Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շինարարների 3 շենքի բնակիչները ձմեռն այսուհետ կանցկացնեն առավել տաք և հարմարավետ շենքում

Habitat for Humanity Armenia
Մամուլի խոսնակ`
Habitat for Humanity Armenia
19:50, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Շինարարների 3 շենքի բնակիչները ձմեռն այսուհետ կանցկացնեն առավել տաք և հարմարավետ շենքում

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամն ազդարարել է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3 շենքի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակազմի և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի, ինչպես նաև գործընկեր բանկի ներկայացուցիչներն ու շենքի բնակիչները:

Շենքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից իրականացվող «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի և «Աջափնյակ-1» համատիրության համաֆինանսավորմամբ և «Ինեկոբանկ» ՓԲԸ վարկավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետությունը և նվազեցնել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից կատարված ծախսերը էներգակիրների վրա, ինչպես նաև նպաստել համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը:

Շենքի վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 2 մլն. 282 հազար դրամ, որից 858 հազար դրամ մասնաբաժինը տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից որպես դրամաշնորհ, 1 մլն. 200 հազար դրամ մասնաբաժինը՝ որպես վարկ համատիրությանը Ինեկոբանկի կողմից՝ 3 տարի մարման ժամկետով, և 224 հազար դրամ մասնաբաժինը՝ որպես համատիրության կողմից ներդրում, որի արդյունքում բնակիչները, բացի ամենամսյա պարտադիր նորմերով սահմանված վճարներից, լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Արդյունքում, 36 բնակարանանոց շենքում կատարվել է պատշգամբների արտաքին պատերի կողամասերի ջերմամեկուսացում, պատուհանների տեղադրում, նախամուտքերի ճակատային հատվածի վերանորոգում, մուտքերի վերանորոգում և լուսային համակարգի բարելավում:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս սույն ծրագրի շրջանակում էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ են իրականացվել 13 բազմաբնակարան շենքում՝ ներառելով մուտքերի պատուհանների և դռների տեղադրում/ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում և նկուղների ջերմամեկուսացում:

«Այսօր մենք բոլորս նշում ենք «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում՝ ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» ծրագրի հաջողություններից մեկը, որն իրականություն է դարձել Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, մեր գործընկեր Ինեկոբանկի հետ համագործակցությամբ, «Աջափնյակ-1» համատիրության անձնվեր աշխատանքի և իհարկե բնակիչների հավատի ու մեծ ցանկության շնորհիվ: Սա թիմային աշխատանքի, բնակիչների, ովքեր հոգում են նաև շենքի խնդիրները, վառ օրինակ է», -իր խոսքում նշեց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

«Ծրագրի իրականացման կարևորագույն նախապայմաններից մեկն է բնակիչների սերտ համագործակցությունը և պատրաստակամությունը մասնակցել ծրագրին և կանոնավոր կերպով վճարել պարտադիր նորմերով սահմանված վճարները: Համաձայն ծրագրին մասնակցած համատիրությունների հարցման արդյունքների՝ ծրագրի արդյունքում բարձրացել է շենքերի հարմարավետության մակարդակը, բարելավվել է էներգաարդյունավետությունը, բարձրացել է բնակիչների վստահությունը համատիրությունների նկատմամբ», - նշեց ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Վարսենիկ Խլոյանը:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» -ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ» -ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։

2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, շուրջ 7, 600 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։

Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի կառավարման և էներգախնայողության բարձրացման ոլորտում բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան նախաձեռնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3051 | 0 | 0
Facebook