Մոդիլիանին ծնվել է 1884 թ. Իտալիայի Լիվոռնո քաղաքում: Լինելով ընտանիքի ամենափոքրը՝ նա երբեք սիրո և ուշադրության պակաս չի զգացել. նրան սիրել են ու երես տվել: Գուցե հենց այդ սերն էր, որ հորդում էր նկարչի ամեն մի գործից, կյանքի ամեն մի դրվագից:
Ամադեոն նկարել սովորել է դեռևս ծննդավայրում՝ Լիվոռնոյում, բայց հետագայում կրթվել ու զարգացել է Ֆլորենսիայում ու Վենետիկի արվեստի ինստիտուտում: 1906 թ. էր՝ նա տեղափոխվում է Փարիզ ու սկսում ստեղծագործել: Դարասկզբի Փարիզը աշխարհի արվեստի կենտրոնն էր: Տաղանդավոր նկարիչը ոչ բոլոր հարցերում էր հաջողակ, բայց կանանց հարցում հաջողակ էր հաստատ: Նկարիչը սիրային կապ է ունեցել նաև ռուս բանաստեղծուհի Աննա Ահմատովայի հետ:
Ես նկարիչ եմ ու հրեա» . այս խոսքերով նա ներկայանում է բանաստեղծուհուն, ով ապագայում կասի. «Ես գիտեի, որ Մոդիլյանին կփայլի»: Բայց սա մեկ այլ սիրո պատմություն է…
Մուսան՝ Ժաննա
Նրանք ծանոթանում են Կոլարոսի ակադեմիայում, որտեղ Ժաննան սովորում էր: Մոդիլյանին ևս այցելում էր ակադեմիա՝ անվճար դասերի:
Աղջիկը բոհեմյան աշխարհին չէր պատկանում, բայց նա էլ էր նկարում. գեղեցիկ ու երկար մազերով, նորածնի մաքրամաքուր մաշկով, արտահայտիչ ու թափանցիկ աչքերով, հանդարտ ու մեղմ բնավորությամբ Ժաննային չսիրահարվելն անհնար էր: Զգացմունքային և տաղանդավոր, ծանր բնավորությամբ և վատ սովորություններով Մոդիլյանիին չսիրելն էլ նույնչափ անհնար էր: Մոդիլյանին մահանում է 1920 թ. հունվարի 24-ին: Հիվանդ էր: Մեկ օր անց Ժաննան ինքնասպան է լինում: Հղի էր…
Ասում են՝ դեռևս 17 տարեկան հասակում Ժաննան շատ էր խոսում մահվան ու ինքնասպանության մասին:
Ժաննան ու Ամադեոն կողք կողքի են թաղված: Հավերժ միասին: