Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քննարկումները կատարվում են այնպես, որ ընտրական ցուցակն ամբողջ կառույցի համար ընդունելի լինի. Արմեն Ռուստամյան

15:45, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Քննարկումները կատարվում են այնպես, որ ընտրական ցուցակն ամբողջ կառույցի համար ընդունելի լինի. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ նախընտրական ցուցակներն ամբողջությամբ կհրապարակվեն վաղը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Հիմնականում ռեյտինգային ցուցակներն են դժվարացնում ցուցակի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում է և նախապատվությունն էլ տրվում մեր տեղական մարմիններին, և նրանք են թեկնածուներ առաջադրելու: Կարծում եմ` վաղն արդեն ամբողջական կլինի», - ասաց նա։

Ռուստամյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ցուցակում առաջին տեղի համար պայքար է գնում իր և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: «Երբեք մեր միջև պայքար չի եղել։ Գիտեք` մեր կուսակցությունը շատ լուրջ ծանր ու թեթև է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ, և ցուցակը կլինի համախոհությամբ», - ասաց նա և հավելեց, որ քննարկումները կատարվում են այնպես, որ ցուցակը պետք է ամբողջ կառույցի համար ընդունելի լինի։

Անդրադառնալով ՀՀԿ-ի այն պնդմանը, որ միակ ընդդիմությունն են լինելու, Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում ասել` ով է ընդդիմադիր, ով` ոչ, ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ձևավորվել միայն իշխանության ձևավորումից հետո: «Երևի ելնում են նրանից, որ, ըստ էության, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է և, ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն», - նշեց պատգամավորը և հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն:

Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր քաղաքական ուղուց երբեք չի շեղվել և ունի իր ընտրազանգվածը: «Դաշնակցությունն ինչ խնդիրներ դրել է, նվազագույնով հասել է առավելագույնի», - ասաց նա։

Հարցին` մտավախություն չունի՞, որ այլ քաղաքական ուժեր կարող են իրենց ընտրազանգվածը տանել, հաշվի առնելով, որ նրանց մտածելակերպը մոտ է Դաշնակցությանը, օրինակ` «Սասնա ծռեր» -ը, Ռուստամյանը պատասխանեց. «Բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլորը խորքում մոտ են Դաշնակցության գաղափարներին։ Այնպիսի բան չկա, որ ազգը, պետությունը իրենց երազած երկիրը պատկերացնեն ու չգան ազատ, անկախ Հայաստանի գաղափարին։ Ի վերջո, մենք հանրապետություն ենք ստեղծել զրոյից, երրորդ հանրապետության հիմքում ենք եղել: Կարծում եմ ՝ արդեն չորրորդի մեջ ենք։ Այս ամենը հետևանքն է Դաշնակցության գործունեության և ազգային ուժերի նվիրվածության ու համախմբման։ Այս առումով բնական է, որ մենք այս դաշտում պետք է ունենանք համակիրներ» ։

Ռուստամյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքը կընտրի` ում ձայն տալ, բայց Դաշնակցությունը մի բանով տարբերվում է մնացածից՝ կայացած և համահայկական կուսակցություն է։
    
    
     http://www.yerkir.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2244 | 0 | 0
Facebook