Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՆ Է...

19:54, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՆ Է...

Ընդամենը երկու բառ, բայց խորիմաստ մի նախադասությունª անցյալը ներկան է:

1988 թվականի աղետալի երկրաշարժից անցել են արդեն բավական տարիներ և անցյալում է մնացել դեկտեմբերի 7-ն իր չարագույժ և մահաշունչ աղետով, բայց եկ մտնենք Գյումրի ու յուրաքանչյուր գյումրեցու տուն և տեսնենք իրո՞ք անցյալ է այն: այն դեռ ներկա է և դեռ շատ երկար ժամանակ ներկա կլինի այստեղ, որ կոչվում է "աղետի գոտի", իսկ բնակիչներըª աղետյալներ: Դեկտեմբերյան այն սարսափելի աղետն իր դրոշմն է կնիքել ողջ քաղաքի վրա: Անցիր քաղաքով և աչքիդ առաջ կհառնեն փլատակներ ու փայտե տնակներ, իսկ դրանցից ներս ականատես կլինես հաշմանդամների ու անդամալույծների, որոնք պատերից կախված նկարների հետ խոսում են ու լալիս անվերջ: Եվ եթե փորձես հարցնել, թե ու՞ր են այդ նկարները մարմնացողներըª ողբ ու կական բարձրացնելով միայն մի բան կասենª "Կուլ գնացին էն անիրավ երկրաշարժին…":
     Եվ այսպեսª անցյալը ներկան է…
     Անցյալն ապրում է ամեն մի գյումրեցու սրտումª ցավ տալով նրան, երկրաշարժից ցանկացած մազապուրծ եղածի հոգումª վիշտ հասցնելով նրան և յուրաքանչյուր փոքրիկ ականատեսի աչքերումª արցունք քամելով նրանից:
     Առաջª անցյալում, երկրաշարժից էլ առաջ Գյումրիում հաշմանդամներ քիչ կային, բայց հիմա անցիր որտեղից կուզեսª ամենուրեք հաշմանդամներ են ու խեղվածներ…
     Ամեն տարի, որքան էլ իրարից տարբեր, միևնույնն է, էլի կրկնվում են ամիսներն ու օրերը: Եվ ամեն տարի ուզես, թե չուզես գալիս է դեկտեմբերի 7-ը: Այդ օրը մտիր քաղաք և կտեսնես մարդկային մի հեղեղ, որի հոսքին կարծես վերջ չկա: Եվ եթե հարց ծագի, թե ու՞ր է գնում այդ հեղեղըª հետևիր նրան: Ու դու կհայտնվես այնտեղ, որտեղ ողբ է ու կական, արցունքի ծով, վշտակեզ սրտերի օվկիան, որին քարն անգամ չի դիմանա:
     Հետո կարծես առերես հանդարտվում է հեղեղն այդ մոլեգնած, անցյալի գիրկը տանելով ևս մի տարի, բայց երբեք չի խամրում ու չի ջնջվում: Այն ապրում է կենդանի մնացածների մեջ և կապրի հավերժ: Քանզի այն հիշողություն է, իսկ հիշողությունը գյումրեցու մոտ միշտ վառ է ու ներկա:
     Այս ամենից հետո մի՞թե մարդն ի զորու է անցավ պահել իր այնքան նուրբ ու զգայուն հոգին: Երևի ոչ: Իսկ եթե այոª ապա նա շատ ամուր կամք ունի և արժանի° է գովեստի: Իսկ նրանց, ում չի հաջողվել դա անել, պետք է հոգեբանի նուրբ ու բարի ձեռքը: Այսօր մեր քաղաքին շատ են պետք հոգեբաններ: Քանզի վերքը խորն է, չի բուժվում, և հետո աղետի օրերին շատ էին օգնության ձեռք մեկնողները, և մարդիկ էլ մի տեսակ քարացած էին: Իսկ հիմա դադարել են օգնություններն այս ու այն կողմից, և գյումրեցին մնացել է դեմ առ դեմ իր ցավի հետ:
     Իսկ այս պարագայում միմիայն հոգեբանի կարիք է զգացվում: Բայց ինչու՞ մարդիկ գիտակցելով այդ փաստը, այնուամենայնիվ, նրան քիչ են դիմում: Այդպես է, որովհետև նրանք վերջինիս հետ են նույնացնում հոգեբույժին, իսկ նրան ո՞վ կուզի դիմել… Սակայն նրանք երբեք էլ նույնը չեն, այլ բավականաչափ տարբեր են:
     Եվ այս նույնացման հարցում ո՞վ է մեղավոր… Բայց այս պահին մեղավոր կամ անմեղ փնտրելու ժամանակը չէ, այլ ժամն է քաղաքն ու ժողովրդին հոգեկան խեղումից փրկելու…
     Ի՞նչ ասել այն փոքրիկի մասին, որ չի տեսել երկրաշարժ կամ չի հիշում, բայց պատկերում է այն ու մանկական տկար թոթովանքով բացատրում է և հանկարծ ինքն իր բացատրությունից հուզվածª լալիս է: Նրան նույնպես պետք է հոգեբան, որ հասկանա այդ փոքրիկին ու չթողնի, որ նրա հոգին էլ ցավի շատ ցաված հոգիների հետ ու նրանց նման:
     Անցյալը կաթի և արյան միջոցոով է մտնում նույն անցյալը չտեսած փոքրիկների մեջ ու նրանց համար էլ դառնում պատմություն, որն էլ անիվի նման պտտվում է ներկան անցյալ դարձնելով, իսկ անցյալն էլª ներկա:
     Եվ նորից անցյալը ներկան է…
    
    

Հոգեբան՝ Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2365 | 0 | 0
Facebook
COMMENT.am