ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԽՈՒՍԱԳՐՈՒ՞Մ ԵՆ
Մտահոգությունս քաղաքապետարանում անտեսել են։ Հանրապետական էլ չեմ, որ մտածեմ՝ քաղաքական շարժառիթ կա։ Առաջարկս էլ լուծելի է։ Այդ դեպքում ինչու՞ են խուսագրել։ Գուցե ներքին, միջին օղակներու՞մ նախկին գործելակերպից չեն հրաժարվում։ Ընթերցողին սար ու ձոր չգցելու համար պատմեմ սկզբից։ Ֆեյսբուքում գրառում էի արել։ Չվերաշարադրելու համար մեջբերեմ․ «Երևանի բազմաբնակարանանոց շենքերի բակերով անցուդարձե՞լ եք։ Ոչ անտարբեր, այլ տիրոջ մտահոգությամբ։ Եթե ոչ բոլորի, երկուսից մեկի դիմաց սրա-նրա անվամբ կամ անանուն ցայտաղբյուր կա։ Իմ իմանալով՝ երեք հազարի է հասնում թիվը և շատանալու միտում ունի։ Գումարեք ավտոտնակների, էլի այլ թաքուն ջրագծեր, ապա եղածը մտովի միավորեք։ Հորդ գետ կդառնա։ Հիմա ցուրտ է, գրեթե ոչ ոք չի օգտվում, ձմռանն էլ մեծ մասը չեն փակում, որպեսզի խողովակները չսառչեն։ Ո՞վ է դրա դիմաց վճարում - համայնքը, որի բյուջեն գոյանում է մեր տուրքերից։ Վճարելը՝ մի կողմ։ Կարելի՞ է այդքան ջուր վատնել, լցնել կոյուղին։ Այն էլ ի՜նչ որակի ջուր՝ հեռուներից մղիչ պոմպերով Երևան հասցված, այն դեպքում, երբ լիտրով գնող բնակավայրեր կան /օրինակ՝ Դալարիկ ավանը/ և գետեր, որոնք չէին ցամաքի, եթե քաղաք տանելու համար ակունքը չառնվեր խողովակի մեջ։ Արձագանքներ եղան, հիշողներ, որ սովետի տարիներին ջրի խնայողության նպատակով մի շրջան փողոցների, հրապարակների ցայտաղբյուրների վրա տարատեսակ ինքնաշխատ անջատիչներ դրվեցին, սակայն հետևողականություն չդրսևորվեց․ մի մասը անհոգի մարդիկ դիտմամբ փչացրին, մյուսները ժամանակի հետ շարքից դուրս եկան, և երևույթը չդարձավ քաղաքային օրինակելի մշակույթ։ Ինչևէ։ Հաջորդ օրը նյութը նամակի տեսքով հասցեագրեցի քաղաքապետարանի ֆեյբուքյան էջին։ Պատասխանի արագությունն ուրախացրեց․ «Շնորհակալություն հարցի համար։ Ներկա պահին քաղաքապետի կարգադրությամբ սահմանված կարգով իրականացվում են ցայտաղբյուրների փակման աշխատանքներ» ։ Մեկ շաբաթ անց տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվել, վերստին դիմեցի նույն հասցեով․ «Հարգելիներս, մեկ շաբաթ է անցել Ձեր պատասխանից, մինչդեռ Ավան համայնքում ոչ մի ցայտաղբյուր դեռևս չի փակվել։ Հակված եմ մտածել, որ ֆեյսբուքյան էջի Ձեր պատասխանատուն, չխորանալով հարցում կամ առաջարկի մասին տեղյակ չպահելով վերադասին, ձևական պատասխան է գրել» ։ Հերթական պատասխանին կցված էր հասարակայնության հետ կապերի վարչության հաշվետվությունը Երևանի քաղաքապետարանում սթ նոյեմբերի հինգին կայացած խորհրդակցության մասին, որի վերջին պարբերությունն առնչվում էր բարձրաձայնածս խնդրին, այն է՝ «Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետը «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ»: Շուրջ մեկ ամիս է անցել խորհրդակցությունից, իսկ հանձնարարությունը դեռ թղթի վրա է, Երևանի երեք հազար ցայտաղբյուրներից էլ ջուրը, պարզ է, կլկլոցով շարունակում է անիմաստ հոսել, մինչդեռ համոզված էի, թե նոր ավագանու և գործադիր իշխանության կազմավորումից հետո բան է փոխվել։ Հուսամ՝ գոնե այս հրապարակումից հետո բարձրացված հարցի ուղղությամբ հստակ քայլ կարվի․ ոչ միայն օր առաջ կանջատեն, այլև մինչև գարուն բոլորի վրա փականներ կդնեն, ցայտաղբյուրադնելացավով տառապողներին էլ այդուհետ կզսպեն։ Կրկնեմ․ կանե՞ն, պատիվ իրենց, կասեմ՝ նորընտիր քաղաքապետը Երևանի, երկրի ապագայով, բնության պահպանությամբ մտահոգ անձ է, տնտեսվար ու տնտեսող, բակերում բուրդ, գորգ, ավտո լվացողից քաղաքացի կերտող պաշտոնյա․․․ |