Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ու՞մ ընտրել...

18:23, կիրակի, 25 նոյեմբերի, 2018 թ.
Ու՞մ ընտրել...

Հարց. Ու՞մ ընտրել...
    
    

Հայ Յեղափոխական Դաշնակցություն։
     Չեմ կարծում, թե կարիք կա որևիցե փաստեր ներկայացնել նրանց ավելի քան հարյուրամյա գործունեությունը գնահատելու համար։ Նրանք միայն իրենց գոյությամբ եղել են աղետ հայ ժողովրդի համար։ Հանրապետականների քսանամյա գործունեությունը մանկական հեքիաթ կթվա, եթե մեր դասագրքերում ներկայացնեն դաշնակցության իրական "սխրանքները"։ Նրանք երբեք էությամբ լիդեր չեն եղել, միշտ երկակի խաղ են խաղացել, իրենց կուսակցության շահը վեր են դասել երկրի շահից և ժողովրդին "մատաղ" անելով հասել մինչև մեր օրերը։ Եվ ցավոք իրենց էությունը չեն փոխել։ Նրանք հիմա էլ երկակի խաղ են խաղում և պատրաստ են հարմար առիթի դեպքում դարձյալ "մատաղ" անել ժողովրդին։ Իրենց քայլերը գնալով դառնում են տարօրինակ ու անհասկանալի։ Դեռ նախորդ դարում դեմքը կորցրած կուսակցությունը փորձում է փրկել դեմքը։ Այս կուսակցությունը մահացել է շատ վաղուց, երբ դեռ չէի ծնվել (ես ծնվել եմ 1985թ.) ։ Այսպիսի կուսակցությանը չարժի ոչ թե երկիր, այլ սեփական հեծանիվ վստահել։ Ի դեպ, այս կուսակցությունը "վերածնվեց" միայն Քոչարյանի շնորհիվ։
    
    

Բարգավաճ Հայաստան։
     Մեր աչքի առաջ ծնված կուսակցություն, որը որոշակի այսպես ասած "ժառանգություն" է ստացել Դաշնակցությունից։ Նրանք նույնպես լիդեր չեն եղել և փորձել են լինել իշխանական ուժերի կողքին՝ "որտեղ հաց, այնտեղ կաց" տրամաբանությամբ։ Միշտ եղել են կեղծ ընդդիմություն։ Դա չարիք է իրական ընդդիմության և նվեր իշխող կուսակցության համար։ Վերջիններս էլ ապահովել են նրանց ներկայությունը ազգային ժողովում։ ԲՀԿ-ն կարողացել էր այս տարիների ընթացքում որոշակի բարի համբավ ստեղծել իր շուրջ, բայց լինելով անփորձ հենց առաջին լուրջ քաղաքական ճգնաժամի ժամանակ ի ցույց դրեց իր իրական "գաղափարախոսությունը"։ Այս կուսակցությանը սատարելով ձեր բառապաշարում պետք է ավելացնեք "ԼԻՆԵԼ ԶԳՈՆ" արտահայտությունը։ Ի դեպ, այս կուսակցությունը ևս կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Որքանով է ճիշտ, չեմ կարող ասել։
    
    

Սասնա Ծռեր։
     Ծայրահեղական, անկանխատեսելի կուսակցություն, որը պատրաստ է իր ցանկությունները լուծել բացառապես զենքի ուժով։ Նրանք հիմա էլ չեն հրաժարվում զենքից, ինչի մասին բազմիցս հայտարարում են։ Երկու տարի առաջ նրանք անհասկանալի քայլ կատարեցին, որն ավելի շատ խնդիր առաջացրեց, քան լուծեց։ Այնտեղ համախմբվել են մարդիկ, որոնք կռվել են հայրենիքի համար և հայրենիքի դեմ։ Ինձ հետ միգուցե որոշ մարդիկ չհամաձայնեն, բայց անթույլատրելի է զենքով երկրի դեմ ելնել՝ դժգոհ լինելով իշխանություններից։ Իսկ արդյունքում այդ անհեռատես քայլից ոչ ոք չշահեց։ Ավելին, սպանվեցին մարդիկ որոնք պիտի ապրեին։ Մի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ։ Իմ երեխաները նրանց երեխաների հարցին երբեք չեն կարող պատասխանել, թե ինչու՞ հենց իրենց հայրերը սպանվեցին։ Իրական հերոսները նման բան չեն անում։ Եթե իմ տարիքը չի ներել, որ ես կռվեմ հանուն հայրենիքի, դա չի նշանակում, որ ես պակաս հայրենասեր եմ։ Ես իմ հայրենասիրությունը չեմ օգտագործի հայրենիքիս դեմ զենքով դուրս գալու և այդ եղանակով դժգոհությունս արտահայտելու համար։ Իսկ հիմա այն ինչ անում են նրանք, այն ինչ խոսում են պատասխանն է այն հարցին, թե ինչ էին ուզում երկու տարի առաջ. իշխանություն, պարզապես իշխանություն։
    
    

Հայաստանի Հանրապետական Կուսակցություն։
     Կուսակցություն, որն արտաքնապես տպավորում է իր "վեհ" գաղափարներով, կրթված ու խելացի կադրերով, և իհարկե իրենց հզոր ուժով՝ քրեաօլիգարխիկ կազմով։
     Այս կուսակցության հետ են կապում երկրի վերջին քսան տարիների դժբախտությունները։ Իսկ դրանք շատ են և շոշափելի։ Արտագաղթ, տնտեսության անկում, մենաշնորհ, կոռուպցիա, Քառօրյա պատերազմ, համատարած թալան և այլն։ Այս կուսակցության թալանի շուրջ լեգենդներ են պտտվում։ Կուսակցությունն իր զարհուրելի ու ցինիկ գործելաոճով շարունակում է ապացուցել, որ ատում է իր ժողովրդին։ Այն իսկական չարիք է դարձել հայ ժողովրդի համար։ Բայց կուսակցությունը դե ֆակտո մահացավ, երբ ես արդեն 33 տարեկան էի (հիշեցնեմ, ես ծնվել եմ 1985թ.) ։ Թե ինչպես մահացավ, բոլորս էլ գիտենք։ Բայց դե ֆակտո գոյություն չունեցող կուսակցությունը նույնիսկ այդ վիճակում շարունակում է կառչել իր վերջին հենարանից։ Նրանք պատրաստ են հանձնել իշխանությունը ցանկացած մեկին, նույնիսկ իրենց թշնամուն, միայն թե ոչ ժողովրդին։ Այս կուսակցությանը նորից իշխանության վերադարձնելը կլինի իսկական աղետ, ինքնիշխանության վերջնական և անդառնալի կորուստ։
     Բոլորին մաղթում եմ հոգեկան հավասարակշռություն՝ քարոզարշավին դիմակայելու համար։

ՀԳ
     Գրեթե բոլոր կուսակցություններում էլ եղել են ԱՆՀԱՏՆԵՐ, որոնք նվիրյալներ են եղել իրենց գործին, իրենց հայրենիքին ու ժողովրդին։ Սա իրենց չի վերաբերվում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3153 | 0 | 0
Facebook