Շնորհավորում եմ․․․ Չկար ոչինչ ավելի նվաստացուցիչ, քան կառավարվել անսկզբունք գավառացիների և էթիկայից զուրկ կեղծ-ինտելեկտուալների կողմից։ Այդ խարանը այլևս անցյալում է։
Ձեզ ասեմ, սիրելիներ, որ ծնկերդ եք ծեծում ու վըշվըշում, թե էսինչ կուսակցությունը ինչի՞ չանցավ։ Ժողովրդի հավաքական Հոգին ամեն ինչ գիտի և վճռական ժամին թելադրում է զանգվածին՝ ինչ անել։ Իր որոշումն է։ Ինքը մի բան գիտի։
Բայց չընտրվածների մեջ կային նրանք, որոնք կրում են ապագայի հունտը։ ՔՈ ՍԴԿ-ի մասին է խոսքը – այդ ազնվածինները։ Ձայնս տվել եմ «Իմ քայլը» դաշինքին և մեր վիպական հերոսին՝ Վարչապետին՝ հեղափոխութան հաղթանակը անվերապահ դարձնելու համար։ Սակայն հրապարակային աջակցություն եմ բերում նաև ՔՈ կուսակցությանը։
Հեղափոխությունը փոխում է երկրի վերնախավը, բայց դեռ չի հասել միջին-կառավարչական խավին, նրա ֆեոդալական արժեհամակարգին։ Պետական ապարատը՝ այդ թառամած պչրուհին, իր անհամար քարտուղարներով, կատարողներով և վարչության պետերով, հավաքում է իր թառամած մարմինը, որ հարմարվի նոր իշխանությանը և գրավի նրա անփորձ "ճաշակը"։ Քաղաքացինե՛ր, պատրաստեք մտրակները՝ դաղելու «ապարատ» կոչվող պչրուհու մարմինը։ Ահա թե ո՜վ է լինելու Հեղափոխության հաջորդ թիրախը։ Եվ մեր նպատակն է լինելու՝ հաստատել կառավարման և երկրաստեղծ աշխատանքի ՆՈՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ։
Բոլորիս կոչում եմ՝ դեպի անձնուրաց, մաքուր, նվիրական ԱՇԽԱՏԱՆՔ՝ հանուն մեր գեղեցիկ երկրի։
ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ