Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Հայրենադարձ Կարեն Պապյանը նախատեսում է իր գործը հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

19:24, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Հայրենադարձ Կարեն Պապյանը նախատեսում է իր գործը հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Ռուսաստանում 25 տարի ապրելուց հետո Պապյանների ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան: Ինչպես տարբեր երկրներում գտնվող հայ բազմաթիվ ընտանիքներում ժամանակ առ ժամանակ քննարկվում է Հայրենիք վերադառնալու հարցը, այնպես էլ Պապյաններին հանգիստ չէր տալիս Հայաստանում բնակություն հաստատելու միտքը: Ընտանիքի հայրը՝ Կարեն Պապյանը «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց, որ Հայաստան տեղափոխվելու որոշման հարցում վճռական եղավ երեխաների ցանկությունը:

«Հայաստանից Ռուսաստան ենք տեղափոխվել 1993 թվականի սեպտեմբերի 21-ին: Արդեն 25 տարի է ապրում ենք Պերմում: Ունենք 5 երեխա: Նրանք ծնվել, մեծացել են Ռուսաստանում: Այս տարիների ընթացքում պարբերաբար հնարավորություն եմ ստեղծել, որ երեխաներս գան Հայաստան, հայրենիքի հետ կապը միշտ պահեն, սակայն Հայաստան տեղափոխվելու մասին դեռ խոսք չկար: Թեպետ վերջերս ժամանակ առ ժամանակ քննարկում էինք այդ հարցը, սակայն մտավախություն ունեինք երեխաների հետ կապված, մտածում էինք միգուցե չկարողանան հարմարվել: Ժամանակը ցույց տվեց, որ հենց նրանց ցանկությամբ մենք վերջնական տեղափոխվեցինք», -ասաց Կարեն Պապյանը:

Երեխաները նախորդ տարի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում են եղել: Շատ տպավորված են վերադարձել Պերմ, և հենց այդ ժամանակվանից ընտանիքում սկսեցին լրջորեն քայլեր ձեռնարկել Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ:

«Ապրելով Ռուսաստանում՝ ես միշտ երազել եմ, որ երեխաներս ամուր կապի մեջ լինեն հայրենիքի հետ, բայց արի ու տես, որ այսօր ավելին եղավ. Հայաստանը, հայկական իրականությունը, հայրենի հողը դարձան երեխաներիս առօրյան: Մենք այստեղ ենք օգոստոսից, երեխաներս տեղավորվել են ուսումնական հաստատություններում: Շատ-շատ գոհ են, որ Հայաստանում են, մենք էլ ոգեշնչվում ենք այդ ամենով», -ավելացրեց Կարեն Պապյանը:

Պերմում ապրելու տարիներին Կարեն Պապյանը եղել է և ներկայում էլ հանդիսանում է հայ համայնքի ակտիվ գործիչներից: Նա Պերմի հայ առաքելական եկեղեցու ատենապետն է: Կարեն Պապյանն ասում է, որ այնտեղ դեռ անելիքներ ունի, հետևաբար մի որոշ ժամանակ այցելություններ Պերմ կլինեն:

«Ռուսաստանում ապրել ենք 25 տարի, սակայն այսօր որոշեցինք վերաբնակվել Հայաստանում: Ես դա պատահական չեմ համարում: Գիտեք, երբ ամբողջ կանքում կապված ես Հայրենիքի հետ, այն քո ներսում է, քո սրտում, սիրում ես քո երկիրը, ուրեմն սպասելի է նաև մեր արածի նման քայլը», -հավելեց նա:

Քանի որ Կարեն Պապյանը, մինչ Հայաստան տեղափոխվելը, հաճախ է այցելել Երևան, հետևաբար լավ ուսումնասիրել է գործունեություն ծավալելու տեղի հնարավորությունները և, ինչպես ինքն է ասում, շատ հստակ գիտի, թե ինչով է զբաղվելու: Իր սեփական գործն է ցանկանում հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայում իր աշխատանքային թիմն է հավաքում:


     Աննա Գզիրյան
     https://armenpress.am

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1045 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ