Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի արարչագործության ու առաջին հայրասպանության մասին հունական առասպելը

17:18, հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Աշխարհի արարչագործության ու առաջին հայրասպանության մասին հունական առասպելը

Սկզբում գոյություն է ունեցել միայն հավերժական, անծայրածիր, դատարկ տարածությունը` մութ Քաոսը: Նրանում պարփակված է եղել աշխարհի կյանքի աղբուրը: Ամեն ինչ (ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները) ծնունդ է առել անծայրածիր Քաոսից: Քաոսից է գոյացել նաև Գեան` Երկիր աստվածուհին: Լայնարձակորեն սփռվել է նա` կյանք պարգևելով իր վրա ապրողներին ու իր վրա աճողներին: Երկրի խորը, հեռավոր խորքերում, այնքան հեռավոր, որքան հեռավոր է անընդգրկելի, լուսավոր երկինքը, անչափելի խորություներում ծնվել է մռայլադեմ Տարտարոսը` հավերժական խավարի ահասարսուռ խորխորատը: Քաոսից` կյանքի ակունքից, ծնվել է մեծազոր ուժը` ամեն ինչ կենդանացնող Սերը` Էրոսը, ու սկսվել է աշխարհի ստեղծումը: Անպարփակ Քաոսը ծնում է հավերժական Խավարին` Էրեբոսին և մութ Գիշերին` Նիկսին, իսկ Գիշերից ու Խավարից ծնունդ են առնում հավերժական Լույսը` Եթերը և զվարթադեմ Ցերեկը` Հեմերան: Լույսը սփռվում է աշխարհով մեկ, և սկսում են մեկմեկու հերթափոխել գիշերն ու ցերեկը: Մեծազոր, բարեբեր Գեան` Երկիրը, ծնում է անծայրածիր կապույտ Երկնքին` Ուրանոսին, ու երկինքը փռվում է Երկրի վրա: Երկրի ծնած լեռնագագաթները հպարտորեն ձգվում են դեպի Երկինք, ու ծավալվում է հավերժ ծփացող Ծովը: Մայր Երկիրը ծնում է Երկինքը, Լեռները և Ծովը, և նրանք հայր չեն ունեցել:

Ուրանոս-Երկինքը դառնում է երկրի թագավորը: Նա կնության է առնում բարեբեր Երկրին` Գեային: Նրանք վեց տղա ու վեց աղջիկ են ունենում. դրանք հզոր ու ահասարսուռ տիտաններն էին: Տիտաններն ամուսնանում են իրենց քույրերի` տիտանուհիների հետ: Ամբողջ երկիրը բոլորող Օվկիանոսը` անեզր գետի նմանվող տիտանը, ամուսնանում է տիտանուհի Տեթիսի հետ: Տեթիսն Օվկիանոսից ծնում է երեք հազար ուստր (գետային աստվածություններ) և երեք հազար դուստր (օվկիանուհիներ): Հիպերիոնոս ու Թեյա տիտաններն աշխարհին պարգևում են Արև-Հելիոսին, Լուսին-Սելենեին ու շիկադեմ Արշալույսին` Էոսին (Ավրորա): Աստրեան ու Էոսը ծնում են գիշերային երկնքում վառվող բոլոր աստղերն ու բոլոր քամիները (հյուսիսային քամի Բորեյին, արևելյան քամի Էվրին, հարավային խոնավ քամի Նոտին և առատ անձրևներ բերող արևմտյան փաղաքուշ քամի Զեփյուռին):

Բացի տիտաններից, մեծազոր Երկիր-Գեյան նաև ճակատներին ընդամենը մեկ աչք ունեցող երեք հսկա` կիլոպ է ծնում: Ծնում է նաև հիսուն գլխանի ու հարյուր ձեռնանի, սարերի նման վիթխարահասակ երեք հսկայի: Նրանց ահռելի ուժին ոչ ոք չէր կարող դիմակայել, որովհետև նրանց տարերային ուժն անսահման էր:

Կիկլոպները (հսկաները) ապստամբում են իրենց բռնակալ հոր դեմ: Ապստամբ զավակների դեմ ատելությամբ լցված Ուրանոսը ճնշում է ապստամբությունը և ըմբոստացած որդիներին նետում է Երկիր աստվածուհու ընդերքը` Տարտարոս: Այս ստորերկրյա մռայլ աշխարհը երկրի մակերեսից այնքան էր հեռու, որքան երկիրը երկնքից: Եթե այնտեղ նետես պղնձե զնդանը, ապա այն հատակին կհասնի ինը օրում:

Զավակների բանտարկվածությունը տառապանք է պատճառում նրանց մորը` Երկրին: Ուրանոսից վրեժ լուծելու համար Երկիր –Գեան տիտաններին համոզում է սպանել իրենց հորը` Ուրանոսին: Սկզբում նրանք վախենում են ձեռք բարձրացնել իրենց հոր վրա, բայց հետո միանում են մոր հորդորին ընդառաջած իրենց կրտսեր եղբորը` նենգամիտ Կրոնոսին (ի դեպ, «կրոնոս» եզրը «ժամանակ» է նշանակում): Կրոնոսի գլխավորությամբ՝ եղբայրները հարձակվում են քնած Ուրանոսի վրա: Երկաթյա մանգաղով զինված անգութ Կրոնոսն այդ գործիքով ամուրձատում է հորը: Ձախ ձեռքն առնելով նրա կտրված ամորձիները (այդ ժամանակից սկսած ամեն վատ կանխանշան ձախ ձեռքի հետ են սկսում առնչել) ՝ նա դրանք փաթաթում է մանգաղին ու միասին ծովն է նետում:

Բայց մայր Երկրի վրա թափված Ուրանոսի արյան կաթիլներից Երկիրը ծնում է Տիսիփոնե, Ալեկտո և Մեգերա անվամբ էրինիաներին՝ վրիժառության աստվածուհիներին, որոնք անխոնջ հետապնդել են երդմնազանցությունը, հյուրասիրության մոռացումը, հատկապես սպանությունը: Նրանք ոճրագործին զրկել են բանականությունից և նրա գլխին աղետներ են տեղացել:

Ըստ մեկ այլ առասպելի՝ հայրասպան Կրոնոսին պատժելու համար Գիշեր աստվածուհին մի քանի սարսափելի աստվածություններ է ծնում (մահվան աստված Թանատոսին, պառակտության աստված Էրիդուին, խաբեության աստված Ապատուին, ոչնչացման աստված Կերին, քնի աստված Հիպնոսին, վրիժառության աստված Նեմիսիսին և շատ այլ աստվածների): Այս աստվածները Կրոնոսի թագավորած աշխարհ են մտցնում սարսափը, պառակտությունը, խաբեությունը, կռիվը, դժբախտությունը:

Ուրանոսին սպանելուց հետո Տիտանները Տարտարոսից ազատում են կիպլոպներին և երկրի վրա իշխանությունը հանձնում են Կրոնոսին: Բայց հենց որ Կրոնոսն առնում է իշխանության համը, կիկլոպներին նորից Տարտարոսն է նետում, կնության է առնում իր քրոջը՝ Հռեային ու սկսում է կառավարել:

Ուրանոսին ամորձատելը զուտ առասպելաբանություն չի եղել: Մինչև նորագույն ժամանակները աֆրիկյան «գալլա» ցեղի ռազմիկները կռվի ելնելիս իրենց հետ փոքրիկ մանգաղ են վերցրել, որպեսզի ամորձատեն իրենց թշնամիներին: Ապացուցված է, որ Արևելյան Աֆրիկայի և հին Հունաստանի միջև շատ ընդհանրություններ են եղել:

Ինչպես վերը հպանցիկ ասացի, հույները հետագայում Կրոնոսին «Chronos», այսինքն` «Հայր-ժամանակ» են անվանել ու միշտ պատկերել են ոչ մեկին չխնայող մանգաղը կամ գերանդին ձեռքին: Բայց նրան պատկերել են նաև ագռավի հետ:

Խեթական դիցաբանությունում Կումբարի աստվածը ատամներով կտրում է երկնքի աստված Անուի (Ուրանոսի) ամորձիները, կուլ է տալիս սերմնահեղուկի մի մասը, իսկ մնացած մասը թքում է Կանզուրու լեռան վրա, որից աստվածուհի է գոյանում:

Հույների դիցաբանության տարբերակներից մեկի համաձայն` գեղեցկության ու սիրո աստվածուհի Աֆրոդիտեն ծնվել է ծովից, որը բեղմնավորվել է Ուրանոսի` այնտեղ նետված ամորձիներից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4974 | 0 | 0
Facebook