Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Հերմինե Ադամյան. Հանգիստ թողեք Հայ Առաքելական Եկեղեցուն

18:48, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Հերմինե Ադամյան. Հանգիստ թողեք Հայ Առաքելական Եկեղեցուն

Մեղքի ձեռքերով մի դիպչեք Հայ Առաքելական Եկեղեցուն, որովհետև չի կարելի: Չի կարելի այնպես, ինչպես չի կարելի դիպչել մարդու սրբություններին:
     Հայ Առաքելական Եկեղեցին ազգային արժեք է և ասվածն ապացուցելու կարիք չկա` հազարամյակները վկա:
     Կասեք` եկեղեցին լավն է, վատն են հոգևորականները: Գուցե, բայց նրանք չեն կարող լինել կատարյալ, որովհետև Աստված չեն, որովհետև մարդ են` բոլոր մարդկային մեղքերով հանդերձ: Թող դատի Աստված:
     Կասեք` մեր Վեհափառը վատն է, իսկ ու՞մ հոգևոր առաջնորդն է կատարյալ: Այսօր` իր լռությամբ, նա շատ ավելի լավն է, քան նրա դեմ բոլոր միջոցներով պայքարող ստահակները: Այո, ստահակ, որովհետև ոմանց անձնապես եմ ճանաչում:
     Կասեք` Հռոմի Պապը շատ լավն է, ում ընդունեցինք կաթոլիկական սիրով` ի հաշիվ մեր եկեղեցու հեղինակության: Տպավորություն էր, որ մենք ավելի շատ ենք ընդունում Հռոմի Պապին, քան կաթոլիկները: Մենք կհանդուրժե՞նք այլասերվածության այն դրսևորումներն, ինչի մասին պարբերաբար բացահայտումներ են արվում կաթոլիկ եկեղոցու ներսում, որոշ դեպքերում Հռոմի Պապերի իմացությամբ:
     Բոլորս գիտենք, թե ինչպիսի աշխարհիկ մեղքերի մեջ են եղել համաշխարհային կրոնների հոգևոր առաջնորդներից ամենահայտնիները:
     Ասում են` Վազգեն Առաջին Կաթողիկոսը լավն էր, մահի՞ց հետո…: Գարեգին Առաջին Կաթողիկոսից գո՞հ էինք…, ով բացառիկ տաղանդի տեր մարդ էր:
     Փնովում ենք ցոպ ու շվայտ կյանքով ապրող հոգևորականներին, ճիշտ ենք անում, բայց ինչպես են ապրում Հայաստանում գործող անթիվ կրոնական կազմակերպությունների հովիվները: Որսացել են անհույս մեկին, վերջինիս եկամուտի վրա 10% հարկ դրել, անհույսն էլ զոր ու գիշեր չարչարվում, իր երեխայից կտրում ու տալիս է նաև իր եկեղեցուն:
     Անհասկանալի անուններ կրող, դրսից ֆինանսավորվող հոգևոր կառույցները կլանում են նոր մարդկանց, լվանում ուղեղները, ծառայության դիմաց հարկում և արդյունքում ունենում կառավարվող խմբեր, ճոխ հոգևոր կառույցներ` հավաքատեղիներ, կուշտ հովիվներ` հարմարավետ բնակարաններով և թանկարժեք ավտոմեքենաներով, որոնք նաև «ասող» են դառնում երկրի քաղաքական կյանքում: Հոգևոր Հոտը թող հուսա, որ իր նվիրատվությունն առ Աստված է և երկրային կյանքի անհաջողությունը փարատվելու է հանդերձյալ կյանքի երանությամբ:
     Սկսում եմ հավատալ, որ հակաեկեղեցական քարոզի նպատակը հային իր Մայր Եկեղեցուց կտրելն է, որին նպաստում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու որոշ հոգևորականներ, իսկ հետևանքը լինելու է անդառնալի:

Պաշտեք Ձեր Աստծուն, փնտրեք միջնորդներ, վճարեք հանդերձյալ լավ կյանքի համար, հավաքվեք եվրոպական նորակառույցներում, կամ ձեզանով փող աշխատող հովվի տանը, որոշեք որքանով և ինչպես պետք է մասնակցեք քաղաքական գործընթացներին, բաժանվեք վստահությամբ, որ ձեր «խարդավանքները» Աստծո կամքով է, իսկ ես կգնամ իմ Գեղարդավանք, Ս. Էջմիածին ու Ս. Գայանե, Խոր Վիրապ ու Նորավանք, Որոտնավանք ու Տաթև, Ս. Կարապետ ու Ս. Հովհաննես, Կապտավանք ու Կարմրավոր, Սանահին ու Հաղարծին, Ս. Աստվածածին ու Գոշավանք, Մակարավանք, Ս. Ամենափրկիչ ու Ս. Նշան, Դադիվանք ու Գանձասար, բոլոր-բոլոր այն եկեղեցիներն, որտեղ գտնում ես Աստծուն, Նախնիներիդ, Ազգիդ: Թեկուզ ոչ ամեն կիրակի` կմասնակցեմ Սուրբ Պատարագին, լուռ կերգեմ «Սուրբ Աստվածը» և դուրս կգամ հոգեպես ամրացած:
     Խնդրում եմ, մի համեմատեք Սամվել եղբոր «Խաչին մոտ» կատարումը, Լուսինե Զաքարյանի «Սուրբ, սուրբի» հետ: Անհարմար է…

Հանգիստ թողեք Հայ Առաքելական Եկեղեցուն և շարունակեք թրվռալ ալելուայի տակ, որքան ուզում եք, որքան կարող եք:
    
    
     Հերմինե Ադամյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
967 | 0 | 0
Ideal համակարգ
Facebook
Մամուլի խոսնակ