Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միջնադարյան սնոտի խավարամտության «գոհարներ». հոգին սատանային ծախելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին (նախորդի շարունակությունը)

16:44, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ.
Միջնադարյան սնոտի խավարամտության «գոհարներ». հոգին սատանային ծախելու և նրա հետ պայմանագիր կնքելու մասին (նախորդի շարունակությունը)

Աբբա Կալմեի «Ոգիների, ուրվականների հայտնվելու մասին» գրքում պատմվում է Միխել Լյուդվիգ Բուբենհորեն անունով մի երիտասարդ ազնվականի մասին: Գրառումը պահպանվել է Գերմանիայի՝ ճիզվիտներին պատկանող եկեղեցիներից մեկում: Այս երիտասարդի ծնողները հարուստ մարդիկ են եղել և, ցանկանալով իրենց որդուն լավ կրթություն տալ, նրան ուղարկել են Լոթարինգիա, որպեսզի նա այնտեղ ֆրանսերեն ու գիտություններ սովորի: Բայց երիտասարդը հրապուրվում է թղթախաղով և ունեցած ամեն ինչ տանուլ է տալիս: Հուսահատված ուսանողը որոշում է հոգին սատանային վաճառել, եթե նա համաձայնի խաղալու համար իրեն բավականաչափ փող տրամադրել՝ բայց իսկական, և ոչ թե կեղծ: Այդ ժամանակներում համոզմունք է եղել, թե նման դեպքերում սատանան հաճույքով փող է տալիս, բայց դրանք ոչ թե իսկական փողեր են լինում, այլ քարեր ու նման բաներ: Եվ այն պահին, երբ երիտասարդը մտածում է այդ մասին, նրա առջև հայտնվում է իր տարիքի մի գեղեցիկ, ճոխ հագուկապով երիտասարդ, մի ափ ոսկեդրամ է մեկնում նրան ու խնդրում է ստուգել ու համոզվել, որ դրանք կեղծ չեն: Բուբենհորենը վերցնում է ոսկեդրամներն ու գնում է խաղալու: Նա ոչ միայն հետ է բերում տանուլ տված փողերը, այլև մյուս խաղացողներին լիովին «կլպում է»: Դրանից հետո սատանան նորից հայտնվում է նրան: Երբ երիտասարդ Բուբենհորենն իր երախտագիտությունը հայտնել է ցանկանում, սատանան նրանից ընդամենը երեք կաթիլ արյուն է խնդրում: Նա հանձնված արյունը հավաքում է գավաթի մեջ, հետո երիտասարդին փետուր է տրամադրում ու հանձնարարում է սեփական արյամբ գրել այն, ինչն ինքը կթելադրի: Սկզբում սատանան մի քանի անհասկանալի բառ է թելադրում: Հիշյալ եկեղեցու պատին գրվել է պայմանագրի տեքստը: Հնարավոր չէ ասել, թե այժմ գոյություն ունի՞ այդ եկեղեցին, բայց Կալմեն, խոսելով այդ գրության մասին, այն «նշանավոր» է անվանում, այնպես որ իր ապրած ժամանակաշրջանում (18-րդ դար) այդ գրությունը հանրահայտ է եղել: Եկեղեցին եղել է Ստրասբուգի մերձակա Մոլսհեյմ (այժմ՝ Մոլտցեն) քաղաքում: Պայմանագիրը երկու օրինակից է գրվել, մի օրինակը վերցրել է սատանան, մյուսը մտցվել է Բուբենհորենի ձեռքի այն մասի մեջ, որտեղից վերցվել է արյունը: Ընդ որում սատանան նրան ասել է.

«Ես քեզ ուղիղ յոթ տարի եմ ծառայելու, բայց դրանից հետո դու անվերապահորեն իմն ես լինելու»: Երիտասարդը համաձայնել է: Դրանից հետո սատանան ամեն օր այցելել է նրան ու սովորեցրել տարատեսակ սարսափելի բաներ, որոնք ոչ մեկին հայտնի չէին, բայց, բնականաբար, այնպիսի բաներ, որոնք դեպի չարն են տանում: Պայմանագրի ժամկետը մոտենում է, երիտասարդն ընդամենը քսան տարեկան էր դարձել, և նա, բնական է, ուզում էր ապրել: Նա վերադառնում է հոր մոտ, և այդժամ սատանան նրան ներշնչում է թունավորել հորն ու մորը, այրել հայրական տունն ու ինքնասպանություն գործել: Բայց այդ հանցագործությունները նրան չի հաջողվում ի կատար ածել: Թույնը, որ նա տալիս է ծնողներին, չի ներգործում, իսկ զենքը, որով ուզում է իրեն սպանել, երկու անգամ չի կրակում: Հուսահատված երիտասարդը տան անդամներից մեկին պատմում է իր գլխին եկածը: Կատաղած սատանան նրան այնպես է խփում, որ քիչ է մնում նրա ողնաշարը կոտրի: Երիտասարդի մայրը աղանդավոր է լինում: Նա ուրախ կլիներ օգնել իր որդուն, բայց նրա աղանդի հոգևորականները ոչնչով չեն կարողանում օժանդակել, և մայրը որդուն հանձնում է կաթոլիկ հոգևորականի: Երիտասարդը նրանից անմիջապես փախչում է, բայց նրան բռնում են ու հանձնում Մոլսհեյմի եկեղեցու ճիզվիտներին, որտեղ էլ գրվում է այս պատմությունը: Եկեղեցում գտնվելու ընթացքում սատանան երիտասարդին տարատեսակ սարսափազդու կերպարանքներով է հայտնվում, ավելի հաճախ՝ արյունարբու կենդանիների կերպարանքով: Մի անգամ սատանան իրենց պայմանագիրը ճիզվիտների ձեռքն է գցում, բայց վերջիններս դրա իսկությանը կասկածում են: 1603 թվականի հոկտեմբերի 20-ին երիտասարդը եկեղեցում հանդիսավորապես ապաշխարում է, ընդունում է կաթոլիկական դավանանքը, հրաժարվում է սատանայից ու հաղորդության է արժանանում: Բայց հաղորդությունից հետո նա սարսափազդու աղաղակում է, որովհետև նրա առջև հայտնվում են երկու վիթխարի սևաթույր այծեր: Նրանք հետևի ոտքեր վրա կանգնած են եղել, իսկ առջևի ոտներով բռնած պահել են սատանայի հետ ստորագրած պայմանագիրը: Հոգևորականներն անմիջապես սկսել են դևի հալածման գործողություններ կատարել՝ դիմելով սուրբ Իգնատիոսի (Ճիզվիտական միաբանության հիմնադիր Լոյոլա) օգնությանը: Այծերն աստիճանաբար նահանջել են, ապա փախուստի են դիմել: Այդ նույն ժամանակ երիտասարդի ձեռքից, առանց ցավ պատճառելու ու ամենևին չվնասելով նրա մարմինը, դուրս է ելել պայմանագիրը և ընկնել է չար ոգին հալածողի ոտքերի մոտ: Բայց դեռ հարկավոր էր պայմանագրի երկրորդ օրինակը խլել, որը մնացել էր սատանայի մոտ, և դևին հալածելը շարունակվել է: Նորից դիմում են սուրբ Իգնատիոսի օգնությանն ու հատուկ ծես են կատարում: Շուտով եկեղեցում մի վիթխարահասակ ու անճոռնի արագիլ է հայտնվում: Արագիլի կտուցին սատանայի մոտ մնացած պայմանագիրն էր, որը թռչունը դնում է գահին: Դրանից հետո միայն երիտասարդը ստանայի կապանքներից վերջնականապես ազատագրվում է:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4396 | 0 | 0
Facebook