Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքական դաշտի նոր խճանկար

18:27, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Քաղաքական դաշտի նոր խճանկար

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, մասնակից որոշ ուժերի առումով, սպասելի էին։ Ի սկզբանե հասկանալի էր, որ այսպես ասած, ետնապահները հավաքելու են 0-1 տոկոս ձայն։ Դրանց թվում էին ինչպես նորաստեղծ կուսակցությունները, այնպես էլ հներից ՕԵԿ-ը, որը որքան էլ փորձում էր հանդես գալ հեղափոխական ցուցանակի տակ, այնուամենայնիվ, հանրության մեջ ընկալվում էր որպես հին համակարգի հեղինակազրկված եւ իր վարկանիշը հետզհետե կորցրած ուժ։

Նորաստեղծ կուսակցություններն օբյեկտիվորեն հնարավորություն չունեին շատ ձայներ հավաքել, անգամ եթե չգործեր խիստ քննադատված վարկանիշային համակարգը եւ ընտրություններն անցկացվեին 100 տոկոս համամասնական ընտրակարգով։

Այսպիսով, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, «Օրինաց երկիր» կուսակցության օգտին քվեարկել է 12 390 ընտրող կամ 0.99 տոկոսը։ Նորաստեղծներից «Ազգային առաջընթաց» կուսակցության օգտին ձայն է տվել 4 122 ընտրող կամ 0.33 տոկոսը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության օգտին՝ 6 460 ընտրող կամ 0.51, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության օգտին՝ 8530 ընտրող կամ 0.68 տոկոսը։ Հատկապես վերջին կուսակցությունը բավական դրական տպավորություն թողեց հանրության շրջանում եւ կարելի է դիտարկել որպես ապագայի քաղաքական ուժ, որն առաջիկայում կարող է կարեւոր դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում։

Խորհրդարանում երկրորդ բեւեռ դառնալու հավակնություններ ունեցող «Մենք» դաշինքն ու «Սասնա ծռեր» կուսակցությունը չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը եւ չեն հայտնվի խորհրդարանում։ «Մենք» դաշինքն հավաքել է 25 174 ձայն կամ 2.00 տոկոս, «Սասնա ծռերը» ՝ 22 862 ձայն կամ 1.82 տոկոս։ Այս անհաջողությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այս ուժերի որդեգրած մարտավարության սխալներով։ Ըստ իս, կոնկրետ «Սասնա ծռերի» պահով հանրային բացասական տպավորություն թողեց այս կուսակցության համակիրների ծայրահեղանակացված վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։
     Ընտրություններում գրանցված արդյունքներից ամենահետաքրքիրն ու սպասվածը նախկին կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցուցանիշներն են։ ՀՀԿ օգտին կողմ է քվեարկել 59 059 մարդ կամ 4.7 տոկոսը, ՀՅԴ օգտին՝ 48 822 ընտրող կամ 3.89 տոկոսը։ Երկու կուսակցությունն էլ չեն հաղթահարել անցողիկ շեմը եւ դուրս մնացել նոր խորհրդարանից, որը կարելի է պատմական իրողություն գնահատել։ ՀՀԿ-ին պակասեց մոտ 4000 ձայն անցողիկ 5 տոկոսն հաղթահարելու համար։ Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի անհաջողությունը պայմանավորված է այն սեւ ու ապակառուցողական քարոզչությամբ, որն այս կուսակցությունը կիրառեց նախընտրական շրջանում։ Շահարկելով մի քանի զգայուն թեմաներ՝ ՀՀԿ-ն էլ ավելի մեծացրեց հանրության բացասական վերաբերմունքն իր հանդեպ։ Ժողովուրդը վերջնականապես մերժեց ՀՀԿ-ին ու իր սեւությունը, որն այժմ խնդիր ունի վերակառուցվելու՝ քաղաքական դաշտում գոյատեւելու համար։

ՀՅԴ-ի անհաջողությունն սպասելի էր եւ պայմանավորված տարիներ շարունակ ՀՀԿ-ի կցորդը լինելու հանգամանքով։ Գաղափարական ու կուռ այս կուսակցության ղեկավարությունը երկար ժամանակ սպասարկել է քրեաօլիգարխիկ համակարգի շահերը, կտրվել իր շարքերից ու ժողովրդից՝ առաջացնելով վերջիններից դժգոհությունը։ Իհարկե, դառնալով արտախորհրդարանական ուժ՝ ՀՅԴ-ն առաջիկայում պահպանելու է իր քաղաքական դերակատարությունը, սակայն ներքին վերափոխման լուրջ խնդիր ունի, հատկապես՝ ղեկավարության փոփոխության։
     Նոր խորհրդարանում կունենանք երեք ուժ։ «Իմ քայլը» դաշինքին կողմ է քվեարկել 884 849 մարդ կամ 70.44 տոկոսը: Հեղափոխական թիմն ապահովել է սահմանադրական մեծամասնությունը եւ կարիք չունի կոալիցա կազմել։ Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ բեւեռի կարգավիճակի համար պայքարած ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանն» են. ԲՀԿ օգտին ձայն է տվել 103 837 ընտրող կամ 8.27 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կողմ է քվեարկել 80 049 ընտրող կամ 6.37 տոկոսը։

ԲՀԿ-ն հայտարարել է, որ ինքը երկրորդ ուժն է, սակայն կառուցողական դիրքորոշում է ունենալու իշխանության հանդեպ։ «Լուսավոր Հայաստանն» հայտարարել է, որ լինելու է ժողովրդավարական ընդդիմություն, սակայն շատերը գաղափարական առումով շատ տարբերություններ չեն տեսնում այս կուսակցության ու հեղափոխական իշխանության միջեւ։ Ըստ այդմ, խորհրդարանում ուժերի ներկա դասավորության պարագայում շատերը մտահոգություններ են հայտնում իրական ընդդիմության բացակայության պատճառով։ Չնայած, իրականության մեջ դեռ վաղ է այդ մասին խոսել։


     Հ.Կիրակոսյան
     http://www.asparez.am
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2082 | 0 | 0
Facebook