«Կայանալիք ընտրությունների արդյունքները կամրագրեն երկրում տեղի ունեցած հեղափոխության հիմնասյուները». Տիգրան Կարապետյան
Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մեր զրուցակիցն է թիվ 4 ընտրատարածքի «Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորության թեկնածու՝ Տիգրան Կարապետյանը: -Պարոն Կարապետյան առաջադրվել եք որպես պատգամավորի թեկնածու, ինչո՞վ է պայմանավորված իշխանության հետ համագործակցության քայլը։ -Ես ընդունել եմ Իմ քայլը դաշինքի առաջարկը, մերժելու պատճառ չունեի։ Ասեմ ավելին, ինձ տրվել է բացառիկ հնարավորություն մեր թիմի նպատակներն ու ծրագրերն իրականացնելու գործում զգալի ներդրում ունենալ։ Այն ծրագրերը, որ մենք նախագծել էինք, կարծում եմ հիմա հունի մեջ կընկնեն և օրենսդրական նախաձեռնություններով կփորձեմ ճանապարհ հարթել դրանց համար։ _Արդեն մոտենում է քարոզարշավի ավարտը, ինչպե՞ս ընթացավ հանդիպումները, ինչպիսի՞ հարցեր բարձրաձայնվեցին բնակիչների կողմից։ -Ջերմ ու անկեղծ ընդունելության ենք արժանանում գրեթե ամենուր։ Հեռավոր գյուղական բնակավայրերում այնքան էլ հաճախ չեն «հյուրեր» ունենում։ Սպասումի զգացողությունն է իշխում մեր համայնքներում, մարդիկ սպասում են, ուզում են հավատալ։ Հեղափոխությունը լավատեսության ալիք է բարձրացրել։ Միաժամանակ հիմնախնդիրները տարիների միջով անցել ծանրացել են, կարծրացել։ Լուրջ փոփոխություններ են սպասում մարդիկ ու դա Իմ քայլի, մեր սերնդի ուսերին է։ _Պարոն Կարապետյան ինչու՞ ընտրեցիք քաղաքականությամբ զբաղվելը, գուցե՞ կան հարցեր որոնց կարելի է լուծում տալ մանդատ ստանալուց հետո։ -Իհարկե, կան շատ հարցեր, որոնց մասին պիտի բարձրաձայնել հենց օրենսդիր մարմնում։ Նախկինում այդ ամբիոնից Գորիսի տարածաշրջանին առնչվող որևէ հարց չի հնչել։ Ու այդ բացը պետք է լրացնել։ Այդ խնդիրները, որոնք լուծման հարցում անհրաժեշտ է ավելի բարձր ամբիոնից խոսել, համայնքապետերի ու նաև մարզպետի կողքին պիտի լինի ընտրատարածքի պատգամավորները։ _Ներկայանալու ինչպիսի՞ ձևաչափ ընտրեցիք քարոզարշավի ընթացքում։ -Իմ ընկերների, աջակիցների հետ շրջել ենք բնակավայրերով, հանդիպել եմ հարյուրավոր մարդկանց, զրուցել եմ, ներկայացրել ինձ ու իմ նպատակները։ Սոցցանցերում նույնպես ակտիվ են իմ կողմնակիցները, հնարավոր մեթոդներով փորձում ենք ընդլայնել ընտրազանգվածը։ Կարծում եմ, հաջողության ենք հասնելու։ Ու նշեմ նաև, որ քարոզարշավի հարթ ու բարի ընթացքը պայմանավորված է նրանով, որ առաջին իսկ օրվանից չարախոսություններին, ֆեյքերին, անունս շահարկողների ու իրենց լսարանը մեծացնել փորձողների վրա ուշադրություն չենք դարձրել։ Մենք ունենք նպատակ ու քայլում ենք դեպի այն, բարին կամեցողների հետ։ _Մարզում տիրող նախկին իշխանավորների ազդեցությունը որքանո՞վ է դեռևս արդի, արդյո՞ք նախկին ձեռագրից մարզը լիարժեք թոթափվել է։ -Եթե խոսեմ նախկին իշխանավորների ազդեցության մասին, ուրեմն դա կա ։ Մենք այն գրեթե չենք տեսնում։ Մեզ համար նրանք մնացել են անցյալում։ Իհարկե, ազդեցության առումով։ Ամենակարկառունների մասին, վստահ եմ դեռ լսելու ենք ոստիկանական տեղեկատուներով։ _Ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը։ Հաշվի առնենք այն փաստը, որ տարիներ շարունակ եղել են խոստումներ, սակայն վստահության քվեն ստանալուց հետո այլևս մոռացել են բնակչին օգտակար և հասանելի լինելու մասին։ - Կրկնեմ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լավատեսորեն է տրամադրված։ Բնականաբար, շատ են նաև այնպիսիք, որ միայն կոնկրետ գործով, իրական քայլով են համոզվելու, որ երկրում իրավիճակ է փոխվել։ _Ինչու՞ պետք է սյունեցին ընտրի ձեզ, ո՞րն է նրա համար հիմնական ուղղենիշը։ -Անկեղծ ասած, այդ հարցը ես էլ եմ ինձ հաճախ տալիս ու նաև տալիս եմ, իսկ ինչու ինձ չպետք է ընտրե՞ն հարցը։ Կատակը մի կողմ, բայց հենց ընտրողը նշում անելուց առաջ պիտի պատասխանի այդ հարցին ու որոշում կայացնի։ Անցած օրերին իմ թիմակիցները պատասխանել են այս հարցին ու դեկտեմբերի 9-ին պարզ կլինի, թե որքանով էր համոզիչ նրանց խոսքը։ _Ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել պատգամավորի մանդատը ստանալուց հետո։ Ո՞ր հանձնաժողովում եք տեսնում Ձեզ։ -Աշխատելու եմ այնպես, որ ինձ քվե տված ամեն մի սյունեցի երբևէ չզղջա իր այդ որոշման համար։ Սրանք վերամբարձ բառեր չեն։ Ես իրականում մարտականորեն եմ տրամադրված ու որ հանձնաժողովում էլ, որ ընդգրկվեմ օգտակար գործողության գործակիցս պետք է բարձր լինի։ _Ովքե՞ր են մարզում Ձեզ սատարում, թե՜ նախկին թե՛ ներկայիս ղեկավարներից։ -Ինձ սատարում են իմ ընկերները, նրանց ընտանիքներն ու մերձավորները, բարեկամները և այսպես շարունակ։ Նրանց մեջ կան պաշտոնյաներ (նախկին, ներկա ու նաև ապագա) ։ Նրանք են իմ հենարանը, իմ թիկունքը, ինչպես մրցակիցներս են ասում իմ վարչական ռեսուրսն են։ Եթե քարոզարշավի սկզբին լիներ կամ էլ դրանից առաջ, կարելի էր թվարկել, իսկ հիմա թե ընտրատարածքում, թե դրա սահմաններից դուրս շատ լավ գիտեն, թե ովքեր են ինձ սատարում։ _Ներկայացրե՛ք խնդրեմ հիմնական ծրագրերը։ Արդյո՞ք առաջարկություններ լինում են բնակիչների կողմից ծրագրերի վերաբերյալ։ -Ծրագրերի մասին շատ ժամանակ կպահանջվի խոսելու համար։ Իմ քայլը դաշինքի ծրագիրն ենք մենք կյանքի կոչելու։ Ու առանձնահատուկ իմ ուշադրության կենտրոնում է լինելու այն ամենը, ինչ որևէ կերպ առնչվելու է Գորիսի, Սյունիքի, Վայոց Ձորի հետ։ Բնակիչներն առայժմ բարեմաղթանքներ են ուղղում, պահանջները լինելու են հետո։ Ու նրանց խնդիրների լուծումը լինելու է իմ գործունեության առանցքում։ _Նշե՛ք խնդրեմ կյանքում ձեր կարգախոսը։ -2010 թվականից մեր թիմի կարգախոսն էր ․Գորիսը բոլորինս է։ Մենք հասել ենք դրան, անցել ենք դաժան ճանապարհ, բայց Գորիսը դարձրել ենք բոլորինը։ Հիմա էլ կարծում եմ Սյունիքը պիտի դարձնենք սյունեցունը։ -Ի՞նչ կմաղթեք ձեր ընտրողներին։ -Նախ մեր երկրին խաղաղություն եմ մաղթում։ Ուզում եմ, որ մեր այս ձեռքբերումն ամուր պահենք, մեր նոր իշխանությունը, որը ձևավորվելու է դեկտեմբերի 9 ից հետո, հաջողի բոլոր առումներով։ Եվ մեր երկրում հաստատվի բարյացակամության մթնոլորտ, մեր կարգախոսի հոգատար հանրությունը դառնա իրականություն։ Կարճ ասեմ, ուզում եմ ապրել երջանիկ երկրում։ |