ իր դասերն ու մահանում է:

Աշխարհի կառուցվածքի մասին Էպիկուրը շատ չի խորհել, որովհետև դրանից նրա հոգեկան հանդարտությունն ու վայելքը ո՛չ լավացել են, ո՛չ էլ վատացել: Դեմոկրիտի նման նա էլ այն համոզմանն է եղել, որ աշխարը կազմված է ատոմներից, և դա այն պատճառով, որ ատոմների հորձանքաբախումը նա նմանեցրել է մարդկաին հորձանքների բախմանը: Բայց Դեմոկրիտը եղել է հին հույներից ամենահետաքրքրասերն ու հետաքրքրվել է բնության մեջ տեղի ունեցող ամեն ինչով, իսկ Էպիկուրն անտարբերությամբ է վերաբերվել ամեն մի բացատրությանը: Գուցե երկնային լուսատուներն արևածագից ու մայրամուտից առաջ վառվում ու հանգում են (ինչպես սրտացավ տանտիրուհու ճրագները), իսկ գուցե, այրվելով, Երկրի հակառակ կողմն են անցնում: Գուցե ամպրոպը նրանից է, որ քամին ամպերի միջև պոռթկում է, իսկ գուցե ամպերն են պատառ-պատառ լինում: Միգուցե երկրաշարժերը ստորգետնյա կրակներից, ստորգետնյա քամիներից, երկրի ստորգետնյա փլուզումներից են առաջանում, բայց հաստատ Երկրացունց Պոսեյդոնը չէ դրանք առաջացնողը:

Եթե փորձենք պիտակավորել էպիկուրականներին, ապա կարող ենք վստահաբար ասել, որ նրանց փիլիսոփայությունը հասարակ քաղքենու մտածողությանն է հարիր եղել: Դա չի եղել հաճկատարի փիլիսոփայություն, դա եղել է սովորական քաղքենու փիլիսոփայություն, այն քաղքենու, որը որոշ բան ունի ու ավելին չի ուզում, որը ոչ մեկին չի նեղացնում ու միշտ մտածում է, որ ինքը մյուսների հետ գործ չունի: Էպիկուրականներին չեն հարգել, բայց սիրել են: Նրանք բարի մարդիկ են եղել, մինչդեռ ստոիկները բարությամբ աչքի չեն ընկել: Ով հոգնել է կյանքից, էպիկուրականների մոտ է գնացել, և նրանք հպարտացել են, որ մյուս փիլիսոփայական դպրոցներից իրենց կողմն անցածները շատ են, իսկ իրենցից ոչ մեկն այլ դպրոցների չի հարել:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4557 | 0 | 0
Facebook