Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գեղարքունիքի մարզպետը համայնքներում ծանոթացավ բնակչությանը մտահոգող խնդիրներին

15:27, երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ.
Գեղարքունիքի մարզպետը համայնքներում ծանոթացավ բնակչությանը մտահոգող խնդիրներին
     Նոյեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ և Ծովասար համայնքներում: Երանոսում Գնել Սանոսյանն այցելեց համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային պայմաններին, դասընթացների անցկացման հնարավորություններին, դիտարկեց նաև հանդիսությունների դահլիճի անմխիթար վիճակը: Երանոսի մանկապարտեզում բարձրացվեց լոկալ ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը, որի իրականացման համար համայնքապետարանը չունի բավարար միջոցներ և ակնկալում է պետության համաֆինանսավորումը: Գնել Սանոսյանը խոստացավ հնարավորությունների դեպքում ընդառաջել, որպեսզի դպրոցում և մանկապարտեզում առկա խնդիրները լուծում ստանան: Մարզպետն այցելեց նաև Երանոսի բուժամբուլատորիա, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին, զրուցեց բուժանձնակազմի հետ:
     Վարդաձորում Գնել Սանոսյանը ծանոթացավ նորակառույց մանկապարտեզում իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Նորակառույցն իր դռները կբացի դեկտեմբեր ամսին կամ հաջորդ տարվա ընթացքում: Այստեղ համայնքի ղեկավարը ներկայացրեց պետական բյուջեի և ՀՏԶ հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրերը, խոսեց Շողվագ գետի՝ Վարդաձոր-Ձորագյուղ հատվածի 1, 5 կիլոմետր երկարության հունի մաքրման անհրաժեշտության մասին, որը վարարումների ընթացքում լուրջ խնդիր է առաջացնում տնտեսությունների համար: Մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի ՀՀ պետական բյուջեից մեծ հատկացումներ են արվելու համայնքներին, որն, ըստ նրա, հնարավորություն կտա՝ լուծել նաև այդ խնդիրը:
     Մարզպետն այնուհետև եղավ Ձորագյուղ և Ծովասար համայնքներում, ծանոթացավ պետական և տեղական միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներին: Գնել Սանոսյանը եղավ նաև Ծովասար համայնքի երկրագիտական թանգարանում, ծանոթացավ ցուցադրվող հավաքածուին:
     Վերը նշված բոլոր համայնքներում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անմիջական զրույց ունեցավ տեղի բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու առաջարկությունները՝ կապված ճանապարհաշինության, փողոցային լուսավորության անցկացման, մատչելի գներով պարարտանյութ, դիզելային վառելանյութ ձեռք բերելու, համայնքային նշանակության այլ թեմաների հետ: Մարզպետը հավաստիացրեց, որ մարզպետարանն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցել բարձրացված բոլոր հիմնախնդիրների կարգավորմանը:
     Այցի շրջանակներում Գնել Սանոսյանը հանդիպեց նաև Վարդենիսի տարածաշրջանի Ախպրաձոր համայնքի բնակիչներին, որոնց հետ քննարկեց Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային նշանակության շուրջ 12 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքներում առաջացած խնդիրները: Քննակման ավարտին մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհի վերանորոգումը պլանավորվում է իրականացնել հաջորդ տարի՝ պետական ծրագրով:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2895 | 0 | 0
Facebook