Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ

20:44, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Հայաստանի Եվրոպական կուսակցության հայտարարությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ

Մի քանի օրից մարդկությունը նշելու է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը։ Հայոց բազմադարյա պատմության ընթացքում քիչ են եղել իրադարձություններ, որոնք այդպիսի հսկայական ազդեցություն թողած լինեն մեր ազգի ու պետության ճակատագրի վրա, որքան 1914-1918 թթ․ աշխարհամարտը եւ դրա արդյունքները։ Օսմանյան, Ռուսական, Գերմանական, Ավստրո-Հունգարական կայսրությունների տապալումը եւ քաղաքական քարտեզի փոփոխությունը, Հայոց Եղեռնը եւ Հայրենազրկումը, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ դրա զավթումը Սովետական Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի կողմից՝ ահա այդ պատերազմի միայն մի քանի հետեւանքները։ Առավելեւս տարօրինակ է թվում մեր հասարակության անտարբեր, անուշադիր եւ անհաղորդ վերաբերմունքը ողջ քաղաքակիրթ աշխարհում նշվող այս տարելիցին։ Թերեւս, դրա պատճառն է բազմամյա սովետական բթացնող քարոզչությունը, որը ստվերեց մեր ժողովրդի գիտակցության մեջ ոչ միայն Հայոց Ցեղասպանության աշխարհաքաղաքական ենթատեքստը, սահմանափակելով այն միայն ազգային ողբերգության շրջանակով, այլ նաեւ մոռացության մատնեց Հայաստանի առաջին հանրապետության փառավոր մասնակցությունը համաշխարհային պատերազմում եւ հաղթող պետությունների դաշինքին մեր պատկանելիությունը։ Հայ զինվորները հերոսաբար կռվում էին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Բրիտանիայի բանակների կազմում, իսկ 1918 թ․նաեւ Հայաստանի հանրապետության զորքում։ Հայկական պատվիրակությունը ստորագրել էր 1920 թ․օգոստոսի 10-ին Փարիզի խաղաղ կոնֆերանսում Սեւրի պայմանագիրը որպես պարտված Թուրքիայի դեմ մարտնչող եւ հաղթանակած պետություն՝ Անտանտայի դաշնակից։ Եւ Մեծ Եղեռնի 1, 5 միլիոն հայ նահատակները ոչ միայն առանձին իրականացված Հայոց Ցեղասպանության զոհեր են, այլ նախեւառաջ համաշխարհային պատերազմի զոհեր։ Եւ այդ դեպքում ստացվում է, որ Առաջին աշխարհամարտում սպանված ամեն տասներորդ մարդը հայ էր։ Եւ այդ դեպքում պարզվում է, որ հաղթանակած Անտանտայի դաշինքը Սեւրի պայմանագրով ձգտում էր ոչ թե ճանաչել կամ փոխհատուցել Հայոց Եղեռնը, այլ վերականգնել Հայոց անկախ պետությունը։ Հասկանալի է, թե ինչու էին փորձում թաքցնել մեզնից այս իրականությունը խորհրդային շրջանում, կոծկելով մեր երկրի հանդեպ կատարված պատմական հանցագործությունը եւ այն պսակող ռուս-թրքական 1921 թ․ապօրինի Մոսկովյան պայմանագիրը։ Հասկանալի չէ, թե ինչու ենք մենք այսօր լռում այս ամենի մասին։ Ուստի, իսկապես աններելի է մեր հասարակության անուշադրությունը նոյեմբերի 11-ին նշվող Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի միջազգային հանդիսությունների հանդեպ, որը պետք է որ նշվեր Հայաստանում պետական մակարդակով։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը նոյեմբերի 11-ին, առավոտյան ժամը 11-անց 11 րոպե կազմակերպում է հիշատակի եւ հարգանքի ցույց Ծիծեռնակաբերդում, Ցեղասպանության հուշահամալիրի կոթողի մոտ՝ ի նշան Առաջին աշխարհամարտում զոհված հայ զինվորների ու նահատակների եւ ի համերաշխություն մեր դաշնակից հաղթած պետությունների ու ժողովուրդների հետ։
    
     Տիգրան Խզմալյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
751 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ