Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԻՐՔ ՈԳՈՐՈՒՄԻ

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
07:24, շաբաթ, 03 նոյեմբերի, 2018 թ.
ԳԻՐՔ ՈԳՈՐՈՒՄԻ

Նիկոլ Փաշինյանը վեպ է գրել՝ «Երկրի հակառակ կողմը» ։ Ինքն իր գործն արել է, իմն էլ ընթերցելն էր։ Զգացի՝ կարդալը քիչ է, որոշեցի կարծիք հայտնել։ Ափսոս, նրա վարչապետության օրոք է գործն ամբողջական արևերես ելել, ինչը փոքր ինչ կաշկանդում է։ Եթե ժամանակին «Հայկական ժամանակ» -ում հատվածաբար կարդացած լինեի, գուցե վերբերմունքն այլ լիներ, բայց պիտի փորձեմ․ նա ծանր բեռն ուսել, ավարտին հասցրել է, ինչու՞ չգնահատեմ՝ թեկուզև այս պահին գլխավոր դեմքն է երկրի։

Տարողունակ գրվածք է, հայկականության շրջանակը ճեղքած գրական պատում։ Ոգորումի գիրք։ Եվ հորինովի չէ։ Եթե հորինվածք կա էլ, այնքան բնական է, ապրումներին ձույլ, որ հավատում ես՝ իրոք եղել է պատկերած վայրերում՝ Ֆրանսիա, Շոտլանդիա, Կուբա, Ճապոնիա, Ռուսաստան․․․

Իրադարձությունները Հայաստանը հարկադիր լքած անձի շուրջ են, առանցքը մարդն է օտարության մեջ՝ հայրենիքը սրտում, քաղաքական անցքերի պատասխանատվության ու ընտանիքի կարոտի բեռով, կիսատ թողածն ավարտին հասցնելու վճռականությամբ, ներքին կռիվներով, հարցերի տարափով և պատասխանների փնտրտուքով, գայթակղություններին չտրվողի կամքով, օրինակելին յուրացնելու ձգտմամբ, շփումներից չխուսափող, հուզալի, հումորալի, հուշախեղդ, մտքազատ, մարդամոտ, պարզսիրտ, պարզկենցաղ, անկաղապար․․․

Խռովքի պահին կարող է կոշտել, բշտել, բայց և սքանչանալ գեղեցկություն տեսնելիս՝ լինի Լուվրում, նավում, օդանավում, գնացքում, լինի կին, արվեստի գործ, պար, ցորենարտի, ջրերի, երկնքի անսահմանություն, դիպված, դրվագ ու դրվածք։ Գնահատանքի, արժևորման չափանիշներն ու չափորոշիչները երևույթների, անցքերի, ընդհանրապես՝ մարդու, մասնավորապես՝ պետության, կառավարիչների, հեղափոխությունների ու այն ի կատար ածողների, կայուն են, ըստ այդմ նժարելիս՝ հանրային նշանակալից դեմք է, մանկության, թե ճամփընկեր, մոտեցումը նույնն է՝ աներկմիտ, թիրախային ու թիրախին։

Գրքում կան հստակ պատասխաններ այսօր բարձրաձայնվող հարցերի, հասցեին հնչող մեղադրանքների․

Եվրոպայի մասին՝ «Միջազգային քաղաքականության սկզբունքները, որոնք հռչակվում և արտասանվում են այն մարդկանց կողմից, ում Մարկոն անվանում է եվրոպիդռներ և *** գրինգոներ, իրականում ծխածածկույթի դեր ունեն և կոչված են քողարկելու իրական խաղը։ Իսկ այս խաղերում հաղթելու համար ժողովուրդները ընդամենը պետք է լավ խաղան, հասկանան խաղի իմաստն ու բովանդակությունը» ։

Արևմուտքի վտանգներից մեկի՝ «Զզվում եմ բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհից, որովհետև այն *****ուհու նման գայթակղում է մեզ և մեզ խլում մեր թշվառ, մեր անտեր հայրենիքից» ։

Ռուսի բերանով Ռուսիայի՝ «Ռուսաստանում ժամանակ գոյություն չունի․ միջնադար, 21-րդ դար՝ դրանք սիքտիրչի բաներ են։ Ռուսաստանը միշտ էլ նույնն է՝ անկախ նրանից, թե որերորդ դարն է․․․ և նրա փլուզման, ոչնչացման մասին բոլոր կանխատեսումները ձախողվում են․ որովհետև այդ կանխատեսումների իրականացման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը չի ազդում Ռռւսաստանի վրա․․․ Ազատությունն ու ժողովրդավարությունը Ռուսաստանի համար մահացու վտանգի նման են, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ վարակը ծավալվի մեր սահմանների մոտակայքում։ Աշխարհում ինչքան շատ լինեն բռնակալներր, այդքան այդ աշխարհն անվտանգ կլինի Ռուսաստանի համար» ։

Ազատագրված տարածքների՝ «Երեխաներս վազվզում են ավերակների արանքում, ես ու կինս մի բլրի կանգնած՝ նայում ենք դեպի արևելք։ Սա անսովոր զգացողություն է․ կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, ու այդ տեղից երևում է անսահմանը․․․ Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է՝ մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ այդ դաշտերը մենք պատրաստ ենք վերադարձնել՝ հանուն խաղաղության» ։

Միասեռականների՝ «Անկեղծ ասած, միշտ զարմացել եմ գեյերի ու լեյսբուհիների ամուսնանալու ձգտման վրա։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են նրանք այդքան ձգտում, որ օրենքով իրենց ամուսնանալու հնարավորություն տրվի։ Ապա և փորձում են այս իրավունքի ճանաչմանը հասնել եկեղեցու կողմից։ Տոկիոյում, միայն Տոկիոյում հասկացա, որ այսպիսով նրանք ուզում են երկրագնդի վրա ունենալ մեղքից զերծ իրենց տարածքը, ունենալ մի փոքրիկ ամուսնական մահիճ, որտեղ ինչ էլ անելու լինեն՝ արածը մեղք չհամարվի» ։

Մշակույթի՝ «Չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն համաշխարհային մշակույթի մաս չէ, չի կարող լինել ազգային մշակույթ, եթե այն չի պահպանում ու պաշտպանում իր ինքնությունը։ Բայց պաշտպանվել, չի նշանակում նկուղում փակվել, ուրիշից գողանալ և այն համարել իրենը։ Պաշտպանվել, նշանակում է ստեղծել, պաշտպանվել, նշանակում է արարել, պաշտպանվել, նշանակում է զարմանալ և զարմացնել, պայքարել, նշանակում է պայքարի մեջ մտնել և հղկվել, մշակվել, ամրանալ պայքարում» ։

Չշարունակեմ։ Գիտի կաթիլի դերը օվկիանոսում, ավազահատիկինը՝ անապատում, ձայնինը՝ ընտրություններում, առաջնորդինը՝ ամբոխից ազատ քաղաքացի կերտելու ճանապարհին։ Չթվա՝ սոսկ քաղաքականության մասին քաղաքական գործ է։ Գողտրիկ պատմություններ կան՝ փունջ-փունջ անմոռուկներ մանկությունից, խոսուն էսքիզներ, ցայտուն կերպարներ՝ ֆրաու Էլիզաբեթի, Սարկոզիի տիկնոջ ընկերուհու՝ Իզաբելի, Սեսիլի, Կիկուձի-սանի և Յուկիկո-սանի, Ձի մականվամբ ընկերոջ, հայի երես չտեսնելու համար Ճապոնիա հասած Վարդանի, որի «McDonalds» -ում պատվերն ու գործից ուշանալու բացատրությունը կորեացի շեֆին՝ գլուխկոտրուկի գլուխգործոց են։ Ոչ պակաս հետաքրքիր է երկու հայի երկխոսությունը․

«-Հետո ախպեր, -դեռ չնստած հարցնում է Վարդանը։

-Ի՞նչը հետո, -հարցնում եմ ես։

-Ի՞նչ կա՜, ի՞նչ չկա՜, -ալարկոտ հարցնում է նա։

-Դե, սենց, էլի, -ասում եմ։

-Ո՞նց ես էս ջհանդամը հասել, ախպեր։ Գիտես, չէ՞, որ էսի աշխարհի վերջն ա, - նկատտւմ է Վարդանը։

-Ո՞նց, -հարցնում եմ ես։

-Ապե, օրը ստեղ սկսում ա, ստեղ պրծնում։ Ջոկում ես՝ ասենք էսօր ամսի 21-ն ա, ամսի 25-ը առաջինը ստեղ ա սկսում, ստեղ էլ պրծնում։ Վոբշըմ, սենց խառը խշտիկ մոմենտներ կան, էլի՛» ։

Միայն դիմացինը չէ հեգնանքի առարկա․

«Առաջին անգամ էի հաց ուտելուց առաջ շամպայն խմում․ չէ՞ որ մեզ մոտ ընդունված է, որ շամպայնը պետք է խմել մինչև պայթելը ուտելուց, սեղանի շուրջ օղի, ապա գարեջուր խմելուց հետո միայն։ Պարզվում է, սակայն, շամպայնը կարող է խթանել ախորժակը, իսկ ես գիտեի, թե այն միայն հետ տալու գործը խթանելու, այսինքն՝ հեշտացնելու համար է։ Ճիշտն ասած, ճաշից առաջ շամպայն խմելու առաջարկն ինձ մի տեսակ վայրենի թվաց, բայց դե ասված է՝ որ գյուղը գնաս, այդ գյուղի շապիկը հագիր, իսկ մենք հիմա Փարիզ կոչվող գյուղում ենք» ։

Քանի որ ուտել-խմելուն բանը հասավ, նշեմ՝ գրքի գլխավոր անձը ոչ միայն սիրում է ուտել, հատկապես՝ խորոված, խաշ, տատի եփած բրնձապուր, նողկում է սև խավիարից, որովհետև ցոփության խորհրդանիշ է, այլև կերակուր պատրաստել գիտի, «դնգել» ևս կարողանում է՝ ախորժելով հայկական կոնյակ, նաև վիսկի, օղի, գարեջուր, սակայն չափն անցնելիս, ինչը հաճախ է լինում, վերջում վազում է զուգարանակոնքը «գրկելու» ։ Վիճակի բերումով նյարդային է, անկանխատեսելի, և հետը գործ ունեցողը «պետք է պատրաստ լինի ցանկացած անակնկալի՝ ամենացանկալիից մինչև ամենաանցանկալին» ։ Մի կերպ է զսպում իրեն՝ չապտակելու գնացքի ուղեկցին՝ գերմանացի Էրվինին, որը Հայաստանի մասին խիստ է արտահայտվում, ֆրանսիացի Քվենտինին, որը չի օգնում Կուբա մուտքի վիզայի հարցում, ռուս Պավելին, որը ընտրակեղծիքների մասնագետ է, բայցև բաժակ զարկել ու ողջագուրվել կարող է մեխանիկ Սերգեյի, Օբ գետի վրա ձուկ բռնող մուժիկների հետ, թիֆլիսցի մատուցողուհուն «ցավդ տանեմ, Կատո» գրությամբ ծաղկեփունջ ճամփել, այցել Վան Գոգի շիրմին, որպեսզի ի նշան սիրո, արևածաղկի սերմեր պահ տա մերձակա հողին, սգալ շվեյցարուհի Կետրինի մահը, հուզվել ղըրղըզ Դանիյարի պատմությունից, տրտմել ռուս-վրացական բախումից Թիֆլիսին համակած ցավից, իսկ Քռի ափին քեֆելիս անել վճռորոշ Քայլը դեպի Տուն հայրենի, որովհետև «հասկանում ես, որ քո բնակարանը բանտ են փորձում դարձնել քեզ ու քո երեխաների համար», որովհետև «հասկանում ես, որ զրկանքի մեջ է հաղթանակը, տագնապի մեջ է խաղաղությունը, կորուստների մեջ է ձեռքբերումը, խոշտանգման մեջ է ուժը, նվաստացման մեջ է արժանապատվությունը» ։

Եվ պայքարի մեջ է հաղթանակը, որի առաջամարտիկը «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակ Նիլոլ Փաշինյանն է, նեցուկը, գրավականն ու կերտողը՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին։

Հետգիր - Ասում են՝ մարդուն ճանաչելու համար հետը մի փութ աղ պիտի ուտել։ Այլ եղանակներ էլ կան, որոնցից մեկը գիտեմ․ կարդալ նրա գիրքը /եթե ունի/։ Թե կեղծի ու թե անկեղծի դեպքում կճանաչես հեղինակին, նրա էությունը։ Ով էլ լինի՛։ Այն էլ ինչպե՜ս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9897 | 0 | 0
Facebook