Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ատամնաբուժարան NOVA DENT

22:42, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ատամնաբուժարան NOVA DENT
    
    
    

Տղամարդիկ ատամի, ատամնացավի նման մի բան են, երբ ցավեցնում են, պետք է հանել- գցել:

Բուժում չկա:

Հանելուց էլ անզգայնացնել պետք չէ, միևնույն է անզգա են:


    

- Ո՞ր ատամն է, սա՞:

- Բժշկուհի´ ջան, կարծես բոլորն են այդ կողմում ցավում:

- Չէ´, այդպես չի լինում: Լա´վ, սա´ է, տեսնում եմ: Ցավը փոխանցվում է բոլորին:

Ատամնաբուժական բազկաթոռին կիսապառկած տղան բավականին հաճելի արտաքին ունի ու շատ խնամքով հագնված է:

- Այսպես հետևում եք Ձեր սանրվածքին, հագուստին, իսկ ինչո՞ւ ատամներին նույն կերպ չեք հետևո՞ւմ:

Պատասխանը գիտեր: Դե, տղամարդն ի՞նչ պետք է պատասխանի որ:

Զբաղեցնում է մինչև ներարկելը:

- Հիմա կներարկեմ, մի 10-15 րոպեից կհանենք: Սա բուժվող ատամ չէ:

- Չի՞ ցավի: Ձեր անունն ինչ է՞:

- Ռիտա: Մի փոքր, մի ծակոց է ընդամենը: Որ ցավի, սեղմեք բազկաթոռի թևը, լա՞վ:

Երբ ասեղը մտավ լնդի մեջ, տղան ձայն արձակեց ու ակամա մի ձեռքով գրկեց Ռիտայի մեջքը:

Ռիտան խիստ հայացքով նայեց… Զգաց, որ տղային չի խաբի իր խիստ հայացքը:

Հաճելի էր:

Վահեն պատկանում էր տղամարդկանց այն դասին, որոնց կանայք անվանում են «սրտակեր»:

- Դրսում սպասեք, կկանչեմ, - հանգիստ տղայի ձեռքը պոկեց իր մեջքից, դրեց բազկաթոռի թևակին:

… - Հիմա կհանեմ: Ցավ չեք զգա, խոստանում եմ:

- Չէ, չեմ կարող, կարող եմ միայն այսպես, - Վահեի ձեռքը գրկեց Ռիտայի մեջքը:

Դե, թո´ղ գրկի, ինչ արած: Վաղուց այսպես զգույշ մեջքս չեն գրկել:

…Աքցանով պահել է հանած ատամը և նայում է տղայի շագանակագույն աչքերին:

Բալզակյան տարիքի ցանկացած կին հոգով մի քիչ արկածասեր է:

Թեև, ավելի ստույգ` տարիքն այստեղ կապ չունի:

Ինչպես ասում են` որքան ավելանում են տարիները, այնքան կինն ավելի հստակ է գիտակցում, որ իրենից «կարգին պառավ» դուրս չի գա:


    

- Սա իմ այցեքարտն է, երբ զգաք, որ վերքն անհանգստացնում է, զանգեք ցանկացած ժամի:

Երեք ժամ հաց չուտեք:


    

* * *

Երբ Ռիտան մտավ տուն, հասկացավ, որ նա իրենից առաջ արդեն տանն է:

Ամբողջ բնակարանը տակնուվրա էր:

Նարեկը` թիկնած բազկաթոռին` անշարժ, դատարկ աչքերով նայում էր մի կետի:

- Այս ինչ ես արե՞լ, սրիկա´: Ե՞րբ պետք է ազատվեմ քեզնից: Կյանքս կերար, բավական չէ՞:

- Ասա´ փողերիդ տեղը, կգնամ:

- Ես հիմա ոստիկան կկանչեմ…

Նարեկը բռնեց Ռիտայի մազերից ու քաշելով` գցեց գետնին:

- Դու հասկանո՞ւմ ես, ինձ փո´ղ է հարկավոր, փո´ղ: Ես չեմ դիմանում…

- Չունեմ, հասկացի´ր, ինչ ունեի, տվեցի քո բուժման համար: Բոլորը քո պատճառով երես են թեքել ինձանից: Կերա´ր կյանքս, հեռացի´ր ընդմիշտ….

Նարեկը ոտքով հարվածեց փորին:

Ցավում է…

- Իմ վերջին ականջողերն են մնացել, վերցրո´ւ, միայն չտեսնեմ էլ քեզ, չտեսնեմ ասեղներից քրքրված թևերդ, քո հիմարացած աչքերը: Աստվա´ծ իմ, ո՞ր մեղքիս համար…

Ռիտան ականջներից հանեց ականջողերն ու շպրտեց հատակին…

- Սա երկու օր, բա հետո՞:

Հերթական ոտքի հարվածը կպավ երեսին: Քթից ու բերանից սկսեց արյուն գալ:

Հասկացավ, որ ատամներից մեկն էլ կոտրվել է:

Նարեկը մոտեցավ զգեստապահարանին ու հանեց Ռիտայի միակ ձմեռային մուշտակը:

- Ձմռանն ի՞նչ եմ հագնելու: Նարե´կ, մի´ արա, խնդրում եմ…

Բերանը լցվող արյունը խանգարեց շարունակել:


    

Ցավոտ է…

… երբ աչք ես փակում բոլոր արարքների վրա, ներում ես, որովհետև սիրել ես:

… երբ ամիսներով հիվանդանոցի դռներն ընկած համոզում ես, որ թմրամոլ չէ, այլ ժամանակավոր թուլություն է: Ու գիտես, որ խաբում ես ինքդ քեզ:

… երբ Քո տղամարդուն թողած, նայում ես ուրիշի տղամարդու աչքերին:

… երբ հասկանում ես, որ դարձել ես լաթե կտորներից սարքած մի տիկնիկ` ապակե աչքերով:

… երբ հասկանում ես, որ քեզանով արդեն խաղացել են, էլ պետք չես ու շուտով կհայտնվես շենքի մոտ գտնվող որևէ աղբամաններից մեկում:

… երբ արթուն գիշերներ լուսացնելուց հետո, նա հանկարծ առավոտյան հայտնվելով` հայտարարում է, որ զզվել է քեզնից, որ էլ իրեն չես հետաքրքրում:

… երբ հասկանում ես, որ էլ չես սիրում, չես կարող սիրել, չես կարող սպասել, չես կարող նրա համար արդուկել, լվանալ, ճաշ պատրաստել:

Ցավոտ է…

…երբ, այն ինչ ունեիր, հիմա քեզ լքել է ու թողել օտար, անծանոթ մի աշխարհում:

Ցավոտ է…որ քեզ միայնակ ես զգում:


    

Զանգն ընդհատեց մտքերը:

- Ռիտա՞: Կներեք, ուշ ժամ է, բայց ատամս, որ այսօր հանեցիք…անհանգստացնում է:

- Հեռո՞ւ եք ապրում: Հեռախոսով չեմ կարող:

- Ինչ-որ բա՞ն է եղել, լա՞ց եք լինում:

- Չէ´, ամեն ինչ լավ է:

- Ռիտա´, ասա´ հասցեդ, ես հիմա կգամ:

- Գրիր …


    

Կգա՞ս:

Կկանգնես այնպես, որ կարողանամ աջ ձեռքով հենվել ձեռքիդ ու ձախով ձեռքով հագցնեմ ոտքիցս դուրս եկած կոշիկը:

Կգա՞ս, որ մեջս կուտակված հոգատարության ներուժն ինձ չայրի:

Կգա՞ս, որ սև օրերս քո ներկայությունից ամաչեն ու դառնան ճերմակ հեքիաթներ:

Ես կսպասե~մ…


    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3963 | 0 | 0
Facebook