Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կաթողիկոսական նստավայր կառուցելու փոխարեն կարելի էր Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 100-ից ավելի բնակարաններ գնել

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
00:02, շաբաթ, 08 դեկտեմբերի, 2018 թ.
Կաթողիկոսական նստավայր կառուցելու փոխարեն կարելի էր Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 100-ից ավելի բնակարաններ գնել
     Երեկ հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Մայր Աթոռն աղետի գոտում 10 բնակարան կնվիրի անօթևան ընտանիքներին:
     Չեմ բացառում, որ նախկինում ևս եղել են նման նվիրատվություններ, բայց կարծես թե Վեհափառ Հայրապետի շրջապատում սկսել են հասկանալ, որ եկեղեցաշինություն կոչվող եկամտաբեր բիզնեսը պետք է ստորադասվի անհետաձգելի լուծում պահանջող սոցիալական խնդիրներին ու հարցերին։ Վեհափառ Հայրապետը լավ հասկանում է, որ Երևանի Աբովյան փողոցի վրա եկեղեցական համալիր (իմա՛ կաթողիկոսական նստավայր - խմբ.) կառուցելու փոխարեն կարելի էր Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում 100-ից ավելի բնակարաններ գնել, որ կարելի էր բարերարներին ստիպել, որ ներդրումներ կամ ծրագրեր անեին մարզերում: Ձեր փոխարեն դա արեցին ու անում են օտար, հաճախ անհասկանալի ծագման կազմակերպություններ, իսկ հետևանքները տեսնում եք։
     Շատ չծավալվեմ, բայց Հայաստանում տարատեսական օտար բարքերի ներթափանցման մեջ մեծ է Վեհափառի կամ, այսպես ասեմ, նրա շրջապատի անգործությունը, եթե կուզեք` հանցավոր անգործությունը։ Սա ասում եմ՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ: Սա ասում եմ ցավով ու ասել եմ միշտ, նույնիսկ երբ 2009 թ. Վեհափառի թիմն իմ հասցեին հրապարակային վիրավորանք հնչեցրեց, ես այլ կողմ չթեքվեցի։
     Վեհափառն, իհարկե, այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր, ու դա լավ է: Հիմա խնդրում եմ, որ հայրապետական այցեր կազմակերպի մարզեր, գնա ամենավատ վիճակում գտնվող ու օգնության կարիք ունեցող վայրեր` Ճամբարակի, Բերդի, Սիսիանի, Նոյեմբերյանի ու Վարդենիսի տարածաշրջաններ, հատկապես՝ գյուղական համայնքներ:
     Գնացե՛ք ու մարդկանց հույս տվեք, կազմակերպե՛ք, թող դրսից փող բերեն, ասե՛ք հարուստներին, որ երկու տարով դադարեցնում եք եկեղեցաշինությունը և ուղղում եք այդ գումարները երկրի զարգացմանը։ Վեհափառ Հայրապետն այժմ բացառիկ շանս ունի` սխալներն ուղղելու և մեր Եկեղեցին նորից ուժեղացնելու։ Ես հավատում եմ...
    
     Զոհրաբ Եգանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3078 | 0 | 0
Facebook