Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարպիս Փաշոյան. Երբ պարոն Շարմազանովը խոսում է «աղանդավորների» մասին, ո՞ւմ կամ մարդկային ո՞ր խմբին նկատի ունի

09:19, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Կարպիս Փաշոյան. Երբ պարոն Շարմազանովը խոսում է «աղանդավորների» մասին, ո՞ւմ կամ մարդկային ո՞ր խմբին նկատի ունի

Կարող ենք ենթադրություններ անել։ Ամենայն հավանականությամբ նա խոսում է բոլոր այն կրոնական հանրույթների մասին, որոնք դուրս են Հայ առաքելական եկեղեցու դավանաբանության ու ծեսի (կոնֆեսիա) շրջանակներից։ Դրանք են՝ Հայ կաթողիկե եկեղեցին, Ավետարանական (բողոքական) եկեղեցիները և մյուս առավել փոքր կրոնական կազմակերպությունները։

Հայ առաքելական եկեղեցու կոնֆեսիային չպատկանողները զգալի թիվ են կազմում։ Փաստորեն պարոն Շարմազանովը կրոնական ֆաշիզմի հողի վրա Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների վիրավորում է ու պիտակում որպես «աղանդավոր» ։

Բազմիցս հիմնավորել եմ, որ «աղանդավորը» հակագիտական եզրույթ է։ Դա տերմին չէ, այլ՝ պիտակում։ Կարելի է ենթադրել, որ Շարմազանովը եզրույթն այդ կիրառում է «պաշտոնական» կրոնական ուղղությունից շեղված լինելու իմաստով, այսինքն չիմացության արդյուքնում աղանդավորը նույնականացնում է հերձվածող տերմինի հետ։

Անկախ ամեն ինչից, նույնիսկ սխալ եզրույթի կիրառման պարագայում պետք է փաստենք, որ Շարմազանովը խախտում է ՀՀ Սահմանադրությունը և ուղղակիորեն անցնում է դրա վրայով։ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, այն չունի պետական կամ էլ պաշտոնական կրոն։ Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Սահմանդրության Խղճի ու դավանանքի ազատության մասին հոդվածին հղում անելով կարող է պատկանել ցանկացած կրոնական ուղղության։

Այստեղ չի կարող լինել որևէ պարտադրանք, ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացիներին պիտակել իրենց կրոնական համոզմունքների համար։ Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունը չէ, Սաուդյան Արաբիան չէ։ Կարծում եմ Շարմազանովին պետք է ՀՀ Սահմանդրության մեկ օրինակ ուղարկենք, որպեսզի նա ծանոթանա դրա դրույթներին ու ֆաշիստական տոտալիտար գաղափարներ չարտահայտի։ Ես ուղղակի ամաչում եմ, երբ իմ երկրի խորհրդարանի փոխնախագահը չի տիրապետում Սահմանադրությանը։

Ընկերներ, երեսպաշտությամբ մի զբաղվեք, եթե իսկապես կարծում եք, որ Հայ առաքելական եկեղեցին է միակ ու ճշմարիտ կրոնական կառույցը, իսկ մնացածը՝ հակահայկական ու հակապետական տարրեր են, ապա հանդես եկեք Սահմանադրական փոփոխությունների առաջարկով, հեռացրեք Խղճի ու դավանանքի ազատության մասին հոդվածը, իսկ ՀԱԵ-ից դուրս գտնվողներին հետապնդեք ու դատապարտեք կամ էլ՝ արտաքսեք։ Այսպես գոնե ավելի ազնիվ կլինեք։ Թե չէ վերցնում ու ժողովրդավարության մասին հեքիաթներ եք խոսում, բայց երբ հերթը հասնում է իրական ժողովրդավարական արժեքների կիրառմանը, երեսպաշտորեն շրջանցում եք դրանք, ընտրությունների ժամանակ ողորմելի ճանապարհով ձայներ հավաքելու նպատակով դիմում եք անսանձ շովինիզմի ու վտանգավոր նացիոնալիզմի օգնությանը։ Պարոն Շարմազանով, դուք երեսպաշտ շովինիստ եք։

Կրկնենք ևս մեկ անգամ․ ՀՀ քաղաքացիներին ոչ ոք իրավունք չունի վիրավորել ու հետապնդել կրոնական հողի վրա։ Ի՞նչ պատասխան ենք տալու այն հարյուր հազարներին, որոնք բողոքական են։

Մենք պետք է շարժվենք հանրության բոլոր տարասեռ միավորների հաշտեցման ու ներդաշնակեցման ճանապարհով, սա է հանրային ու ազգային համերաշխության էությունը։ Իսկ որոշ մարդիկ, ընդհակառակը, փորձում են ձևախեղել այդ համերաշխությունը՝ կոնֆլիկտ սանձազերծելով ազգի տարբեր միավորների միջև։ Պարոն Շարմազանով, որ հանկարծ Առաքելական ու Ավետարանական եկեղեցիների հետևորդների միջև կոնֆլիկտ առաջանա, ու մարդիկ սկսեն կրոնական հողի վրա իրար փրթել, դուք եք պատասխան տալո՞ւ։

Կրոնական ֆաշիզմի գաղափարների տարածումը պետք է դատապարտվի հանրային բոլոր խմբերի, կուսակցությունների, կրոնական կազմակերպությունների կողմից։ Ավելին՝ այս հակապետական վարքագիծը պետք է դատապարտեն նաև ազգայնականներն ու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը։

Մենք Պակիստանի վերածելու հայրենիք չունենք։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2971 | 0 | 0
Facebook