Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Абгар Айрапетян. «Армянский вопрос и международно-правовая ответственность»/ Աբգար Հայրապետյանի երկու գրքերը

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
20:23, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
Абгар Айрапетян. «Армянский вопрос и международно-правовая ответственность»/ Աբգար Հայրապետյանի երկու գրքերը

Մանրամասը այստեղ

Աբգար Հայրապետյանի «Հայկական հարցը և միջազգային իրավական պատասխանատվություն» գիրքը (Մոսկվայի «Գվարգա» հրատարակչություն, 2018թ.)

Ծանոթությունը Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Աբգար Հայրապետյանի հետ ի ընթացս ստացվեց, երբ մի քանի օրով Հայաստանում էի: Այդ համեստ մարդու հետ մեր զրույցը հիմնականում ծավալվեց համայնքային ու հայապահպանության հարցերի շուրջ: Բաժանվեցինք ծրագրեր վերակոչելու երկուստեք ակնկալիքով` կրկին հանդիպելու հստակ պայմանով: Հաջորդ օրը տեղեկացա, որ սրտի տագնապ է ունեցել և Ինձ ծանոթ ընթացակարգով հիվանդանոցում ստենտավորել են սիրտը: Շտապում եմ նրա մոտ, գոտեպնդելու, զորակցությունս հայտնելու: Սակայն ինքն է Ինձ ոգևորում` պատմելով իր նոր մտահաղացումների ու կյանքի կոչող ծրագրերի մասին:

-Գիտե՞ս, մտքովս անցնում էր, որ գալու ես, սպասում էի ու չսխալվեցի, -ուրախ ու զվարթ ասում է նա: Քեզ եմ նվիրելու իմ հեղինակած ու նոր լույս տեսած երկու գրքերը:

Տիկին Տաթևիկը, որ ամուսնու կողքին էր անմահացնում է այդ պահը:


    

Գրքերը այս տարի` 2018թ. լույս է ընծայել Մոսկվայի «Գվարգա» հրատարակչությունը:

Սպասում էի, որ «Ակադեմիկոսների գիտության և մշակույթի զարգացմանը նպաստող ասոսացիայի» պրեզիդենտի, «Եվրասիական ներդրումային միություն» տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող փորձագետների միության խորհրդի նախագահի նվիրած գրքերը զուտ նեղ մասնագիտական բնույթի են լինելու, քանզի այդպիսի բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ է: Սխալվեցի: Գրքերը շոշափում են ներկա ժամանակի զարկերակը և ստեղծվել են գիտնականի հոգու, քաղաքացիական ու հասարակական գիտակցության թելադրանքի մղումով: Սիրով, հեղինակի մակագրությամբ ընդունում եմ երկու գրքերը, որոնք էլ առիթ դարձան այս պատմությամբ կիսվելու «Նիդերլանդական օրագրի» ընթերցողների հետ:

450 էջանոց «Հայկական հարցը և միջազգային իրավական պատասխանատվություն» վերնագրով գիրքը բավական արդիական է և լուրջ հետազոտություն է` վերլուծություն թուրքիայի կատարած ոճրագործությունների, որին դեռ անհրաժեշտ գնահատականն է տրվելու: Գիրքը աչքի է ընկնում ռուսալեզու ընթերցողին մատուցելու յուրահատուկ ձևով: հինգ բաժիններ և 16 գլուխ ունեցող գիրքում բարձրացվում է հայ ժողովրդի ողբերգության թեման, կենտրոնական տեղ է գրավում Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ու տեղահանության ողբերգական դեպքերը: Գրքում բերված փաստերն ու լուսանկարները, հնագույն քարտեզները մանրամասնորեն ներկայացնում են Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների պատմությունը` մինչև ցեղասպանության սկիզբը ու դրանից հետո այն քայլերը, որ պետք է կատարի մեր ժողովուրդն ու միջազգային հանրությունը: Գրքի խորհրդատու-խմբագիրներն են աշխարհում ճանաչված այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են ժողովուրդների հոգևոր միասնության ակադեմիայի պրեզիդենտ, պատմական գիտությունների դոկտոր Գեորգի Տրապեզնիկովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս Միխայիլ Լեմեշևը, գրող, կինոդրամատուրգ Կիմ Բագշին: Գրքի առաջաբանը գրել է հայտնի քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային ժողովի (պետական դումա) պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, ԱՊՀ հարցերի եւ հայրենակցությունների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Գիրքը պատրաստվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, այլ երկրների արխիվների, ինչպես նաև ականատեսների մասնավոր հավաքածոների նյութերի հիման վրա: Գրքում օգտագործված գրականության ցանկը զբաղեցնում է 12 էջ:

Աբգար Հայրապետյանը գտնում է, որ միջազգային իրավական ասպարեզում այսօր հայ ժողովուրդը պարտավոր է ակտիվացնել Հայկական հարցի ջանքերը: Անհրաժեշտ հետևությունների հանգել պատմական դասերից` թույլ չտալու անմարդկային գազանությունների կրկնությունները, միջազգային հանրության առջև հարց բարձրացնել` խնդիր դնելու այս հանցագործության և նրա հետևանքների իսպառ վերացմանը:

Աբգար Հայրապետյանը (աջից) հայտնի բարերար, երջանկահիշատակ Լևոն Նայրապետյանի հետ (2015թ. Մոսկվա)

Աբգար Հայրապետյանի ինձ նվիրած մյուս գիրքը` փափուկ կազմով լույս տեսած «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում և նոր հույսեր» վերնագրով է: Այս գիրքը, որն իրականում նոր Հայաստանի հեղափոխության ժամանակագրությունն է, ևս համահունչ է ժամանակին և արտացոլում է նոր Հայաստանի ներկա իրավիճակը: Գրքի առաջաբանում ասվում է. «Հեղափոխությունը Հայաստանում` առանց չափազանցության ցնցեց ու զարմացրեց աշխարհին, նախ իշխանության կայծակնային փոփոխությամբ, հետո նրանով, որ անարյուն էր»:

Գրքույկը խմբագրել է տեխնիկական գիտությունների դոկտոր Գ.Ա. Ամիրյանցը:

Հավելենք, որ Էդգար Հայրապետյանը Ռուսաստանի նախագահի «Վստահություն» ակումբի համակարգող խորհրդի անդամ է, ակտիվորեն ներգրաված է Ռուսաստանի հայ համայնքի հասարակական և քաղաքական գործունեության մեջ:

Ժամանակի զարկերակով քայլող մեր մոսկվաբնակ հայրենակցին, որ իր աշխատանքից զատ հասցնում է բազմաթիվ գիտական գրքերի շարքում ճշգրիտ վերահսկել ժամանակն ու նոր իրադրությունը ու թարմություն ներարկել ներկա քաղաքական կյանքին, ցանկանում ենք շուտափույթ ապաքինում և ստեղծագործական անսպառ ընթացք` իր հայանպաստ գործունեության մեջ, նաև բազմաթիվ ու հայությանն անհրաժեշտ նոր արժեքավոր գրքերի արարում:

Ցանկալի կլիներ, որ համապատասխան շահագրգիռ կազմակերպությունները այս երկու գրքերին անհրաժեշտ ու համապատասխան ուշադրություն դարձնեին, ասենք այն թարգմանեին հայերեն և այլ լեզուներով, կամ գրքերն ավելի մեծ տպաքանակով լույս ընծայեին:

Այնուհանդերձ ընթերցողն իր սեղանին ունի Աբգար Հայրապետյանի նոր գրքերը:

Hay Azian

Աբգար Հայրապետյանի «Թավշյա հեղափոխությունը Հայաստանում և նոր հույսեր» գիրքույկը (Մոսկվայի «Գվարգա» հրատարակչություն, 2018թ.)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
756 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ