Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մերժելի են անցյալում եղած բոլոր բացասական դրսևորումները.Արծվիկ Մինասյան

17:23, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Մերժելի են անցյալում եղած բոլոր բացասական դրսևորումները.Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ն երբևէ անցյալի վերադարձի դիրքերից հանդես չի՛ եկել, չի՛ գալու: Այս մասին նոյեմբերի 14-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:


    

Ըստ նրա` նախկին իշխանական ձևաչափերը վերադարձնելու որևէ հնարավորություն և շանս չկա: «Մեզ համար դա իսկապես անցյալ է: Սակայն պետք է նաև անցյալի դասերը լավ սերտենք, որպեսզի կարողանանք ներկայի և ապագա հարաբերությունները` երկրի ներսում և սահմաններից դուրս, կառուցել ճշմարիտ նպատակների շուրջ: Իսկ այդպիսի ճշմարիտ նպատակները, միանշանակ, կառուցված են մեր ազգային, պետական ուղեգիծը պահպանելու վրա: Դա Արցախյան ազատագրական պայքարի արդյունքում ազատագրված Հայրենիքն է, որ պետք է ապագա սերունդներին թողնենք ավելի պաշտպանված և ավելի ընդլայնված, քան մենք ենք ժառանգել սովետական ժամանակաշրջանից, դա մեր մշակույթն է, մեր դպրոցն է, մեր կրթությունը, մեր լեզուն, մեր եկեղեցին: Այս ամենը, ի վերջո, մեր ազգային ողնաշարն է: Այս ազգային ողնաշարին վնասող ցանկացած գործողություն, այդ թվում` անցյալում վնասած գործողություն, պետք է բացառենք: Մերժելի են բոլոր բացասական դրսևորումները, որոնք եղել են անցյալում», - նշել է Մինասյանը:

Ըստ նրա` այնուամենայնիվ, պետք է արժանին մատուցել և շնորհակալություն հայտնել այն անձանց ու քաղաքական ուժերին, որոնց հետ ՀՅԴ-ն համագործակցել է իր անցած ճանապարի ընթացքում: «Նշածս հարցերում մենք նրանց հետ կարողացել ենք ունենալ ձեռքբերումներ` նախևառաջ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, Արցախի միջազգային ճանաչման հարցում: Սա նաև հնարավորություն է, որ մենք պարզ ճակատով նայենք մեր անցյալին և վստահաբար` մեր ապագային: Մենք ուրացող չենք, բայց, նաև մեր սխալները գիտակցելով ըմբռնելով, թերությունները ընկալելով հանդերձ, երբեք գլուխներս չենք կախում, որովհետև, անգամ եթե որևէ տեղ թերացել ենք, եղել է ոչ թե կանխամտածված` այս կամ այն խմբի շահի հետևանք, այլ հայ ժողովրդի պահանջին համահունչ առաջ գնալու գործողություն», - ասել է Մինասյանը` հավելելով. «Ես կարծում եմ` նա, ով իր անցյալն ուրանում է, ապագա չի կարող ունենալ: Սա վերաբերում է նաև մի քաղաքական ուժի, որը 128 տարվա պատմություն ունի»:

ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Արծվիկ Մինասյանի` անշարժ գույք ունենալ-չունենալու մասին հարց է հնչեցրել:

«Արծվիկ Մինասյանը եղել է ԱԺ միակ պատգամավորը, որը Երևանում վարձով է ապրել և Ազգային ժողովից փող ստացել: Նա հիմա տուն ունի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան` Մինասյանն ասել է. «Ես հիմա տուն ունեմ, և այդ տան համար այն ժամանակ ես բաժանորդագրվել եմ «Երիտասարդ ընտանիքներին` բնակարան» ծրագրով` որպես համալսարանական դասախոս: Իհարկե, մինչև հիմա հիփոթեքային վարկ ենք վճարում, բայց կյանքն է այդպիսին»:

Հաղորդավար Արթուր Մկրտչյանի հումորային դիտարկմանը, թե դղյակներ դեռ չի՞ հասցրել կառուցել, Մինասյանը կատակով պատասխանել է. «Ուր էր` այդպիսի բան լիներ, մենք էլ նվիրեինք Հայաստանի Հանրապետությանը»:
    
     http://www.arfd.info

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2849 | 0 | 0
Facebook