Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը

21:08, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Արցախյան հակամարտության լուծման մեր տեսլականը
     Արցախյան ազատամարտը մեր անկախ ժողովրդի կողմից մղված հաղթական պատերազմ էր, որի արդյունքում, անհավասար մարտերում, հայ ժողովուրդն իր հերոս զավակների արյամբ գործնականում լուծեց Արցախի հիմնախնդիրը, կռվելով ադրբեջանական բանակի, ռուսական ՕՄՕՆ-ի, աֆղան մոջահեդների, թուրքական կանոնավոր բանակի ու չեչեն գրոհայինների դեմ միաժամանակ և ազատագրելով պատմական հայկական տարածքներ՝ 11 000 քառ. կմ-ի չափով, դրանք վերամիավորելով մայր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:
     Սակայն խնդրի լուծումն իրավական հարթության մեջ հասկանալիորեն ձեռնտու չի տարածաշրջանում ազդեցություն ունեցող և ոչ մի գերտերության:
     Այն օգտագործվում է հատկապես Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից, Հայաստանի շուրջ անընդհատ լարվածություն պահպանելու և ցանկացած պահի պատերազմ հրահրելու նպատակով: Տարածաշրջանային գերտերություններին ձեռնտու չէ Հայաստանի հզորացումն ու ինքնուրույն քաղաքականության վարումը, քանի որ այդ դեպքում մեր երկիրը կդառնա ավելի անկանխատեսելի ու անկառավարելի:
     Խնդրի լուծման բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Արցախը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել, և որպես ԽՍՀՄ կազմում գտնվող ինքնավար մարզ, անկախություն է հռչակել ԽՍՀՄ-ից, առանց հակասելու ԽՍՀՄ սահմանադրությանը: Սկսած 1994 թվականի մայիսի 5-ից ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը:
     Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:
     1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին: Հետևաբար, այսօր Արցախի ղեկավարության դուրս մնալը բանակցային սեղանից ՀՀ ղեկավարության կողմից տարված սխալ արտաքին քաղաքականության արդյունք է:
     Ադրբեջանի կողմից շահարկվում է հատկապես այն հանգամանքը, որ ազատամարտի արդյունքում հայկական կողմը «գրավել է» նաև Արցախի ինքնավար մարզին հարող յոթ շրջանները, որոնք իրականում նույնպես պատմական հայկական տարածքներ են ու եղել են Մեծ Հայքի Սյունիք (Քաշաթաղի շրջանը), Արցախ (Քարվաճառի շրջանը) և Ուտիք (Ակնայի ու Ջրականի շրջաններ) նահանգների մի մասը, սակայն միտումնավոր դուրս են թողնվել Արցախի Ինքնավար մարզի արհեստականորեն գծված սահմաններից:
     Արցախի ժողովրդի գլխավոր հաղթաթուղթը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է և ուժի չկիրառման սկզբունքը:
     Սկսած 1994թ-ի զինադադարից բանակցություններ են ընթանում Արցախի խնդրի իրավական լուծում գտնելու համար, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում չի պատրաստվում որևէ զիջում կատարել և պատրաստ է առաջին հնարավորության դեպքում գրավել ամբողջ Արցախը: Հետևաբար հայկական կողմին մնում է միայն մեկ ելք՝ բնակեցնելուն զուգահեռ տնտեսապես ու ռազմականապես հզորացնել Արցախը:
    
     Արցախյան հակամարտության լուծմանը մեր մոտեցումը հետևյալն է.
    
     - Մենք կարևորում ենք Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ,
     - Դեմ ենք ցանկացած տարածքային զիջուման, քանզի տարածքային որևէ զիջումը մեծացնելու է Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկարությունը՝ ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծելու մեզ համար դրա պահպանության ու պաշտպանության հետ կապված՝ մարդկային ռեսուրսի սակավության պատճառով:
    
     - Արցախի դե յուրե Հայաստանից առանձին պետություն ներկայանալու հանգամանքը դիտարկել որպես միջազգային հարթակներում օգտագործվող դիվանագիտական հնարք միայն:
    
     - Արցախցին, դե ֆակտո պիտի ընկալել որպես ՀՀ 11-րդ մարզ:
    
     - Հարկավոր է նաև վերանայել Արցախի վարչատարածքային բաժանումը դե ֆակտո:
     - Առաջարկում ենք հետագայում Քարվաճառի շրջանը վերամիավորել Գեղարքունիքի մարզին, Քաշաթաղի շրջանը՝ Սյունիքի մարզին:
    
     - Հարկավոր է բանակցային գործընթացը հնարավորինս դանդաղեցնել, ձգձգել՝ բանակցության ընթացքի մեջ երկրորդական, ոչ այնքան կարևոր խնդիրների շուրջ անհամաձայնություններ ստեղծելով և պահպանել ստատուս քվոն:
    
     - Դրան զուգահեռ հարկավոր է լրջագույնս զբաղվել Արցախի՝ Ադրբեջանի հետ սահմանային շրջանների բնակեցման խնդրով: Արցախի բնակչության թվի աճին ու տնտեսության զարգացմանը զուգահեռ բանակցային սեղանի շուրջ ավելի է մեծանալու ժողովուրդների ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների նշանակությունն ի հակակշիռ տարածքային ամբողջականության սկզբունքի:
    
     -Հանդես գալով որպես խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակից, հայկական կողմը պետք է բանակցային գործընթացն օգտագործի որպես Ադրբեջանին սաստող միջոց՝ ուժի չկիրառման համար, սակայն միաժամանակ հարկավոր է շարունակել զինել բանակն ու հզորացնել տնտեսությունը:
    
     Այս բոլոր քայլերի իրագործման արդյունքում, տարիներ անց ունենալու ենք ավելի ուժեղ ու մեծաքանակ բնակչություն ունեցող Արցախ, ունենալու ենք մի նոր սերունդ, ում համար անընդունելի ու անհասկանալի է տարածքային որևէ զիջում: Իսկ Ադրբեջանում մեծանալու է մի սերունդ, ով որևէ ցանկություն չի ունենալու կռվել մի հողակտորի համար, որը երբեք սեփական աչքերով չի տեսել, որտեղ երբեք չի ապրել և որի հետ կապված չունի որևէ պատմական հիշողություն և արյան կանչ:
    
     30.10.2018թ ՄՀԱ քաղաքական միավորում
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4760 | 0 | 0
Facebook