«Հավատա, վստահիր և պահանջիր»
Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մեր զրուցակիցն է թիվ 10 ընտրատարածքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Ջանիբեկ Հայրապետյանը: –Պարոն Հայրապետյան, առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Ձեր թեկնածությունը, հետաքրքիր է՝ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին: –Ի սկզբանե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին այս մեծ վստահության համար, իսկ որոշումս այս ընտրություններին առաջադրումս պայմանավորված է մեր երկրի հզորացման և զարգացման գործընթացին մասնակցելու ցանկությամբ` օգտագործելով իմ ողջ ներուժը: Նշեմ նաև, որ նախորդ ընտրություններին ևս առաջադրվել էի որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու և բավականին վստահության քվեներ ստացա իմ ընտրողների կողմից: Կարծում եմ օրեր անց ևս կստանամ, հավատս մեծ է: Առաջադրումս ինքնանպատակ չէ, ես ինքս էլ ունեմ որոշակի ծրագրերի ցանկ, որոնք սիրով կցանկանամ իրականացնել պատգամավորի մանդատ ստանալու դեպքում: Թեև կարող եմ նշել, որ սա ինձ համար չափանիշ չէ, աշխատանքի և զբաղվածության խնդիր ընդհանրապես չունեմ: –Ընտրվելու դեպքում` ի՞նչ խնդիրներ կբարձրաձայնեք խորհրդարանում։ -Առաջնորդվելու եմ կուսակցության կողմից առաջադրված ծրագրերով և բարձրաձայնելու եմ այն խնդիրները, որոնք առկա են երկրում: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տնտեսության զարգացման համար ունի մեծ ծրագիր և մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ փորձելու է կուսակցության կողմից ներկայացված ծրագրերն ու դրույթները իրականացնել: Մենք կարող ենք և պետք է զարգանանք առանց զիջելու: Սա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ ու վստահություն ներշնչող ծրագիր և նվիրված աշխատանք: Վստահորեն կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանի կողմից առաջադրված բոլոր ծրագրերն իրատեսական են: Մեր խոսքը գործ է և դա տարիներով հաստատված ճշմարտությունն է: -Քարոզարշավի ընթացքում հանդիպում եք բնակիչներին, զրուցում նրանց հետ, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը: -Կարող եմ ասել, որ բնակչության տրամադրվածությունը շատ լավ է: Մշտապես պահում ենք կապը բնակիչների հետ, նրանք ցանկացած պահի կարող են այցելել մեր գրասենյակ և ցանկացած խնդրով դիմել մեզ: Այսօր ժողովուրդը լիահույս է, որ վաղվա Հայաստանը լինելու է ավելի հզոր և զարգացած: Միայն ցանկանում եմ խորհուրդ տալ, որ ընտրելուց առաջ ծանոթանան թեկնածուի անցած ճանապարհին, նրա կատարած գործերին: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է արժանի մարդկանց: – Որո՞նք են այսօր Կոտայքի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո: -Կոտայքի մարզում առաջնահերթ խնդիրները կապված է գյուղատնտեսական ոլորտի հետ: Գյուղացին չի կարողանում հողից բերք ստանա, որպեսզի ապահովի իր եկամուտը: Առաջնային խնդիրներից է նաև մանկապարտեզների և դպրոցների անմխիթար վիճակը. ունենք կրթօջախներ, որ նույնիսկ չեն գործում: Շատ կարևոր խնդիր է նաև աշխատատեղերի բացակայությունը, եթե նախկինում կային գործարաններ, որտեղ մարդիկ աշխատում էին և ինչ-որ չափով լուծում իրենց սոցիալական խնդիրները, այսօր այդ գործարանները կիսաքանդ վիճակում են և չեն գործում: Ընտրվելու պարագայում փորձելու եմ վերոնշյալ բոլոր խնդիրները կարգավորել, զարկ տալ ներդրումային ծրագրերին, որպեսզի մարզը սկսի օր օրի զարգացում ապրել: –Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս քարոզարշավի ընթացքում: –Ինչպե՞ս եք գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորությունները: -Բարձր եմ գնահատում: Պետք է ուշադրություն դարձնել և ծանոթանալ կուսակցությունների ծրագրերին, հետո նոր հետևություններ անել: -Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործիչը: -Նախ և առաջ, քաղաքական գործիչը պետք է լինի ժողովրդավար, հայրենասեր, ունենա գիտելիքների մեծ պաշար և պատրաստ լինի նոր գաղափարներով խթանել մեր երկրի հզորացմանը: –Ի՞նչ արժեքներ կան, որոնց անդավաճանեք: -Կյանքում ինձ համար կարևոր արժեքներ են ընտանիքը, հայրենիքը և ազգային արժեքների պահպանումը, ազգային դիմանկարը: – Եվ վերջում Ձեր կոչը, Ձեր ընտրողներին։ -Սիրելի՛ ընկերներ խորհրդարանական ընտրություններին՝ թիվ 10 ընտրատարածքում (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն և Բյուրեղավան քաղաքներն ու հարակից բոլոր գյուղերը) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու՝ ռեյտինգային ընտրակարգով։ Հայցում եմ ձեր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը սպասվող ընտրություններին։ Կանխավ շնորհակալություն։
Ջանիբեկ Սերոբի Հայրապետյան, ծնվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ 1982թ. հունիսի 19-ին: 1989թ.-ին ընդունվել և 1999թ.-ին ավարտել է Զովունու միջնակարգ դպրոցը: 1999թ.-ից ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Փոխադրամիջոցների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ՃՏ երթևեկության կազմակերպումը» բաժնում: 2000-2002թթ. ծառայել է ազգային բանակում: Այնուհետև ուսումը շարունակել և համատեղ աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես մեխանիկ: 2007թ.-ին ավարտել է ագրարային համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագետի որակավորում: 2007թ.-ին աշխատել է «Մետաղամանեղեն» ԳՆ-ում որպես գլխավոր մեխանիկ, այնուհետև 2012թ.-ին որպես փոխտնօրեն: 2016թ-ի նոյեմբերից նշանակվել է Զովունի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Ամուսնացած է ունի երկու երեխա: |