Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են. Ն. Փաշինյան

15:59, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են. Ն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին։ «Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք առնվազն որոշ բան հասցրել են անել, ինչն էլ ՀՀ քաղաքացիներին հիմք է տվել մեզ մանդատ տալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուղենշել անելիքները։

«Ներդրումների խրախուսում. Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա ու դա առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա ու իմ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները ներդրողների համար ու հույս ունեմ, որ ազդակ չեմ ստանա, որ ներդրումային նախագծերի առաջ խոչընդոտներ են հարուցվում», - ասաց ՀՀ վարչապետը։ Նա ընդգծեց, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել արդիականացնել ռազմաարդյունաբերական համալիրը: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ ՀՀ-ն տեխնոլոգիական եւ ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Սա մեր առաջիկա կարեւոր անելիքներից մեկն է: Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում: Ասել եմ, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2, 5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ միջոցների ներդրման մասին է»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, որ այն իրականությունից կտրված չլինի եւ համապատասխան լինի երկրի տնտեսական վիճակին: «Մեծ դիսբալանս է առաջացել գերատեսչական մարմինների եւ բուհական համակարգի միջեւ, եւ մենք պետք է կարողանանք, պետք է ունենանք միասնական բուհական համակարգ»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ առողջապահության ոլորտում պետք է լրջագույն փոփոխություն լինի, որ այն հասանելի լինի հանրության բոլոր շերտերին: Այս առումով նա կարեւորեց կառավարման համակարգի մոտեցումները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց ծրագրերում է նաեւ ծայրահեղ աղքատությունն ամբողջությամբ վերացնելը:
    
    
     https://irakanum.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2082 | 0 | 0
Facebook